Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին: Ողջունելով նրանց Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը կարևորել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության այս օգտակար նախաձեռնության մեկնարկը տրվում է ներկայացուցչական մակարդակով, քանի որ, նրա համոզմամբ, մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր էական ներդրումը բերելու համաժողովի կայացմանն ու շարունակականության ապահովմանը:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը կարող է դառնալ կարևոր հարթակ մասնակից երկրների պետական, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչների համար՝ հնարավորություն ընձեռնելով մշակելու գործնական մեխանիզմներ՝ ուղղված այդ երկրների փոխգործակցության ներուժի բացահայտմանը, ինչպես նաև դիտարկելու առավել ընդլայնված բազմակողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները:
ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են ընդունել գործընկերներին, և մեր երկիրը բաց է համագործակցության ծրագրերի քննարկման համար:
Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն