Հոկտեմբերի 15-ին Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Ազգային ժողովրդավարներ» կազմակերպության նախագահ, բազմաթիվ հոդվածների, ստեղծագործությունների հեղինակ Սամվել Շահինյանի գրքի ներկայացումը : Այն կազմակերպել էր «Անդին» ամսագրի խմբագրությունը եւ «Էդիթ պրինտ» հրատարակչությունը: Գիրքը վերնագրված է «Փակ դռների առաջ` բաց սրտերով»:
Գրքում հիմնականում նկարագրվում են 20-րդ դարի իրադարձությունները, երբ Հայաստանը ձեռք է բերում անկախություն: Միջոցառմանը ներկա էին Ս. Շահինյանի մտերիմները, բարեկամները, ընկերները, ովքեր առանձին-առանձին խոսեցին Ս. Շահինյանի մասին:
Քեռին` Ա. Հայրապետյանը, իր կարծիքը հայտնեց գրքի մասին. «Կարծում եմ` ստացված աշխատանք է, նույնիսկ տողատակերը հեշտությամբ հասկացվում են: Բայց այն հատվածը, որը նկարագրում է ղարաբաղյան ազատամարտը, կարծում եմ, կիսատ է, պակասում է վերլուծությունը»:
Կարդացեք նաև
«Սամվելը չափազանց տարողունակ, հետաքրքրական մարդ է, տիպիկ հայկական երեւույթ: Ուզում եմ, որ վայելենք այս պատմական դեմքի հետ շփվելու հաճույքը» – ասաց ընկերներից մեկը:
«Երբ հարցնում են` ինչպես ես, ասում եմ` հզոր եմ: Եւ, գիտեք, դա իրոք այդպես է, որովհետեւ ունեմ ձեզ նման ընկերներ, – խոսքում նշեց Սամվել Շահինյանը եւ հավելեց, – չէի պլանավորել տպագրել այս գիրքը, մինչեւ չստացա սոցիալական պատվերը: Ես գրում եմ ելնելով սոցիալական իրավիճակներից: Գիտեմ, որ գիրքս հաջողված է, արձագանքներն էլ` լավ»:
Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ