Փոխարենը ստվերը կկրճատվի, ներկրողներն ու հասարակությունը կշահեն
«Դա շատ հասունացած խնդիր է: Ու բնավ էլ գաղտնիք չէ, որ «հսկիչ գներն» այսօր արդարացի չեն: Այսինքն` կամայականորեն «հսկիչ գին» սահմանելն ինքնին հակասում է իրական գնային քաղաքականության արտացոլմանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը: Ներմուծման ժամանակ «հսկիչ գների» կիրառման կարգի փոփոխության մասին օրերս ՊԵԿ նոր նախագահին ներկայացնելիս խոսեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարեց այսուհետ կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը: «Օրինակ՝ հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա, եւ ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս դաշտը, եթե մենք սրանով ոլորտը կանոնակարգում ենք՝ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ այստեղ կունենանք արդյունք»,- ասել էր վարչապետը:
Նկատենք, որ «հսկիչ գների» կիրառման ներկայիս մեխանիզմը մաքսավորներին հսկայական ստվերային գումարներ աշխատելու հնարավորություն է տալիս: Քանիցս մամուլում այդ մասին հրապարակումներ են եղել. ներմուծողները բողոքում են, որ ընթացակարգը բարդացված է, բացի այդ՝ բազմաթիվ, այդ թվում հաճախ նաեւ այնպիսի աներեւակայելի փաստաթղթեր են պահանջվում, ինչը ներկրողների համար լրացուցիչ բարդություններ է ստեղծում: Արդյունքում ամեն դեպքում «հսկիչ գնի» սահմանումը հիմնականում թողնվում է մաքսավորի հայեցողությանը: Խնդիրն իբր լուծելու համար ստեղծվեց, այսպես կոչված, «կարգոների» ինստիտուտը. դրանք որեւէ երկրում վերցնում են ապրանքը, Հայաստանում` վերադարձնում տիրոջը` մաքսայինի համար ընդունելի փաստաթղթալրացման գործն իրենց վրա վերցնելով: Արդյունքում նաեւ մեծ գումարներ են վաստակում: «Կարգոներն», ի դեպ, բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների են պատկանում:
Խաչատուր Քոքոբելյանը կիսում է վարչապետի մոտեցումը` հստակ երկրների ցանկ սահմանելու մասով. «Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել, ասենք, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների պարագայում ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ ինվոյսի փոփոխություն անել: Օրինակ՝ սրահից գնված մեքենայի ինվոյսի փոփոխություն բացառված է: Այսինքն՝ առնվազն այդ մասով արժանահավատ երկրների ինվոյսները, որոնց փաստաթղթաշրջանառությունն աշխարհի համար ընդունելի է, մենք պետք է հիմք ընդունենք»: Մեր զրուցակիցը նկատում է, որ մինչ այս պահը որոշ ավտոտեսակների մասով շուկայում մենաշնորհային վիճակ պահելու համար անգամ ցածր ինվոյսի ներկայացման պարագայում մաքսային ծառայությունում ավելի մեծ մաքսատուրք էր որոշվում, քան իրականում կար. «Դա նաեւ նպաստում է, որպեսզի անհատները չկարողանան այդ ապրանքանիշի ավտոմեքենաներ ներմուծել եւ ստիպված լինեն օգտվել Հայաստանում գործող սրահներից: Ես ավտոմեքենաների մասով օրինակ բերեցի, քանի որ առավել լայն շրջանակների կողմից կիրառվող է, բայց նույն վիճակն է էլեկտրոնիկայի ներկրման ոլորտում` համակարգիչներ, կենցաղային տեխնիկա եւ այլն: Փոքր, անհատական մակարդակով ներկրումների դեպքում ավելի մեծ խոչընդոտներ են լինում, քան մեծածավալ ներմուծողների, որոնք զարտուղի ճանապարհներով եւ ավելի ցածր գներով կարողանում էին մաքսազերծում կատարել: Այս ամենը որեւէ կերպ չի նպաստում շուկայի զարգացմանը: Ուստի որոշակի երկրների դեպքում, այո, ինվոյսը պետք է լինի հիմնական փաստաթուղթ»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ ԵԱՏՄ երկրներից ներմուծման դեպքում մաքսատուրք չի գործում: Իսկ այն երկրների դեպքում, որտեղ հնարավոր է ինվոյսի կեղծում, ըստ մեր զրուցակցի, տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում բավական հեշտ եւ արագ հնարավոր է կարգավորումներ տալ: «Սրանք այն գործողություններն են, որոնք եթե չարվեն, մաքսազերծման բնագավառում ստվերը չի կրճատվի: Ավելին, դրանք ժամ առաջ պետք է կատարվեն»,- ասում է Խաչատուր Քոքոբելյանը: Հարցին` Կարեն Կարապետյանի հայտարարություն-հանձնարարականը վստահություն ներշնչո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վարչապետի հայտարարությունն անհրաժեշտ էր, բայց բավարար չէ: Հուսանք եւ հետեւենք: Առաջիկա օրերի ընթացքում, համենայնդեպս, ականատեսը կդառնանք դրա կատարման կամ չկատարման: Ես չեմ շտապի այլ գնահատականներ տալ: Քանիցս եմ նշել` բոլոր բնագավառներն էլ ծանր վիճակում են, բայց եթե դրական քայլ կատարվի, շատ արագ տեսանելի կդառնա: Առաջիկա շաբաթներում ներմուծումներ կլինեն կտեսնենք` դա կյանքի կոչվե՞լ է, թե՞ ոչ: Հուսանք, որ կկոչվի»:
Ներկրումներով զբաղվող ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը կարծում է, որ «հսկիչ գների» կիրառման կարգի այսօրինակ փոփոխությունը դրական կազդի թե՛ խոշոր ներկրողների, թե՛ մանր ներկրողների գործունեության վրա: «Դա բոլորին էլ օգտակար կլինի: Այն, որ հիմք կընդունվեն արտահանող կազմակերպության ինվոյսները, դա հավասար դաշտ կձեւավորի, որովհետեւ «հսկիչ գնի» կիրառումն արդեն ըստ ցանկության չի լինի: Կարծում եմ՝ որոշակի երկրների ցանկ կլինի, որոնց ինվոյսները հիմք կընդունվեն: Հիմա էլ կար նման կարգ, պարզապես ավելի շատ փաստաթղթեր էին պահանջվում ու հիմնականում թողնվում էր մաքսավորի հայեցողությանը, ով կարող էր հիմք ընդունել, որ այդ գներն իր պատկերացումներին չեն համապատասխանում եւ կիրառեր «հսկիչ գին»: Հիմա դա կարծես պետք է չլինի, եւ դա շատ լավ է»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
14.10.2016