Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի (CIQG) անդամ է:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի նախագահ Ջուդիթ Իաթըհը (CHEA) անդամակցության հուշագիր են ստորագրել:
Անդամակցելով կառույցին` ՈԱԱԿ-ը պարտավորվում է հետևել CIQG կողմից սահմանված որակի ապահովման 7 սկզբունքներին: Միջազգայնորեն ընդունելի այդ սկզբունքները մինչ այս էլ եղել են ՈԱԱԿ գործունեության հիմքում: Այն է` հավաստել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող կրթության որակը, համապատասխանությունը հասարակության պահանջներին և ուսանողների կարիքներին, նպաստել կրթության որակի ապահովման միասնական ընկալմանը ոլորտում և այլն:
ՈԱԱԿ-ը նաև պարտավորվում է իր գործունեությամբ նպաստել որակի ապահովման չափանիշների առաջխաղացմանը, ինչպես նաև մասնակցել կառույցի շրջանակներում իրականացվող համատեղ միջոցառումներին:
Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խումբը ստեղծվել է 2012-ից: Նպատակն է համատեղ ջանքերով նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովման չափանիշների ճանաչմանը և առաջխաղացմանը:
Խմբին անդամակցում են կազմակերպություններ 45 երկրներից:
Իսկ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհուրդը ԱՄՆ-ում բարձրագույն կրթության ոլորտում ամենամեծ անդամակցությունն ունեցող կառույցն է: Այն ներկայացնում է ԱՄՆ կոնգրեսի և Կրթության վարչության, ինչպես նաև հանրության և ուսանողների շահերը կրթության որակի ապահովման ոլորտում:
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու
Հայկուհի Բարսեղյան