Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի բողոքն ընդդեմ ՀՔԾ քննիչ Հակոբյանի անգործության դեմ:
Մոնիկա Մարգարյանը դատավորին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը դիմումով խնդրել է բողոքի քննությունն անցկացնել իր մասնակցությամբ: Փաստաբանը խնդրեց նիստը հետաձգել՝ Թամրազյանին հնարավորություն տալով ներկա գտնվելու:
Միջնորդությունը բավարարվեց, հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:30-ին:
Կարդացեք նաև
Նիստի ավարտից հետո Թաթուլ Թամրազյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն աստիճանաբար առողջանում է, առաջիկայում երկրորդ անգամ կվիրահատվի. «Վերականգնողական վիրահատություն պետք է անեն՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, հեռացրել էին նրա երիկամը»:
Փաստաբանը Թաթուլ Թամրազյանին վերջին անգամ շաբաթ օրն է տեսակցել. «Շատ լավ տրամադրություն ուներ: Նա ցանկանում է իր խոսքն ասել, եւ նոյեմբերի 10-ին նրան կուղեկցեն դատարան»
Հիշեցնենք, որ 26-ամյա Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին եւ հիվանդանոց տեղափոխվել, այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: Նա մեղադրվում է շենք-շինություններ գրավելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու ու այն փոխադրելու մեջ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ