Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվի Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակի առաքումը:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը հաստատել է այս տեղեկությունները՝ նշելով. «Կա նմանատիպ ինֆորմացիա: Այս պահին, քանի դեռ այդ գործարքը չի իրագործվել, ես չեմ ասի, թե ինչ զինատեսակներ են Հայաստանին տրամադրվելու: Բայց հանգամանքը, որ այդ պայմանավորվածությունները կան ու, կարծում եմ, կարճ ժամկետում կիրագործվեն` մենք կտեսնենք»:
Փորձագետը չմասնավորեցրեց, թե ինչ սպառազինությունների մասին է խոսքը, սակայն Aravot.am-ին հայտնի դարձավ, որ խմբաքանակում նախատեսված են ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական զինատեսակներ: Մասնավորապես, նախատեսվում է, որ Հայաստան կառաքվեն ծանր հրանետային ТОС-1А «Солнцепёк» համակարգեր (լուսանկարում), ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի, զրահամեքենաների պաշտպանական համակարգեր:
Մեր ունեցած տեղեկություններով մատակարարումները կսկսվեն արդեն ընթացիկ ամսվա վերջին:
Կարդացեք նաև
Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ