Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 3 միլիոն հաշվող ռուսաստանյան հայությունը գրեթե աննկատելի ներկայություն ունի Ռուսաստանի քաղաքական կյանքում. «Ազգ»

Հոկտեմբեր 15,2016 10:54

Բոլորովին կարիք չկա մեր երկրի ու ողջ տարածաշրջանի համար Ռուսաստանի նշանակությունը բացատրելու, անկախ այդ երկրի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից: Բացատրության կարիք չի զգում նաեւ նրա օրենսդիր ու գործադիր իշխանություններում հայկական ազդեցության, առնվազն ներկայության կարեւորությունը Հայաստանի ու հայության համար: Հետևաբար` բնավ կարիք չկա նաեւ բացատրելու այդ իշխանություններում մեր բացակայության բացասական հետեւանքները:

Ճիշտ է, այս անգամ էլ Պետդումայի պատգամավոր վերընտրվեց աշխարհահռչակ մեր հայրենակից, բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը, որի հայանպաստ գործունեության քաշն ու կշիռը սակայն, գոնե ինձ համար, մնում է անծանոթ: Խոսքը ազդեցիկ եւ արդյունավոր ներկայության մասին է, որն անշուշտ, ինչպես իշխանական բոլոր մակարդակներում, ենթադրում է կազմակերպված հավաքական աշխատանք, համապատասխան գումարներ եւ դրական փառասիրությունՙ գումարված անձնական հմայքին:

Մինչդեռ, շուրջ 3 միլիոն հաշվող ռուսաստանյան հայությունը գրեթե աննկատելի ներկայություն ունի Ռուսաստանի քաղաքական կյանքում՝ առաջին հերթին անկազմակերպվածության եւ երկրորդՙ հայաշունչ չլինելու պատճառով: Այս երկու հատկանիշների բացակայությունը մեր մեղքն է ազգովին, գլխավորությամբ Ռուսաստանում գործող մեր տարբեր կազմակերպությունների, Հայ եկեղեցու եւ առաջին հերթինՙ մեր իշխանությունների:

Երեւանի Պետական համալսարանում տեղի ունեցած «Ռուսաստանի հայ համայնքը» վերնագրով համաժողովում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոստովանեց, որ այդ 3 միլիոնանոց գաղութի ընդամենը 1 տոկոսի ուժն ու ձայնն է օգտագործվում: Թեեւ նա մանրամասն չբացատրեց, թե ինչու, սակայն պարզից էլ պարզ է, որ հատկապես մեր պետական կառույցների համար ռուսաստանահայությունը միայն ուտիլիտար նշանակություն ունի:

Ասվածի ապացույցները շատ են, ամեն մեկս կարող ենք թվարկել դրանցից մի քանիսը: Բայց մեկ փաստը խորհրդանշում է պետական ողջ վերաբերմունքը. անցնող 25 տարվա ընթացքում հիշո՞ւմ եք գեթ մեկ դեսպանի, որն իր պետական, քաղաքական ու կազմակերպչական շնորհներով հեղինակություն վայելի այդ երկրում եւ այդ համայնքում: Ես չեմ հիշում: Ըստ երեւույթին, ՀՀ հաջորդական իշխանությունները միշտ ներքին վախ են ունեցել Մոսկվայում ուժեղ դիվանագետ նշանակելու «վտանգից»…

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31