ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա էր լեռնահեծանվային սպորտի Հայաստանի անդրանիկ առաջնությանը, որի ավարտին պարգեւատրեց երեք տարիքային խմբերի հաղթողներին ու նրանց մարզիչներին:
Լրագրողների հարցին, թե օլիմպիականի կարգավիճակ ստացած լեռնահեծանվային սպորտը մուտք է գործել Հայաստան, հետեւաբար ի՞նչ պետք է արվի մարզաձեւում որոշակի հաջողությունների հասնելու եւ ապագայում օլիմպիական խաղերի մասնակից ունենալու համար, նախարարը պատասխանեց. «Լեռնահեծանվային սպորտի ֆեդերացիան նախարարությանը ներկայացրել է իր ծրագիրը: Ցանկացած ծրագիր իրականացնելու երկու հիմնական սկզբունք կա՝ ֆինանսական եւ այդ ծրագրի իրականացման: Երկուսին էլ կփորձենք աջակցել առավելագույն չափով: Բայց այս մարզաձեւը մեզ հետաքրքրում է նաեւ մասսայական ուղղվածության առումով, որում այս մարզաձեւն իր կարեւոր չափաբաժինը եւ դերակատարումը կարող է ունենալ: Հեծանվասպորտում կարեւոր է գույքի ապահովվածությունը: Մենք այդ խնդիրը մեր գույքային ծրագրում նախատեսել ենք եւ այս ֆեդերացիան իր ներկայացրած հայտի համաձայն կստանա համապատասխան քանակությամբ գույք, ինչքանի հնարավորություն կունենանք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ