Հայցի ապահովման միջոցի անհարկի կիրառումը կարող է որոշակի անձի համար առաջացնել ծանրագույն իրավական հետեւանքներ ու հանգեցնել ընդհուպ սնանկության: Ինչպես է այն կարգավորվում:
Հայաստանի Հանրապետության գործող վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը վերաբերում է հայցի ապահովման հիմքերին եւ կրում համանուն վերտառությունը: Հայցի ապահովումն իրենից ներկայացնում է իրավական երաշխիք ապագայում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելու եւ իր իրավունքների ու օրինական շահերի դատական պաշտպանության դիմած անձի էական վնաս հասցնելը կանխելու համար: Հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքը, օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասին, հանդիսանում է դատավարության մասնակցի պատճառաբանված միջնորդությունը, որը կարող է ներկայացվել դատավարության ցանկացած փուլում, եթե նման միջոցներ չձեռնարկելը հետագայում կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:
Այսինքն` հայցի ապահովման միջոց դատարանն իր նախաձեռնությամբ չի կարող կիրառել: Այստեղ հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասում խոսք է գնում դատավարության մասնակցի միջնորդության մասին այն դեպքում, երբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես հայցվոր կողմը, քանի որ հենց ինքն է շահագրգռված հետագայում ընդունվելիք դատական ակտը կատարելու մեջ:
Կարդացեք նաև
Հայցի ապահովման տակ կարելի է նաեւ հասկանալ որոշակի հարկադրանքի միջոցներ, որոնք կիրառվում են դատարանի կողմից հայցվորի միջնորդությամբ եւ կայանում պատասխանողի կամ այլ անձի` վեճի առարկա գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման մեջ: Այս համատեքստում հայցի ապահովման միջոցի անհարկի կիրառումը կարող է որոշակի անձի համար առաջացնել ծանրագույն իրավական հետեւանքներ ու հանգեցնել ընդհուպ սնանկության: Այդ իսկ պատճառով միջնորդություն ներկայացնող դատավարության մասնակիցը եւ դատարանը, մինչեւ հայցի ապահովում կիրառելը, պետք է «ծանրութեթեւ» անեն, որպեսզի հայցի ապահովման միջոցի կիրառումը չհանգեցնի լրացուցիչ բացասական հետեւանքների, ուղղված լինի բացառապես դատական ակտի հետագա կատարումն ապահովելուն եւ համաչափ լինի հայցապահանջներին:
Ուսումնասիրելով օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասը` կարելի է եզրահանգել, որ վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցների կիրառումը հնարավոր է միայն պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում: Իհարկե, վիճարկման հայցի դեպքում օրենսդրի կողմից հայցի ապահովում կիրառելը չնախատեսելը միանգամայն ընկալելի է, քանի որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտի կատարում չի էլ ենթադրվում. միջամտող վարչական ակտի դատական կարգով վերացման դեպքում ինքնին վերականգնվում է մինչեւ վարչական ակտի ընդունումն առկա իրավական վիճակը:
Տվյալ պարագայում առնվազն մեզ համար անհասկանալի է այն իրողությունը, թե հատկապես ճանաչման հայցի դեպքում ինչպե՞ս պետք է ապահովվի դատական ակտի կատարումը, եթե այդպիսի դատական ակտը նույնպես չի ենթադրում որեւէ կատարում: Մասնավորապես` օրենսգրքի 69-րդ հոդվածի շրջանակներում ներկայացված հայցատեսակն ուղղված է որոշակի իրավական վիճակի ճանաչմանը, իսկ այդ դեպքում դատական ակտի կատարումը չի կարող անհնարին դառնալ կամ դժվարանալ:
Վարչական դատավարության 91-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են` պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը: Մինչդեռ, նույն ՎԴՕ-ն, ի տարբերություն ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի, չի սահմանում «հայցագին» հասկացությունը, որպիսի պարագայում անհնար է որոշել արգելանքի չափը եւ դրա հետեւանքով կիրառել տվյալ հայցի ապահովման միջոցը: Դեռ ավելին, եթե հիմք ընդունենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ «1. Հայցագինը որոշվում է`
1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից.
2) գույքը պահանջելու հայցերով` գույքի շուկայական գնից:
Հայցագնի մեջ մտնում են նաեւ հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները», ապա կարելի է եզրահանգել, որ ՎԴՕ 66-69-րդ հոդվածների ուժով ֆիզիկական ու իրավաբանական անձինք իրավասու չեն ներկայացնել ընդդեմ վարչական մարմինների ո՛չ դրամական միջոցներ բռնագանձելու, ո՛չ էլ գույքը պահանջելու հայցեր: Իսկ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ հայց օրենսգրքի 29.1-ին գլխով նախատեսված հատուկ վարույթի կանոններով իրավասու են ներկայացնել միայն համապատասխան վարչական մարմինները: Իհարկե, կարելի է ասել, որ դրամական միջոցներ բռնագանձելու կամ գույքը պահանջելու հայցերը ներառվում կամ կլանվում են 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցատեսակի շրջանակներում, սակայն այս դեպքում իմաստազուրկ է դառնում գործով պատասխանող վարչական մարմնին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը, քանի որ խոսք չի կարող գնալ դատական ակտի կատարման անհնարինության կամ դժվար լինելու մասին. պատասխանող վարչական մարմինը չի տիրապետում սեփական միջոցների կամ գույքի, քանի որ դրանք Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականությունն են:
Սույն հոդվածի համատեքստում չենք կարող չհիշատակել նաեւ նշյալ օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասի իրավադրույթը, ըստ որի՝ «5. Հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում վարչական մարմինը կարող է ներկայացնել պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա է դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ: Դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության դեպքում վարչական դատարանն իրավասու է արգելանք դնելու հայցվորի գույքի վրա` դրամական պարտավորության չափով»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով թիվ ՎԴ/12996/05/13 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 23.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վճռաբեկ բողոքը, 08.10.2014 թվականի որոշմամբ անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասին եւ արձանագրել հետեւյալը. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտապանի (հայցվորի) գույքի նկատմամբ արգելանքի կիրառումն իրենից ներկայացնում է ինքնուրույն վարչադատավարական ինստիտուտ, որը կարող է կենսագործվել միայն օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայության դեպքում:
Մասնավորապես` դատարանը պետք է կիրառի գործով հայցվորի գույքի վրա արգելանք դնելու իր լիազորությունը հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1. վարչական գործը հարուցվել է վիճարկման հայցի հիման վրա,
2. վարչական գործով հայցվորը վիճարկում է այնպիսի վարչական ակտ, որի հիման վրա իր վրա դրված է իր համար կամ իր կողմից թույլ տրված խախտումների համար կամ մեկ այլ անձի փոխարեն ՀՀ պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պարտականություն,
3. պատասխանող վարչական մարմինը հայցվորի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան,
4. դատարանի գնահատմամբ առկա է հայցվորի կողմից իր դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ»:
Նախ` գտնում ենք, որ հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում վարչական մարմնի կողմից ներկայացված պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, չնայած ընդգրկված է «Հայցի ապահովման հիմքերը» վերտառությամբ 91-րդ հոդվածում, սակայն իր բնույթով որեւէ կապ չունի հայցի ապահովման դատավարական ինստիտուտի հետ, ինչի մասին վկայում են նույն հոդվածի 1-4-րդ մասերը: Մասնավորապես` միայն պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, որպիսի նախադրյալները օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դատավարական իրավահարաբերություններում բացակայում են: Ստացվում է, որ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ հայց 29.1-ին գլխով նախատեսված հատուկ վարույթի կանոններով ներկայացնելիս` հայցվոր վարչական մարմինն իրավասու չէ ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն, ինչն անընդունելի է: Սակայն համապատասխան վիճարկման հայցի դեպքում արդեն որպես պատասխանող հանդես գալիս` վարչական մարմինը կարող է ներկայացնել պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Հետեւապես, 91-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված, հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում հայցվոր պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելն իրենից ներկայացնում է առանձին դատավարական ինստիտուտ, որն էապես տարբերվում է հայցի ապահովման ինստիտուտից։ Մասնավորապես` ի տարբերություն հայցի ապահովման, սույն ինստիտուտը նպատակ է հետապնդում վարչական դատարանի կողմից ապագայում վիճարկման հայցը մերժելու վերաբերյալ վճռի կայացման դեպքում բացառել հանրային իրավական դրամական պահանջի կատարման անհնարինությունը, այն չունի դատական ակտի կատարումն ապահովելու նպատակ, ինչպես հայցի ապահովումը։ Տվյալ պարագայում օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով ներկայացված միջնորդության քննության արդյունքում կայացվող որոշումը, ի տարբերություն հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումների, օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:
Բացի այդ, պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ պատասխանող վարչական մարմինը պարտավոր է հիմնավորվել հայցվորի կողմից հետագայում համապատասխան դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայությունը, ինչը գործնականում շատ բարդ է:
ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ վարչական դատարանի դատավոր,
Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ավագ դասախոս,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
«Առավոտ»
15.10.2016