Ինձ այնպես է թվում, որ երեխաներին փողի մասին պետք է մանկուց սովորեցնել: Երբ ծնողը երեխայի հետ մտնում է խանութ եւ փոքրիկը բաներ է ուզում, որոնք ծնողը չի կարող գնել ու երեխան պատժվում է իր ցանկության համար, մի տեսակ արդար չի թվում:
Մենք, օրինակ, փորձում ենք մեր երեխաներին փոքր տարիքից բացատրել, որ որոշ իրեր գնվում են փողով, եւ փողը սահմանափակ բան է: Դրա համար պետք է այն ճիշտ ծախսել սովորել: Հավատացեք, դուք կզարմանաք, թե ինչքան հեշտ են նրանք հասկանում այս բաներն ու «համագործակցում», երբ դուք մերժում եք իրենց նոր խաղալիք ունենալու ցանկությունը:
Ինչպես կարելի է երեխաներին փոքր հասակից սովորեցնել փողի մասին: Ահա մի քանի բան, որ ծնողները կարող են անել:
Առաջին: Երեխաներին պետք է փոքր հասակից բացատրել, որ ուտելիքը, հագուստն ու այլ իրերը գնվում են փողով: Դրա համար պիտի աշխատել եւ այն փողը, որ մենք ստանում ենք, սահմանափակ է, այսինքն՝ չափ ունի: Հետեւաբար, մենք պետք է ուշադիր լինենք, թե ինչպես ենք ծախսում այդ փողը: «Եթե մենք հիմա այս երկու խաղալիքներն առնենք, վաղը կարող է հացի փող չունենանք: Դուք կուզենա՞ք վաղը սոված մնալ», մոտավորապես այսպես կարող են բացատրել երեխաներին ծնողները: Ու իրենք դա կհասկանան: Իրենց տրված է այդ կարողությունը: Թե որ տարիքից պետք է սա բացատրել, կախված է երեխայից: Կարծում եմ՝ սա կարելի է ու պետք է անել այն տարիքից, երբ երեխան սկսում է արտահայտել ավելի շատ խաղալիքներ կամ իրեր ունենալու ցանկություն:
Այսպիսի բաները սովորաբար պետք է բացատրել 3-5 տարեկանում: Ահա մի քանի այլ բան, որ կարող եք երեխաներին բացատրել այդ տարիքում:
Օրինակ, երբ երեխայի հետ հերթ եք կանգնած մի բան գնելու համար, կամ ասենք՝ ճոճանակի վրա խաղալու համար, առիթն օգտագործեք ու իրեն բացատրեք, թե որքան կարեւոր է սպասելն ու համբերելն այս կյանքում: Նրանք կտեսնեն, որ ծնողն էլ իր հետ համբերում ու սպասում է: Արդյունքում՝ նրանք կսովորեն, որ իրենց բարի ցանկությունները բավարարելու համար երբեմն սպասել ու համբերել է պետք, ու դա լավ բան է:
Պատրաստեք 3 տուփ: Մեկի վրա գրեք «Խնայողություններ», մյուսի վրա՝ «Ծախսեր», իսկ երրորդի վրա՝ «Բաժանել»: Պարբերաբար, երեխայի հետ միասին այդտեղ փոքրիկ գումար դրեք: Նրան բացատրեք, որ «Ծախսերի» միջի գումարն օգտագործվելու է ուտելիք, հագուստ, վարձերի եւ այլ ընթացիկ ծախսերի համար: «Խնայողությունների» միջի գումարը պահվելու է դժվար օրերի համար, քանի որ այս կյանքում լինում են նեղ ու լայն օրեր: Նրանք հարցեր կտան այս մասին, եւ դուք կարող եք պատասխանել: Հավատացեք, նրանք հասկանում են: Իսկ «Բաժանել» տուփի պարունակությունը նվիրատվությունների համար է: Սովորեցրեք երեխաներին, որ մենք պատասխանատվություն ունենք մեր մերձավորի նկատմամբ, մեր շրջապատի մարդկանց նկատմամբ: Որ պետք է այս կյանքն այնպես անել, որ ոչ մի մարդ սոված չմնա, ոչ մի երեխա առանց խաղալիք չմնա, որովհետեւ եթե այդպես լինի, կյանքը շատ տխուր կլինի: Իսկ մենք ուժ ունենք մեր շրջապատի մարդկանց կյանքերը լցնել ուրախությամբ:
Կարդացեք նաև
Սիրելի ծնողներ, պետք է օգտակար բաներ սովորեցնենք մեր երեխաներին փոքր տարիքից, քանի դեռ նրանց սիրտը չի կարծրացել: Համ փոքր հասակում անհարկի քիչ կպատժվեն, համ էլ երբ մեծանան՝ բարի ու լավ առաջնորդներ կդառնան մեր հասարակության համար:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ»
15.10.2016