Այսօր կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել հրաժարականի իր դիմումը: Լուրն ԱԺ-ում ծափերով ընդունվեց:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի ուշադրությունը հրավիրեց Վարդենիսի կարտոֆիլագործների խնդրի վրա. «Հինգշաբթի օրը նրանք փակել էին Վարդենիս-Երեւան մայրուղին, պատճառն այն է, որ նրանք պնդում են, որ ՊՆ-ի մատակարարները գերշահույթներ են ստանում: Իրենցից կարտոֆիլը գնում են ցածր գներով՝ 40-45 դրամով: Ես այսօր ճշտել եմ, իրոք կարտոֆիլը հանձնվում է ՊՆ-ին կիլոգրամի համար 80-104 դրամով: Կարծում եմ, այստեղ շատ լուրջ խնդիր կա: ԱԺ-ն պետք է խորհրդակցությունների շարք սկսի ՊՆ-ի հետ, որովհետեւ գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ դժգոհեց՝ «Ի՞նչն է պատճառը, որ հրատապ կարգով են քննարկում Ընտրական օրենսգիրքը՝ 24-ժամյա ռեժիմով, կարծես 10 օրից ընտրություններ են»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ սա իրենց օրակարգը չի, որ հանի. «Անընդհատ հուշում են, որ դա պետք է շուտափույթ կերպով արվի, եւ կառավարությունը դրել է իր օրակարգում: Կփորձենք կառավարության հետ խոսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ