Ինչպես խոստացել էի նախորդ պատմության վերջում, հիմա կպատմեմ թե ինչ տեղի ունեցավ, երբ Փայլակը, սուպերմարկետից գնած ապրանքների տոպրակը կողքին դրած նստել էր կանգառի հարմարավետ նստարանին, հանգստանում էր ու հետևում փողոցավ երթևեկող տարբեր տրանսպորտային միջոցների աշխույժ անցուդարձին ու հանկարծ ուղիղ իր դիմաց, մայթեզրին, դանդաղ մոտենալով, արգելակեց և կանգ առավ հնամաշ մի «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա:
Ղեկի մոտ նստած վարորդը կողքին նստած երիտասարդին երևի զգուշացնելով, որ ինքը կխոսի Փայլակի հետ, դժվարությամբ դուրս եկավ ավտոմեքենայի խցիկից՝ գլուխը նորից հետ մտցրեց ներս, այնտեղից վերցրեց ձեռնափայտը, ապա մերթընդմերթ հենվելով նրան՝ դանդաղորեն, կաղալով մոտեցավ Փայլակին: Մինչ այդ, Փայլակին արդեն մոտեցել էր ավտոմեքենայի խցիկի աջ կողմից իջած տղամարդը, բարևել և սպասողական կեցվածք էր ընդունել՝ մինչև կմոտենար վարորդ ընկերը:
-Բարև, հորեղբայր,-ողջունեց ձեռնափայտով երիտասարդը, տեսնում եմ տնտեսությամբ զբաղվող մարդ ես, ձեռնափայտով ցույց տալով նստարանին դրված ցելոֆանե տոպրակները, մենք էլ ղարաբաղից եկել ենք հիվանդանոց, մեր երիտասարդին այցելության, նա այնտեղ բուժվում է, մի փոքր փողի կարիք ունենք, ղարաբաղի լավ թթի օղի ունենք կվերցնե՞ս՝ մեզ օգնելու համար:
-Բարև, աստծո բարին,-պատասխանեց Փայլակը, բայց ես խմիչքի հետ այնքան էլ սեր չունեմ:
-Վա՜յ, ի՜նչ ես ասում, ախր յոթանասուն գրադուսի թոթի արաղա, ոնց չե՞ս խմի, աղջի հլա մի շիշը տուր,-դիմեց նա ավտոմեքենայի ետևի նստարանին նստած կանանցից մեկին:
Կինը հնազանդորեն բացեց ավտոմեքենայի պատուհանը և երիտասարդին մեկնեց մեկուկես լիտրանոց պլաստիկատե օղու շիշը:
-Լավ, որ նեղության մեջ եք, ձեր երիտասարդին օգնելու համար, այս մի շիշը կվերցնեմ, ղարաբաղի թթի օղին թող տանը լինի, հյուրերին կխմացնեմ: Ինչքա՞ն պիտի տամ:
-Դե, հոպար ջան, ուրիշներին ավելի թանկ եմ տալիս, բայց քեզ տասնհինգ հազար դրամով կտամ, սա մի լիտր ու կես է:
Փայլակը գրպանից հանեց դրամապանակը, այնտեղից դուրս քաշեց միակ քսանհազարանոց թղթադրամը, որ մնացել էր սուպերմարկետում առևտուր անելուց և տարադրամի փոխանակումից հետո ու պարզեց ձեռնափայտով տղային:
-Վա՜յ, պապի ջան, մանր չունեմ, աղջի էն երկու շիշ գինին էլ տուր, տանք հոպարին, երևում է ձեռնբաց, լավ մարդ է:
Մեքենայում նստած կինը նորից անառարկելիորեն կատարեց նրա հրամանը և շուտով նստարանի վրա, որտեղ դրված էր Փայլակի գնումների տոպրակը, ավելացան երկու գինու և մի թթի օղու լիտրուկեսանոց պլաստիկատե շշերը:
-Հոպար ջան, կարող է՞ մեղր էլ ուզես, Ղարաբաղի անտառի անարատ մեղր է, աղջի մի էն երեք լիտրանոցը տուր,-հրամայեց երիտասրդը:
Այս անգամ կինը իջավ մեքենայից, գնաց դեպի նրա ետնամասը, որտեղ արդեն կանգնած երկրորդ երիտասարդը բացեց բեռնախցիկը, հանեց երեք լիտրանոց մեղրի ապակե ամանը և տվեց իրեն մոտեցած կնոջը: Կինը վերցրեց նրա ձեռքից այդ ծանր բեռը, դրեց կրկնակի ցելոֆանե փոքրիկ տոպրակների մեջ, որ ամուր լինի, չընկնի կոտրվի և բերեց դրեց նստարանի վրա:
-Դե, հոպար ջան, մեռնեմ սրտիդ, էս ինչ լավ մարդ ես, հլա մի հատ հոտ քաշիր, ինչ անարատ մեղր է, սրան էլ քսան հազար կտաս ու վերջ,-այս ասելով երիտասարդը վերցրեց մեղրով լի ամանը, բացեց նրա կփարիչը ու մոտեցրեց Փայլակի քթին:
Փայլակը քաղաքավարությունից դրդված՝ հոտ քաշեց, գլխով հավանության նշան արեց, իբր վատը չէ ու ասաց.
-Բայց ես էլ փող չունեմ, ընդամենը չորս հազար դրամ է մնացել, թոշակառու մարդ եմ, ցույց տալով դրամապանակը,-նեղսրտեց Փայլակը, ինքն էլ չիմանալով, թե իր հետ ինչ է կատարվում:
«Դե, այս տղամարդը ձեռնափայտով է քայլում, երևի ազատամարտիկ է, հիվանդանոցում պառկած տղան էլ մեր բանակի քաջարի զինվոր,- մտածում էր Փայլակը,- ինչ լավ եղավ, որ մի բանով էլ ես օգտակար եղա մեր բանակին»:
-Աղջի, էդ քսան հազարը տուր,-ասաց տղամարդը, կնոջ ձեռքից վերցնելով Փայլակի հենց նոր տված քսանհազարանոցը,-էս վերցրու, էդ հարյուր դոլարանոցը տուր, աղջի, էն մի աման մեղրն էլ բեր տանք հոպարին:
Պարզվեց, որ երիտասարդը շրջահայաց էր գտնվել և տեսել էր, որ Փայլակի դրամապանակում բացի քսանհազարանոց թղթադրամից մեկ հատ էլ հարյուր դոլարանոց թղթադրամ կար, որը քիչ առաջ էին նրանտվել տարադրամի փոխանակման կետում:
-Բայց ես պարտքս պիտի տամ, դրա համար եմ փոխանակումը կատարել,- հիպնոսացածի պես երիտասարդին մեկնելով հարյուր դոլարանոցը, կմկմաց Փայլակը, կարմրելով, որ սուտ է ասում:
-Վա՜յ, ես քո ցավը տանեմ, էս ինչ սրտի տեր մարդ է,-ասաց ձեռնափայտով տղամարդը ու սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել, ապա փաթաթվեց Փայլակի վզովը, համբուրեց նրան արցունքն աչքերին,շարունակելով,-դու փրկեցիր մի կյանք, մեռնեմ սրտիդ, աղջի էն մի շիշ արաղն էլ բեր, թող հոպարին հալալ լինի: Հոպար ջան էդ քսանհազարանոցն էլ տուր ու մենք քեզանից գոհ ու շնորհակալ կլինենք, որ մեզ օգնեցիր:
-Բայց էսքան ծանրությունը ես ինչպե՞ս պիտի տուն տանեմ,-նեղսրտեց Փայլակը հայացքը նետելով նստարանին դարսված երկու շիշ օղուն, երկու շիշ գինուն և երկու երեքլիտրանոց մեղրամանններին:
-Պապի ջան, տաքսի կկանչես, հինգհարյուր դրամ կտաս, տեղ կհասցնես,-խորհուրդ տվեց ավտոմեքենայում նստած երիտասարդ երկրորդ կինը, որը միչ այդ ոչ մի գործարքի չէր խառնվում, իջնելով մեքենայից: Աղջի, էս մեծ ցելոֆանն էլ վերցրու, էդ բոլորը լցրու մեջը, որ պապիկին հեշտ լինի տանելը,-պարզելով առաջին կնոջը մի մեծ ցելոֆանե տոպրակ, որը հայտնաբերել էր մեքենայի բեռնախցիկից:
Երկու երիտասարդ կանայք նստարանի վրա շարված բոլոր ամանները արագորեն տեղավորեցին ցելոֆանե մեծ տոպրակում, հազար անգամ շնորհակալություն հայտնելով Փայլակին, թաց աչքերով արագ նստեցին ավտոմեքենան ու սլացան առաջ:
Իսկ Փայլակը մտամոլոր կանգնած նայում էր սուպերմարկետից գնած ապրանքների տոպրակին ու նստարանին հայտնված, ավելի մեծ գնումների տոպրակին ու մտքում հաշվում, թե դրանց ընդհանուր քաշը ինչքան կլինի և դրանք ինչպե՞ս է տուն հասցնելու: Մոտավոր հաշվարկներով այն կկազմեր ոչ պակաս, քան քսան կիլոգրամը, իսկ իր ճողվածքը տասը տարի առաջ վիրահատած բժիշկը ասել էր, որ մի երեք ամիս երեք կիլոգրամից ավել չբարձրացնի, իսկ հետո՝ ինչպես երիտասարդ ժամանակ:
Արդեն լավ չէր հիշում, թե ինչպես մնացածներն իրեն հրաժեշտ տվին, բացի այն ձեռնափայտով տղայից, որը անընդհատ քաղցր խոսքեր էր շռայլում իր հասցեին և փաթաթվելով իրեն սեղմում էր կրծքին՝ լաց լինելով:
«Ճիշտ է, արդեն երիտասարդ չեմ, բայց բժիշկն ասաց՝ ինչպես երիտասարդ ժամանակ,-մտքում նորից կրկնեց Փայլակը և համարձակությունը հավաքելով վերցրեց նստարնին շարված ծանր տոպրակները ու առույգ քայլվածքով, դրանք հասցրեց մինչև իրենց շենքի մոտ գտնվող այն բետոնյա զանգվածին, որի վրա միշտ նստում հանգստանում էր խանութից վերադառնալիս:
Տեսնելով, որ Փայլակը նստած հանգստանում է ու տխուր նայում առջևում դրված հսկա տոպրակներին, այդտեղով անցնող իրենց դիմացի շենքի մի տիկին իր երիտասարդ թոռանը հորդորեց, որ օգնի Փայլակին՝ տոպրակները տեղ հասցնելու:
Փայլակը մի քիչ չեմուչում արեց, բայց համաձայնեց, ասելով.
-Մինչև շքամուտք կտանես, իսկ երրորդ հարկ ինքս կբարձրացնեմ հերթով, դրանք բաժանելով մասերի:
Փայլակը քայլում էր երիտասարդի հետևից, որը կքել էր ծանր բեռի տակ և զարմանում, որ բավականին ծանր այդ բեռը ինչպես հասցրեց մինչև իրենց բակ:
Երբ հասան իրենց շքամուտք, Փայլայկը խնդրեց երիտասարդին ցած դնել բեռը, շնորհակալություն հայտնեց նրան և հորդորեց հասնել իր տատիկին, որը կանգնած հեռվում, նրան էր սպասում:
Բայց, ո՜վ զարմանք, նույն պահին իր դիմաց հայտնվեց իրենց շքամուտքի երկրորդ հարկի հաղթանդամ երիտասարդ Վահրամը, հարցնելով.
-Փայլակ պապի, օգնելու բան կա՞:
-Դե, ոչինչ, մի կերպ կբարձրացնեմ,-նեղսրտեց Փայլակը:
-Տվեք, տվեք,-հրամայական տոնով ասաց Վահրամը և տոպրակները վերցնելով, արագ բարձրացավ երրորդ հարկ ու ետ նայելով իր հետևից եկող Փայլակին, ասաց.
-Փայլակ պապի, այսպիսի ծանրության հետ գործ չունես, ինչու՞ ես այդքան գնումներ մի անգամից կատարում:
-Սա ուրիշ պատմություն է,-ասաց Փայլակը ժպտալով:
Հիմա, երբ ամիսներ անց, այս մասին Փայլակը հիշում է, մտքում հպարտանում է, որ ինքը չմասնակցելով ղարաբաղյան պատերազմներին, փրկել է մի երիտասարդ զինվորի կյանք: Հո, ինքը դա չի ասում, այդ մասին այն ավտոմեքենան վարող ձեռնափայտով երիտասարդն ասաց: Հլա իրեն էլ գրկեց, համբուրեց ու լաց եղավ: Մեկ-մեկ էլ մտածում է, կարող է՞ այս բոլորը երազում է տեսել: Չէ՛, հաստատ դա իրականություն է ու նաև հիշում է, որ թթի օղու երկրորդ շիշը մի քիչ կիսատ էր ու երբ բացեց, որ փորձի համը, զգաց, որ այն մաքուր խմելու ջուր է:
«Հիմա էդ խեղճերը, որ ծարավեն, խմելու ջուր չեն ունենա,-ափսոսացել էր ինքը,- երևի սխալվել են՝ օղու շշի փոխարեն ջրինն են դրել տոպրակը»:
Շա՜տ բարեսիրտ ու զգայուն մարդ է այս Փայլակը ու երբեք չի կասկածում այն բանում, որ նրանք՝ այդ չորսը, իրեն խաբել են կամ չարաշահել իր մարդկային հավատը:
Սիմակ Գալստյան
Լավ պատմվածք է․․․ եթե վերջին նախադասությունը հանեք՝ավելի լավը կլինի․ առանց դրա էլ ամեն ինչ հասկանալի է․․․
Հարգելի Գայանե Յավրիյան.
Շնորհակալություն, արձագանքելու համար:
Գուցե և ճիշտ եք, որ վերջին նախադասությունը ավելորդ է, բայց իմ կարծիքով,
դա նրա համար է, որ կան նաև մարդիկ, որ այդ բարեսրտությունը այսպես ասած “հարիֆություն” կհամարեն: Հարգանքներով՝ Սիմակ Գալստյան