Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող՝ իրեն ամրակցված ինքնաձիգից։
Վ.Վիրաբյանը դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է։ Կասկածյալը ձերբակալվել է։
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին