Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո կազմակերպությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որում աջակցություն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններին: Հայտարարությունը տեղադրված է ՀԱՊԿ կայքում:
«Մեր աջակցությունն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրացման չթույլատրմանը, իրադրության կայունացմանը և խաղաղության գործընթացի առաջընթացի համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը՝ մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի (ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ), պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
…պետությունների տարածքային ամբողջականության …