ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ
ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
ԶԼՄ-ները մարդկանց ու պետությունների կյանքին վերաբերող իրադարձությունների ինքնատիպ օրագիրն են, հաճախ նաեւ այդ իրադարձությունները կանխորոշողն ու թելադրողը` դրանով իսկ ծանրակշիռ, երբեմն նույնիսկ ճակատագրական դեր ունենալով քաղաքացու եւ պետության կյանքում: Ձեր` տարբեր դիտանկյուններ ունեցող լրագրողներիդ ու ձեր ներկայացրած լրատվամիջոցների միջոցով են փոխանցվում, ձեւակերպվում հասարակության` իրենց մեջ տարբեր ազդակներ պարունակող ասելիքն ու խոսքը, որոնք համադրելով սեփական ասելիքի հետ` հրապարակայնորեն բարձրաձայնում եք խնդիրներ, մտահոգություններ ու նաեւ առաջարկում լուծումներ: 222 տարի առաջ լույս տեսած հայոց առաջին պարբերականը` «Ազդարարը», ուներ ի՛ր ձայնն ու խոսքը, որոնք գուցեեւ համահունչ չեն այսօրվա լրատվամիջոցների մտածողությանը, այդուհանդերձ, իրենց մեջ նույնպես որոշակի ազդակներ ունեն, որոնք բնավ չեն կորցրել արդիականությունը:
Կարդացեք նաև
Լրատվամիջոցների եւ լրագրողների օբյեկտիվությունն ու անկեղծությունը, ազատ խոսքի հավաստիությունը մեծապես կախված են ազատ մտածելու, արտահայտվելու եւ գործելու հնարավորությունից: Հայաստանյան լրատվամիջոցների այսօրվա անխոչընդոտ ակտիվությունն ու հասարակական-քաղաքական եւ պետական կյանքին լիարժեք մասնակցությունը լավագույնս են բնորոշում այն հասարակական պահանջարկը, որ կա լրատվական դաշտի հանդեպ եւ այն բարենպաստ մթնոլորտը, որն առկա է նրանց արդյունավետ ու անկաշկանդ գործունեության համար:
Վերստին շնորհավորելով Հայ մամուլի օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն