Վասիլի Բարխատովը խոստովանում է,
որ իր ստեղծագործական կնքահայրը Վալերի Գերգիեւն է
Երիտասարդ ռեժիսոր Վասիլի Բարխատովն (լուսանկարում) այսօր հնչեղ անուն է Ռուսաստանում։ 33-ամյա արվեստագետին 22 տարեկանում նկատել է Վալերի Գերգիեւը եւ դարձել նրա ստեղծագործական ուղու կնքահայրը։ «Առավոտի» հետ զրույցում ասվածը հաստատեց Բարխատովը։ Նա երջանկահիշատակ տենոր, ռեժիսոր Գեղամ Գրիգորյանի դստեր՝ հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի ամուսինն է։ «Երեւանյան այս այցիս նպատակն է ձեր օպերային թատրոնում սկսել Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի նախապատրաստական աշխատանքները»,- ասաց մեր զրուցակիցը։ Հավելեց, որ դա Գեղամ Միհրանիչի նախագծերից մեկն էր, ինչը նա վստահում էր իրեն։
Նշենք, որ «Մադամ Բաթերֆլայը» Երեւանի 83-ամյա օպերային թատրոնում տարբեր ժամանակներում ունեցել է 3 բեմադրություն՝ Գոհարինե Մելքումյանի, Վահագն Բագրատունու եւ վերջինը՝ Տիգրան Լեւոնյանի ռեժիսուրայով։ Շուրջ 30 տարի է, որ հիշյալ ներկայացումը հանված է խաղացանկից։
Զրույցի ընթացքում Վասիլի Բարխատովը հիշեց, որ Գեղամ Գրիգորյանը իրեն տեսանյութերի միջոցով ծանոթացնում էր մեր օպերային թատրոնի խաղացանկում տեղ գտած ներկայացումներին, մասնավորապես՝ հայ հեղինակների օպերաներին։ Ռեժիսորը ծանոթ էր Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերաներին, բնականաբար՝ նաեւ «Անուշ»-ին, որտեղ ընդամենը մեկ անգամ գլխավոր դերերգով հանդես է եկել իր տիկինը։ Իսկ թե ինչու Հասմիկ Գրիգորյանին էլ չենք հանդիպում Երեւանի օպերային թատրոնում, ամուսինը պատասխանեց. «Գեղամ Միհրանիչի երազանքն էր երեւանյան բեմում Հասմիկին տեսնել Մադամ Բաթերֆլայի դերերգով, երկու տարի առաջ Ստոկհոլմի Թագավորական, ապա՝ Հռոմի Օպերային, հետո էլ Լոնդոնի «Քովեն Գարդեն» թատրոններում Հասմիկը հանդես եկավ Բաթերֆլայի կերպարում, իսկ հայ հանդիսատեսն այս դերերգով կնոջս կհանդիպի, հավանաբար, ընթացիկ թատերաշրջանի ավարտին»։
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը, թե ամուսինները որեւէ օպերային բեմադրության մասնակցե՞լ են երկուսով, Բարխատովը ասաց, որ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում իր ռեժիսուրայով բեմադրված Դորգոմիժսկու «Ջրահարսը» օպերայում Հասմիկը հանդես է եկել Նատաշայի, Վերդիի «Օթելլո»-ում՝ Դեզդեմոնայի դերերգերով։ Իսկ Մոսկվայի Միխայլովյան թատրոնում էլ սոպրանոն մարմնավորել է Սենտային՝ Վագների «Թռչող հոլանդացին» ներկայացման մեջ։ Հարցին, թե՝ պատրաստվո՞ւմ է երեւանյան «Մադամ Բաթերֆլայ»-ին հրավիրել նաեւ իր ռուսաստանցի գործընկերներից ոմանց, ռեժիսորը բարձրաձայնեց Զինովի Մարգոլինիի անունը, որը ճանաչված սցենոգրաֆ է: Ասաց նաեւ, որ հրավիրված է լույսերի նկարիչ, ում անունը չտվեց։
Ինչ վերաբերում է կոնկրետ մեներգիչներին հրավիրելուն, արվեստագետը հավաստիացրեց, որ դրա կարիքը չկա, քանի որ հայկական վոկալ դպրոցը վաղուց հայտնի է աշխարհին, իսկ նրա ներկայացուցիչներն էլ՝ ցանկալի հյուր նշանավոր օպերային թատրոններում։ «Հայաստանից դուրս, իհարկե, լսել եմ հիանալի ձայներ՝ Հասմիկ Պապյանին, Գեւորգ Հակոբյանին, Հովհաննես Այվազյանին… Հավանաբար, գիտեք, որ ձեր թատրոնի երիտասարդական ծրագրի մեներգիչ, տենոր Տիգրան Հովհաննիսյանն այս եթերաշրջանում լուրջ հայտ է ներկայացրել ռուսաստանյան «Կուլտուրա» ալիքով հեռարձակվող եւ մեծ ճանաչում վայելող «Մեծ օպերա» նախագծի մասնակիցներին»,- հայտնեց Վասիլի Բարխատովը։
Անդրադառնալով Վալերի Գերգիեւի՝ իրեն կնքահայր լինելուն, հետաքրքրվեցինք, թե Ռուսաստանի ո՞ր օպերային թատրոններում է մեծամասամբ բեմադրություններ իրականացրել: Մեր զրուցակիցը նշեց, որ Մարիինյան թատրոնում մոտ տասը ներկայացման հեղինակ է, Միխայլովյան թատրոնում՝ երեք, այդ թվում Չայկովսկու «Եվգենի Օնեգինի», որը նաեւ բեմադրել է Լիտվայի Ազգային օպերայի եւ բալետի թատրոնում։ «Մեծ թատրոնում առայժմ մեկ բեմադրության հեղինակ եմ։ Դա Շտրաուսի «Չղջիկը» օպերետն է, աշխատել եմ Իրկուտսկի, Ռոստովի եւ այլ թատրոններում նույնպես։ Իմ ռեժիսուրայով է բեմադրվել հայազգի Միշել Լեգրանի հանրահայտ «Շերբուրգյան հովանոցներ» հայտնի մյուզիքլը եւ այլն»,- տեղեկացրեց Վասիլի Բարխատովը։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
14.10.2016