Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնացի դեսպանը հուզվել է Հայաստանի մութ ու ցուրտ տարիների մասին ֆիլմից

Հոկտեմբեր 15,2016 14:30

Հայաստանում հոկտեմբերի 13-17-ին հայտարարված է ճապոնական կինոյի հրավառություն: Արդեն 11-րդ անգամ կկայանա Ճապոնական ֆիլմերի կինոփառատոնը:

«Առավոտը» Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ ի՞նչ հայկական ֆիլմ կուզենար, որ դիտեին իր հայրենիքում:

Պարոն դեսպանը հայտնեց, որ քաջածանոթ չէ հայկական ժամանակակից կինոյին, բայց լավ գիտի դասականներին, օրինակ՝ հիացած է Փարաջանովի արվեստով: «Փարաջանովը հրաշալի ռեժիսոր է: Երբեմն Ճապոնիայում կազմակերպվում են փառատոներ, որտեղ տեղ են գտնում նաեւ Փարաջանովի ֆիլմերը: Նա հզոր կինոռեժիսոր է, եւ միշտ ուժեղ տպավորություններ են մնում իր ֆիլմերից»,- հայտնեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Հետաքրքրվեցինք՝ կա՞ համագործակցություն «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի հետ, որի շրջանակներում տարբեր երկրների լավագույն կինոն «գալիս» է Հայաստան, ու բազմաթիվ երկրների դեսպանատները համագործակցում են երեւանյան այցեքարտային այս կինոփառատոնի հետ:

Էյջի Տագուչին հայտնեց, որ 2016-ին «Ոսկե ծիրանը» դիմել էր իրենց՝ ճապոնացի ռեժիսոր եւ սցենարիստ Նաոմի Քավասեին Հայաստան հրավիրելու նպատակով, ու դեսպանատունն էլ պատրաստ էր ֆինանսավորել նրա այցը: Դեսպանի ձեւակերպմամբ, այս անգամ գուցե տեխնիկական պատճառներով բանակցությունները հանգուցալուծում չէին ստացել, բայց իրենք միշտ էլ պատրաստ են աջակցել «Ոսկե ծիրանին»: Նա հավելեց, որ 2015-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը մեկ այլ փառատոնին մասնակցելու համար երկու ճապոնացի ռեժիսոր էր հրավիրել:

naumi

Նաոմի Քավասե

Պարոն Տագուչին հավելեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում մի ֆիլմ էր դիտել 90-ականների Հայաստանի դժվարին տարիների մասին ու շատ էր հուզվել: Նա նշեց, որ շատ կցանկանար, որպեսզի ճապոնացի հանդիսատեսին էլ այդ ֆիլմը հասու լիներ:
Ինչ վերաբերում է Նաոմի Քավասեին, նրա «Ան» ֆիլմով 2015-ին բացվել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագիրը: Այս ռեժիսորը 27 տարեկանում դարձել է «Ոսկե տեսախցիկի» անվանակարգի ամենաերիտասարդ դափնեկիրը՝ իր «Սուզակու» ֆիլմի համար: Քավասեի ֆիլմերը տարբեր տարիների մասնակցել են Կաննի փառատոնին, այդ թվում՝ 2003, 2007, 2011 թվականներին:

Բացի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակից, նա այլ հեղինակավոր մրցանակներ էլ ունի՝ Լոկառնոյի, Ռոտերդամի կինոփառատոներից:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

14.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31