Լեգենդար ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյին և բոլոր ժամանակների բրիտանացի ամենակոլորիտային քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլին միավորում էր ոչ միայն սերը կուբայական սիգարի հանդեպ: Երկուսն էլ արժանացել են Նոբելյան մրցանակի …. գրականության ասպարեզում: Ավելին՝ Հեմինգուեյը ստիպված է եղել մեկ տարի սպասել, քանի որ 1953-ին արդեն կայացվել էր քաղաքական, կարդա՝ գրականագիտական որոշում Չերչիլին խրախուսելու մասին: Տրվել էր նաև պաշտոնական «արդարացում«՝ պատմական և կենսագրական նկարագրության վարպետության, ինչպես նաև փայլուն ճարտասանական արվեստի համար:
Ասել, թե որքան արգասաբեր էին նախորդ դարի 50-ականները համաշխարհային գրականության մեջ, կնշանակի ոչինչ չասել: Եվ այդ համատեքստում ամենևին էլ զարմանալի չէր այն աղմուկը, որը բարձրացավ Չերչիլին, ինչպես շատերն էին կարծում, ՈՉ ԻՐ մրցանակը հանձնելու կապակցությամբ:
Անցան տարիներ: Նոբելյան մրցանակաբաշխությունը, լինելով հանրային նշանակություն ունեցող կարևորագույն միջոցառում, տարեցտարի էլ ավելի քաղաքականացվեց: Ալֆրեդ Նոբելի պատգամին հավատարիմ մնացին թերևս միայն այսպես կոչված բնագիտական բլոկի պատասխանատուները և ներկայացուցիչները: Նույնիսկ տնտեսագետները սկսեցին վիճել՝ փորձելով գտնել «իրենց» դրույթները նոբելյան մրցանակակիրների աշխատություններում:
Հետաքրքիր բացառություն է Խաղաղության նոբելյան մրցանակը, որը ըստ էության ստեղծվել է որպես քաղաքական: Երեկվա ու այսօրվա տարբերությունը միայն այն է, որ 20-րդ դարում մրցանակակիրների ընտրությունը գրեթե միշտ համընկնում էր համաշխարհային հանրության տեսակետի հետ: Վերջին տարիներին իրավիճակը փոխվել է: Կարող ենք հիշել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ում Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելը շատերը բնորոշեցին որպես բռնությունների կանխարգելմանն ուղղված գործողություն:
Կարդացեք նաև
Գրականության ասպարեզում տրվող Նոբելյան մրցանակն ավանդաբար զուրկ չի եղել քաղաքական հնչերանգից: Դրանից հրաժարվել են կամ ստիպված են եղել հրաժարվել: Դա ստացել են՝ գտնվելով անազատության մեջ: Դա տրվել է անգամ որպես մեր ժամանակների տառապանքի և տղամարդկության գնահատանք (Բելառուս Սվետլանա Ալեքսիևիչին պարգևատրելու «արդարացումն» իրոք ցնցող էր):
Եվ ահա, 2016 թվական և … Բոբ Դիլան: Ռոք երաժշտության արքաներից մեկին նոբելյան մրցանակակրի կարգավիճակում տեսնելը նախևառաջ անսովոր է: Առավել ևս, երբ իմանում ենք, որ նա պարգևատրվել է «ամերիկյան խոշոր երաժշտական ավանդույթները նոր բանաստեղծական արտահայտություններով հարստացնելու» համար: Սակայն զարմանալ պետք չէ:
Նոբելյան մրցանակը, ինչպես քիչ առաջ նշեցի, հանրային նշանակության միջոցառում է, սակայն ժամանակակից տեղեկատվական ֆաստ-ֆուդի դարաշրջանում այն այլևս «տեսանելի» չէ շատերի համար: Իսկ ինչպես հայտնի է, ցանկացած ապրանք ունի լավ գովազդի կարիք: Եթե չլիներ այս որոշումը, չէին լինի հազարավոր գրառումները սոց. ցանցերում, չէր լինի իրենց չգնահատված համարող ստեղծագործողների վրդովմունքը, չէր լինի … և այս հոդվածը:
«Բոբ Դիլան» տեսակին պարգևատրելով՝ Նոբելյան կոմիտեն միանշանակ ճիշտ որոշում է կայացրել:
Վահան ԶԱՔԱՐՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
մեր ժամանակների տառապանքի և տղամարդկության գնահատանք
տղամարդկության????????
արիության միգուցե: