Աղվերանում անցկացվեց լեռնահեծանվային սպորտի Հայաստանի անդրանիկ առաջնությունը, որի ժամանակ 30-ից ավելի մասնակիցները լեռնային պայմաններում հաղթահարեցին վեց շրջան՝ cross-country մրցաձեւում հաղթահարելով մոտ 10 կիլոմետր:
Հայաստանի լեռնահեծանվային սպորտի նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Մարտին Շարբաթյանը լրատվամիջոցներին ասաց, որ Հայաստանն իր բնակլիմայական պայմաններով կատարյալ երկիր է այս մարզաձեւը զարգացնելու համար, որի մասին աշխարհի ցանկացած երկիր կարող է միայն երազել: «Սկիզբը դրեցինք երեք տարիքային խմբերով հանրապետության առաջնության ձեւաչափով: Նախադրյալները մեծ են եւ կարծում եմ, որ լեռնահեծանվային սպորտը, որը օլիմպիական նոր մարզաձեւ է, Հայաստանում զարգանալու բոլոր նախադրյալներն ունի եւ պետք է որ հաջողություններ բերի: Մենք հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ ցանկանում ենք փորձել նոյեմբեր ամսին արդեն միջազգային մրցում կազմակերպել»:
Հարցին, թե լեռնային հեծանվասպորտը թանկ մարզաձեւ է եւ շատ բան կախված է գույք ունենալուց (պրոֆեսիոնալ հեծանիվներ, մարզահագուստ եւ այլն), այդ խնդիրներն ինչպե՞ս են լուծվելու, Մարտին Շարբաթյանը պատասխանեց, որ իրենք մի քանի հովանավորներ ունեն, որոնց հետ սկսել են աշխատել եւ դրանց թիվն ավելացնելու մտադրություն կա: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ու ՀԱՕԿ-ից նույնպես լուրջ աջակցություն կլինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ