Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրությունների դասերը

Հոկտեմբեր 16,2016 12:00

Հոկտեմբերի սկզբին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները որոշ իմաստով սպասելի էին, որոշ իմաստով՝ անսպասելի: Կարծիք կար, որ Գյումրիում Սամվել Բալասանյանն ու իր դաշինքը հեշտությամբ ու ակնհայտ հաղթանակ կտանեն. իրականում, չնայած Բալասանյանն ու իր դաշինքը հաղթեցին, չափազանց դժվարությամբ հաղթեցին, եւ եթե հաշվի առնենք, որ գործող քաղաքապետի թիմն ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների միջոցներն էլ լիովին օգտագործած կլինի, կարելի է ենթադրել, որ եթե ընտրությունները հավասար պայմաններում անցնեին, Սամվել Բալասանյանն ու իր դաշինքը դժվար թե առավելության հասնեին:

Ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի իմաստով ասածս չնայած ընդամենը ենթադրություն է, այդուհանդերձ՝ նման ենթադրություն չանելու համար բավարար հիմքեր չունեմ, եւ այս իմաստով Գյումրիում ԲՀԿ-ի ու իր թեկնածուի գրաված պատվավոր երկրորդ տեղն իսկապես պատվավոր է: Սա նաեւ նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում Գագիկ Ծառուկյանի դերն ու նշանակությունը դեռեւս առկա են, եւ ամենեւին անհիմն չեն այն ենթադրությունները, որ Ծառուկյանը, հնարավոր է, քաղաքականություն վերադառնա, բայց, այսուհանդերձ, ԲՀԿ-ի այս վերջին՝ համեմատական հաջողությունները պայմանավորված էին նաեւ կուսակցության գործող ղեկավար Նաիրա Զոհրաբյանի պարբերական, տեղին եւ ինչ-որ տեղ նաեւ պոպուլիստական ելույթներով՝ ինչպես ներհայաստանյան, այնպես էլ եվրոպական ու միջազգային հարթակներում:

Մոտավորապես նույնը կարելի է ասել Էդմոն Մարուքյանի մասին՝ կապված «Լուսավոր Հայաստանի» եւ Վանաձորի ընտրությունների հետ: Ինչ վերաբերում է պարտվածներին: Եթե պարտվածներից Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրն» իրենց ակնհայտ պարտության պատճառները փորձում են նաեւ իրենց ու իրենց գործունեության մեջ փնտրել, ապա նույնը չենք կարող ասել ՀԱԿ-ի մասին, որն իր պարտության մեղավորը համարում է բոլորին՝ բացի իրենից: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չենք կարող այդ կուսակցության արդյունքները հաջողություն համարել:
Պարտվածների մեջ չենք կարող նշել Օսկանյանին ու նրա «Համախմբումը»: Ավելին. իբրեւ նորամուտ՝ այս կուսակցության ցուցանիշները կարող ենք հաջողություն համարել:

Նույնը չենք կարող ասել նախկին ՕԵԿ-ի եւ ներկայիս «Հայկական վերածնունդի» մասին: Վերջիններիս համար ՏԻՄ ընտրությունները ոչ հաղթանակ էին, ոչ պարտություն, ավելի ճիշտ՝ ե՛ւ հաղթանակ էին, ե՛ւ պարտություն. պարտություն էին այն իմաստով, որ ինքն իր ակնկալած ձայները չհավաքեց եւ, փաստորեն, ոչ միայն ՀՀԿ-ին զիջեց, այլեւ ԲՀԿ-ին, իսկ որոշ տեղերում էլ՝ իրենից անհամեմատ անփորձ «Լուսավոր Հայաստանին», բայցեւ այս ընտրությունները «Հայկական վերածնունդի» համար հաջողություն կարելի է համարել ոչ միայն այն իմաստով, որ իրենք ընտրությունների իրենց ցուցանիշներով ակնհայտորեն գերազանցեցին իրենց երդվյալ հակառակորդներ ՀԱԿ-ին ու «Քաղաքացիական պայմանագրին», այլեւ այն իմաստով, որ «Հայկական վերածնունդ» վերանվանյալ ՕԵԿ-ին հաջողվեց վերստին տեղ գրավել ընդդիմադիր դաշտում, եւ շատ հնարավոր է, որ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների շեմին «Ազգային վերածնունդ» ՕԵԿ-ը «Լուսավոր Հայաստանի» կամ այլոց հետ ընդդիմադիր դաշինք ձեւավորի:

Չենք ուզում ընդդիմադիրների ու իրենց ընդդիմադիր համարողների ոգեւորության վրա ջուր լցնել, բայց մեր կարծիքն այն է, որ այս մի քանիսի համեմատական ու հարաբերական հաջողությունները տեղի ունեցան ոչ միայն իրենց լավ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ, այլեւ ՀԱԿ-ի ու «Քաղաքացիական պայմանագրի» վատ, սխալ եւ անարդյունավետ գործունեության պատճառով: Փաստորեն, այս երկուսի կորսված ձայները գնացին մյուս ընդդիմադիրներին:

Եթե «Քաղաքացիական պայմանագրի» անհաջողություններն արդյունք են այդ կուսակցության եւ նրա լիդերների սխալ եւ անհեռանկարային գործունեության, ապա ՀԱԿ-ի անհաջողությունը տվյալ կուսակցության եւ նրա լիդերների անգործության արդյունքն է: Սա մեր անձնական կարծիքն է, եւ մեր անձնական կարծիքը նաեւ այն է, որ այս երկու կուսակցություններն ու նրանց լիդերները ճիշտ հետեւություններ կանեն, որպեսզի այս ակնհայտ անհաջողությունները չկրկնվեն:

Ընդամենը այս մի քանի կուսակցությունների մասին խոսեցինք, որովհետեւ մյուս կուսակցություններն ընտրապայքարում ընդհանրապես գոյություն չունեին: Ասածներս հիմնականում վերաբերում են Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: Երկուսում էլ իշխանական ՀՀԿ-ն հեշտ ու բացարձակ հաղթանակի չհասավ: Այս իմաստով կարելի է տվյալ ընտրությունները համարել համեմատաբար արդար: Համեմատաբար՝ նախորդ ընտրությունների համեմատ:
Շատ չհամարենք:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

15.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31