Հոկտեմբերի 15-ից Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում է գտնվում «Գլենդել ադվենտիստ» բժշկական կենտրոնի բժիշկների խումբը: Նրանք «Հայաստան» համահայկական կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում անվճար բժշկական օգնություն են ցուցաբերում առողջական տարբեր խնդիրներ ունեցող Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին:
«Գլենդել ադվենտիստ» բժշկական կենտրոնի բժիշկ Զարուհի Կովտիկյանը մեզ ասաց, որ Նոյեմբերյան են ժամանել այդ ԲԿ-ի 46 աշխատողներ,որից 23-ը բժիշկներ են,դրանցից 4-ը ՝վիրաբույժներ: Նրա վկայությամբ ՝ իրենց խմբում այլ մասնագետների հետ կա նաեւ ակնաբույժ, նոյեմբերյանցիները շատ են դիմում տեսողության հետ կապված խնդիրներով: Զ. Կովտիկյանն ասաց, որ իրենց առաքելությունն է անվճար բուժօգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր ֆինանսական հնարավորություններ չունեն օգտվելու վճարովի բժշկական ծառայություններից:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հոկտեմբերի 16-ին այցելեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ծանոթացան առողջապահական ակցիայի ընթացքին: Մարզպետի խոսքերով՝ երկրորդ տարին է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նման միջոցառում է իրականացնում, 2015թ. Նոյեմբերյանում անվճար 31 վիրահատություն է կատարվել, այս անգամ բուժօգնություն ստանալու համար 400 նոյեմբերյանցիներ են կենտրոնում հերթագրվել: Հ. Աբովյանն ասաց, որ իր հրահանգով Իջեւանի ԲԿ-ից բերվել է անզգայացնող սարքավորում, այժմ Նոյեմբերյանի ԲԿ-ում գործող վիրահատարանները 3-ն են, ինչը թույլ է տալիս ավելի շատ վիրահատություններ կատարել:
Կարդացեք նաև
Ամերիկահայ բժիշկները Նոյեմբերյանում իրենց առաքելությունը կիրականացնեն մինչեւ հոկտեմբերի 21-ը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ