Ում պաշտոնից հանում են` հաջորդ օրվանից չէ, հաջորդ ժամից արդեն ընդդիմություն է դառնում, ով մեկ օր առաջ իշխանություն էր, այսօր ընդդիմություն է: Իրեն ընդդիմություն հայտարարելը դարձել է խաղ ու պար` առավոտյան արթնանում ես, ձեռքդ երկարում միջանցքի կախիչին դրված շլյապային, բայց կեսից հիշում ես, որ պաշտոնանկ ես, ու դնում ես պատրաստ կախված կարտուզով գլխարկներից մեկը, այն մեկը, որի վրա հեռատեսորեն ժամանակին գրել ես «Ընդդիմություն»: Լավ, էլի…
Ընդդիմություն դառնալու մի քանի տարբերակ կա, բայց դրանք բոլորը ժամանակ, նյարդեր, հանրության մեջ հավատ սերմանելու ահռելի ջանքեր են պահանջում: Ասենք` եթե ընտրություններով «Լուսավոր Հայաստանը» գա իշխանության` ՀՀԿ-ն ընդդիմադիր կդառնա, կամ` եթե ժամանակին ԲՀԿ-ն դիմանար իշխանության ճնշումներին ու շարունակեր ընդդիմադիր վարքը, միգուցե ստույգ կդառնար ընդդիմություն:
Այդքան հիշողությունից զուրկ համարել մարդկանց: Ապրիլից ու հուլիսից հետո՞: Ուշքի եկեք, պարոնայք: Չե՞ք հասկանում, որ երկրաշարժը տեղի է ունենում բազմաթիվ մանրիկ ցնցումներից տարիներով մեծացած խզվածքի պատճառով, չե՞ք ըմբռնում խզվածքի ահագնությունը:
Դե հա, եթե այդպես եք գնահատում հանրությանը, Վիկտոր Դալլաքյանն, իհարկե, ընդդիմադիր է, Սեյրան Օհանյանն էլ, Իշխան Զաքարյանն էլ, իսկ Հմայակ Հովհաննիսյանին էլ պետք է դատի նախկին ընդդիմադիր Արտաշես Գեղամյանի դատավոր որդին, իսկապես: Ինչ կա որ, երբ պետք լինի` կասենք ընդդիմություն ենք, ու վերջ:Կասենք` եթե ինձ բան պատահի…20 րոպեից չվերադառնամ` եկեք իմ հետեւից: Կասենք` մենք բոլորից լավ կարող ենք փրկել Հայաստանը, փրկիչ ենք՝ մի խոսքով, նորից ու կրկին:
Կարդացեք նաև
Դե իսկ ո՞ւմ պիտի մտահոգի, որ ավելի տգեղ կռիվ, քան Դալլաքյանինն ու Մարուքյանինն է, հնարավոր էլ չէ պատկերացնել, ու նույնքան անդուր է ըմբռնելը, որ անկախ տգեղ-սիրունից` միշտ էլ կգտնվեն կոստյումի գրպանում փողկապը մշտական պատրաստ-դրած, կոմսոմոլի արտաքինով տղերք, որ պատրաստ են հրահանգի կամ փողի դիմաց` ուզած կուսակցություն մտնել, միայն թե իշխանություն տանող իրենց ճանապարհը ոչ ոք չքարապատի: Ուֆ, ո՞ւր է էն առողջացումը, որ վերեւից հա խոստացվում է, ո՞ւր է էն նոր ոգին: Միթե Հայաստանի մեծ քաղաքների ու Երեւանի ղեկավարների իրական, չմիջնորդավորված ընտրությունը ընտրողների ձեռքով օրենքով վերացնելով, այդպիսով աճպարարության դուռ բացելով, արդեն հիվանդ ընտրական համակարգ չեք ամրագրել, որ առողջանալուց ենք խոսում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում