Ապրիլյան պատերազմից անցել է մոտ վեց ամիս, Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ջանքերով, ԱՄՆ-ից ու Եվրոպայից ստացվող մեսիջների արդյունքում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ուղղակի ու անուղղակի շփումների արդյունքը եղավ այն, որ Ղարաբաղյան խնդրում Ադրբեջանը ժամանակավորապես փոխել է իր մարտավարությունը, դադարեցրել է լայնամասշտաբ հարձակումը, աշխարհին ցույց տալով, որ ինքը պահպանում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պայմանավորվածությունը:
Սակայն, այդ ժամանակահատվածում չի եղել գեթ մեկ օր, որի ընթացքում Ադրբեջանը տասնյակ և հարյուրավոր անգամներ խախտած չլինի պայմանավորված հրադադարը: Նման մարտավարության կիրառմամբ Ադրբեջանը աշխարհին, նաև Հայաստանին ուղղակիորեն փորձում է հասկացնել, որ ինքն առ այս պահը ազատագրված տարածքներից փաստացի որևէ բան ետ չի ստացել, և ավելին՝ դրանց ետ վերադարձի պարագան անգամ չէր նշանակի, որ նա իրեն բավարարված կհամարի ու կգնա հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհով և երկրորդ. քանզի այդ հակամարտության կարգավորման խնդրում ինքն իրեն մշտապես համարել և համարում է թելադրող, ուստի ինքը կշարունակի «գործող հրադադարի» այդ ամենօրյա խախտումներն այնքան ժամանակ, մինչև վերջնականապես համոզվի, որ Հայաստանը չի պատրաստվում ինքնակամ որոշակի տարածքներ վերադարձնել, որից հետո անսպասելիորեն կսանձազերծի ավելի լայնամասշտաբ պատերազմ, քան ապրիլյանն էր, որի ընթացքում երկուստեք՝ մարդկային և մնացած կորուստներն անհամեմատ ավելի մեծ կլինեն ու այդ պատերազմի տևողությունն էլ շատ ավելի երկար կլինի:
Անկախ աշխարհում ընթացող զարգացումներից, եթե Հայաստանն Ադրբեջանին ետ չվերադարձնի այնքան տարածք, որքան Ադրբեջանն է ցանկանում, ապա Ադրբեջանի կողմից մեծածավալ պատերազմի վերսկսումն անխուսափելի է և Հայաստանն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի սրան: Եթե նույնիսկ, այսպես մտածելու ուրիշ որևէ հիմք չլինի, ապա միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանը մշտապես՝ ցանկացած պատեհ առիթի դեպքում և ցանկացած լսարանում ամպագոռգոռ ոճով բարձրաձայնում է, որ երբեք չի հաշտվի «իր տարածքների» մոտ 20 տոկոսի կորստի հետ, ուրեմն հաստատ՝ թեկուզ մեծագույն կորուստների գնով, վերսկսելու է ավելի լայնամասշտաբ պատերազմի գործարկումը, որպեսզի աշխարհին և իր ժողովրդին ի ցույց դնի, որ այդ տարածքներն Ադրբեջանինն են և իրենք երբեք չեն հաշտվի դրանց կորստի մտքի հետ, ավելին՝ իրենք ցանակացած գնով փորձելու են դրանք ետ վերցնել:
Հատկապես վերջին տարիների իրադարձությունները պարզորոշ վկայում են, որ եթե Էրդողանն ու Ալիևը խիստ վախեցած չեն (իսկ այսօր այդպես է), ապա նրանք երկուսն էլ՝ թեկուզ իրենց զինվորների մեծագույն կորուստների գնով, կարող են աքլորանալ և գնալ անկանխատեսելի քայլերի: Տարիներ ի վեր, նրանց տեսակն այդպիսին է եղել և ստեղծված իրավիճակում հույսեր չկան այդ տեսակի փոփոխության առումով: Նորից եմ կրկնում, որ աշխարհի հայությունը պետք է մշտապես պատրաստ լինի նշված մարտահրավերներին և հույսը դնելով միմիայն իր վրա, փորձի մեկ բռունցք դարձած, այնքան հուժկու պատժել Ադրբեջանին, այնպիսի մահացու հակահարված տալ, որ հարյուրավոր տարիներ հետո անգամ, դրանց մտքով չանցնի նման նոր փորձի կրկնությունը: Արդեն աքսիոմա է այն իրողությունը, որ աշխարհի հայության առջև նման խնդիր է դրված:
Այդ իսկ պատճառով, ողջ հայությունը պարտադրված է մեկ անգամ և ընդմիշտ, վերջ դնել այս թնջուկին: Հակառակ պարագայում, այդ պատերազմի՝ պարբերաբար շարունակման դեպքում, դարձյալ պարտադրված ենք լինելու ամեն անգամ հարյուրավոր զինվորների կյանքեր զոհել, որոնցից ամեն մեկի կորուստը մեզ համար՝ մի աշխարհի կորուստ է, անկախ այն բանից, թե Ադրբեջանն այդ ընթացքում քանի անգամ ավելի շատ զոհ կտա:
Պատերազմների սանձազերծման այս ոճն իր մեջ կրում է նաև հոգեբանական գրոհների մարտավարություն, որն իհարկե, ոչ մի կերպ չի կարող ընկճել հերոսական հայ ժողովրդին, քանզի ամեն հայ, մեծից՝ փոքր, պատրաստ է կյանքի գնով պաշտպանել հայրենիքը: Սակայն, ամեն հրադադարից հետո, երբ ժողովուրդը դեռ չի հասցրել լրիվ ուշքի գալ, Ադրբեջանը կսանձազերծի հերթական լայնածավալ պատերազմը, որպեսզի հարվածի դեռ չսպիացած վերքերին, դրանով փորձելով նաև հոգեբանորեն ջախջախել մեր ժողովրդին: Գաղտնիք չէ, թե այսօր ինչ հոգեբանական, տնտեսական, սոցիալական, իրավական պայմաններում է գոյատևում Հայաստանի ժողովուրդը և եթե շարունակվի պատերազմի պարբերական՝ ժամանակ առ ժամանակ վերսկսման այս մարտավարությունը, ապա ունենալու ենք ավելի մեծաթիվ զոհեր, որը կամա, թե ակամա ժողովրդի ներսում ծնելու է հերթական հիասթափությունը, որն էլ իր հերթին ավելի է մեծացնելու անհավատության ու արտագաղթի տեմպերը և հերթական անգամ խարխլելու է հայ ժողովրդի ողնաշարը:
Այս ամենը պարզորոշ վկայում է, որ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում, մեզ մի ճանապահ է մնում. համադրել ողջ հայ ժողովրդի ուժերը և Հայոց բանակի հետ միավորված, մահացու հարվածով այնպես ոչնչացնել թշնամուն, որ նա վերջնականապես չկարողանա ուշքի գալ ու երբևէ չփորձի նման կրակի հետ խաղ անել: Համոզված եմ, որ ամեն հայ հրաշալիորեն գիտակցում է այս խնդրի լրջությունը և վճռական պահին ոչինչ չի խնայի՝ իր առավելագույն մասնակցությունը բերել Ղարաբաղյան խնդրի վերջական հանգուցալուծումն այս ճանապարհով եզրափակելու համար: Ուրիշ ճանապարհ, պարզապես չկա…
Սիրիայում վիճակը լրիվ այլ է և առկա գերխնդրի լուծումը միակն է. ողջ հայության, միջազգային որոշ կազմակերպությունների և հայ ժողովրդին բարի կամեցող երկրների համատեղ ուժերով փորձել Սիրիայից անհապաղ՝ օր առաջ դուրս բերել բոլոր Սիրիահայերին: Բնավ պարտադիր չէ տեղահանված բոլոր Սիրիահայերին անպայմանորեն տեղափոխել Հայաստան: Տեղահանվածների այն մասը, որը կնախընտրի բնակություն հաստատել այլ երկրներում, նրանց պետք է օգտակար լինել այդքան մասով, իսկ մնացածներին անհրաժեշտ է տեղափոխել Հայաստան, պետության և ժողովրդի համատեղ ուժերով փորձել ժամանակավորապես տեղավորել Հայաստանում՝ մինչև խնդրի վերջնական լուծումը:
Համոզված եմ, որ տվյալ հարցում մեր ողջ ժողովուրդը սատար կլինի պետությանը և թև-թիկունք տված, համատեղ կերպով կփորձեն լուծել առաջացած բոլոր խնդիրները: Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, թե կրիտիկական վիճակներում հայ ժողովուրդը որքան արագ է բռունցքվում և օպերատիվորեն նետվում բոլոր խնդիրների լուծմանը: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հայրենակիցների՝ Սիրիայում մնալը ոչ այլ ինչ է, քան նրանց բոլորի աստիճանական՝ ամենօրյա մահը: Սա հայ ժողովրդի առջև ծառացած հերթական փորձաքարն է և եթե չփորձենք այն պատվով լուծել, ապա հետագայում ևս մեզ սպասվող նմանատիպ բոլոր խնդիրները տանելու ենք ձախողման: Չմոռանանք, որ ճակատագրի հեգնանքով մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք և ամենուրեք մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են անսպասելիորեն հայտնվել ճիշտ նմանատիպ իրավիճակում: Այնպես, որ ստեղծված իրավիճակում Սիրիահայերի համար փրկության որևէ այլ ճանապարհ գոյություն չունի…
Անցնող ամեն օրվա հապաղումը ի վնաս հայ ժողովրդի է աշխատում և այս երկու գերխնդիրները ճիշտ ճանապարհով չլուծելու դեպքում, Հայաստանն ու հայ ժողովուրդը մի օր կգլորվեն ձորը…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ