Գրականագետ Անի Փաշայանը՝ Ժաննա Ղոչիկյանի
«Պատից այս կողմ» բանաստեղծական ժողովածուի մասին
Հազվադեպ է պատահում, երբ գիրքը դեռ չհայտնված գրախանութներում, տարաբնույթ խոսակցությունների առարկա է դառնում թե՛ մասնագետների եւ թե՛ ընթերցողների շրջանում։ Խոսքը Ժաննա Ղոչիկյանի առաջին բանաստեղծությունների՝ «Պատից այս կողմ» ժողովածուի մասին է։ Շրջանառվող խոսակցությունների հիմնական թեման հետեւյալն է. գրքի հեղինակը՝ հայկական հեռուստատեսության բազմափորձ լրագրողը, որը շուրջ 15 տարի «անհետացել» է էկրանից, եւ հիմա էլ հավանաբար «ամփոփվելով» ինքն իր մեջ, որոշել է երբեմնի հանրային մարդու սեփական մտորումները հանրայնացնել բանաստեղծությունների միջոցով։
«Առավոտը» նոր գրքի առիթով հարցազրույցի հրավիրեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանին, որն այդ գրքի առաջաբանի հեղինակն է։
«Գրքում հավաքված են Ժաննայի անկեղծությամբ ու հուզականությամբ 1960-2010թթ. գրված բանաստեղծությունները։ Իսկապես՝ տիկին Ղոչիկյանը փակվելով սեփական խցում՝ հնարավորություն է ունեցել ուսումնասիրել նախ՝ իրեն, հետո՝ մարդկանց, անցնել կյանքի հողմակոծ աշխարհը»,- նշեց գրականագետը, հետո էլ հավելեց,- թվում է՝ հեշտ է գրել առաջին դեմքով, պատմել սիրո, ցավի, մտորումների ու ցանկությունների մասին, անել եզրահանգումներ, որոնք բխում են ապրած օրերից։ Պետք է ասեմ, որ դա բարդ աշխատանք է՝ արվեստի կանոններով եւ էպիկական վրձնումներով բանաձեւել հոգու մանրակերտերը, հուզական ողջ ներուժը, որ այն համոզիչ եւ տոկուն լինի, միեւնույն ժամանակ նոր ասելիք ունենա։ Հեշտ չեն պոկվել, անջատվել բանաստեղծի հոգուց, այլ՝ կաթիլ-կաթիլ ափսոսանքներից ու չստացված օրերի պատառիկներից»։
Հետաքրքրությանը, թե՝ ինչո՞ւ մինչ այսօր հեղինակը չի հրատարակել եւ ոչ մի գիրք, մանավանդ որ ստեղծագործում է 1960-ականներից, Անի Փաշայանը ասաց. «Ժաննա Ղոչիկյան անունը երբեք չի շրջանառվել որպես բանաստեղծ, այո՛, նա անընդմեջ՝ առանց կանգ առնելու գրել է՝ սկսած 60-ականներից։ Այսօր նա առաջին անգամ ընթերցողի սեղանին է դնում ինքնամաքրման ճանապարհ անցած շատ գործեր, որոնք աչքի են ընկնում անկեղծության մեծ չափաբաժնով։ Եթե ճիշտ հասկացա ենթատեքստ պարունակող ձեր հարցը, ապա կպատասխանեմ այսպես՝ Ժաննա Ղոչիկյանը գրքի տարածքից է, ճանաչված ու լրագրողական դաշտում տասնամյակներ շարունակ իր խոսքը հնչեցրած պրոֆեսիոնալ մասնագետ։ Իսկ եթե մեկ բառով փորձեմ ամփոփել ժողովածուի ասելիքը, ապա այն հետեւյալն է՝ ազատագրում… Ազատագրում՝ ծանր թնջուկից՝ հոգեւոր բեռից, որ ցավեցնելու աստիճան տանջել է տիկնոջը։ Որ տեղ մնա հույսին, սիրո ներկայությանը»։
Հարցին, թե՝ հեղինակի առաջին ժողովածուն մասնագետի կարծիքով՝ կունենա՞ իր ընթերցողը, Անի Փաշայանը պատասխանեց. «Միանշանակ՝ այո, ինչո՞ւ, որովհետեւ ես տեսնում եմ այն կածանը, որտեղ կհանդիպեն գրողն ու ընթերցողը, որն այստեղ ծանոթ ձայներ կլսի, որ տանի արդեն իր կյանք՝ ամրանալու եւ նոր հայացք ուղղելու սեփական ճակատագրին»։
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Անի Փաշայանն(աջից) ու Ժաննա Ղոչիկյանը
«Առավոտ»
15.10.2016