ԱՄՆ Գլենդել քաղաքից երկու օր առաջ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ուղեկցեցի ճանաչված քանդակագործ, արծաթագործ Տիգրան Սարգսյանին
Վերջինս Հայաստանում է գտնվում մի քանի օրով, մասնակցելու է աշխարհի հայ ոսկերիչների մասնակցությամբ ոսկերչական համահայկական -ցուցահանդես-շոուին:
Տարիներ առաջ նա Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ իր «Հայերն ապրել են, ապրում են, կապրեն» ՆուռԽաչ-հուշաքանդակն էր նվիրել թանգարանին: Լուսանկարում պատկերված դեպի նուռ ձգվող եւ նռից դուրս տարածվող ճյուղերին աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերի քանակն է:
Հուշաքանդակն այսպիսին էր. լուսանկարում պատկերված է քանդակագործը՝ շրջապատված ընկերներով:
Պատվանդանին տասներկու մարզերն էին. քարե պատվանդանին ամրացված էին ոսկեջրած, արծաթե գերբերը:
Կարդացեք նաև
Նախ՝ թանգարանում հայտնաբերեցինք խորհրդանշական քանդակը թեքված: Բրոնզե ճյուղերից մի քանիսը կոտրված էին, ճյուղերից որոշներն անխնամ միացված էին իրար, ծռված, իսկ պատվանդանի քարե հարթակն էլ ճաք տված:
Մինչ մենք կհրավիրեինք պատասխանատուներին, որպեսզի իմանանք, թե արդյոք ո՞ւմն է քանդակը, գիտե՞ն, թե դա ինչ առիթով է նվիրվել թանգարանին, արդյոք այսպիսի «վնասվածքներով» քանդակը կարելի՞ էր ցուցադրել, կանչվե՞լ է համապատասխան մասնագետ, որպեսզի քանդակն իր նախկին տեսքին բերվի, հայտնաբերեցինք, որ զինանշաններից չորսը չկան: Յուրաքանչյուրը մոտ հարյուր գրամ է:
Թանգարանի տնօրեն Հ. Դեմոյանը բացակայում էր հանրապետությունից, իսկ պարբերաբար մեզ մոտեցած երեք տարբեր փոխտնօրեններն ասացին, թե շենքի վերանորոգման ժամանակ այն տեղաշարժվել է, այն էլ մի քանի անգամ, հնարավոր է, որ տեղաշարժերի ժամանակ դրանք քարից պոկված լինեն:
Քանդակագործ Տիգրան Սարգսյանին ուղեկցող սայաթնովագետ, պատվավոր դոկտոր Ասլան Ասլանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կորած զինանշանները գտնվում են քանդակի ետեւում, ոչ տեսանելի հատվածում, ուր որեւէ մեկը չէր կարող մոտենալ, իսկ դիմացի զինանշաններից չէին պակասում:
Փոխտնօրեններից մեկը վիրավորվեց այս վարկածը լսելուց, հանդիմանեց սայաթնովագետին, թե ինչպես է թանգարանում աշխատող կանանց նման մեղադրանք ներկայացվում:
Բայց փաստն այն էր, որ անգամ քանդակի կողքերին չկային պոկված մասերը, ինչպես՝ քարե կտորները:
Մեզ մոտեցած ֆոնդապահը՝ Գոհարը, նույնպես չգիտեր, թե ինչ հանգամանքներում են անհետացել այդ զինանշանները, կանչեց իր բաժնի աշխատակցին, նա լուսանկարեց, նշումներ կատարեց, նաեւ ասաց, թե թանգարանում տեսանկարահանման սարք կա տեղադրված:
Ավելի լավ, մտածեցինք, կարելի է նայել եւ տեսնել՝ ինչ է կատարվել, ինչպես:
Քանդակագործը հանեց ճյուղերը, լվանալ տվեց քարե հարթակը, որի վրա կային վնասված քարի կտորներ:
Երեկ քանդակը տեղադրվելու էր, բայց առանց զինանշանների:
Ինչպես կորոշվի այդ հարցը, կարծում եմ՝ կերեւա առաջիկայում:
Հ.Գ.– Քանդակագործը երկու տարի առաջ էր հարցազրույց տվել «Առավոտին», հայտնելով, թե Հայաստան է բերել իր պատրաստած արծաթե շախմատները՝ «Խաղաղություն», «Հայկական-պատմական», «Ֆրանսիական-Նապոլեոն», «Ռուսական»: Զարմանալի զուգադիպությամբ, թանգարանից հետո նրան այս անգամ սպասվում էին փորձություններ մաքսայինում՝ ԱՄՆ-ից բերված ուղեբեռը՝ ցուցադրվելիք ստեղծագործություն-շախմատներն էին հանգրվանել:
«Առավոտ»
14.10.2016