Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատության մասին

Հոկտեմբեր 15,2016 14:00

Վահրամ Փափազյանը քննադատին նմանեցնում էր հեռու ծովերում նավող արվեստագետի փարոս, ուղեցույց եւ ճաշակի արբիտր: Մեր տանը հաճախ տեղի ունեցող զրույցների ժամանակ, երբ մի քանի արվեստագետներ դժգոհում էին քննադատության մակարդակից, Ռուբեն Զարյանն ասում էր. «Քննադատը պետք է ներքին ուժ ունենա, հոգեկան անկախություն, մասնագիտական համարձակություն, որպեսզի չկատարի սրա կամ նրա պատվերը եւ չենթարկվի սրա -նրա ազդեցությանը»: Իմ համոզմամբ, քննադատը շտաբային զինվոր չէ:

Նա մի՛շտ կրակագծի առաջին շարքում պետք է լինի: Շիտակ եւ սկզբունքային քննադատություն: Քննադատ-քաղաքացի: Ես միշտ այն համոզման եմ եղել, որ պետք է մշտապես անդրադառնալ եւ վերլուծել-գրել մեր երաժշտական կյանքի կնճռոտ խնդիրների մասին՝ համերգների, ներկայացումների, ստեղծագործությունների, ոչ ճիշտ նշանակումների, եւ լավի հետ միասին ցույց տալ եւ վատը, սխալը, խանգարողը: Մեծ մասամբ ինձ առարկում են. ինչ ուզում ես գրի ու ասա, այն բացարձակապես անտեսվում է, չլսելու են տալիս: Այստեղ, իհարկե, ճշմարտություն կա: Ամենափայլուն միտքն անուշադրության կարժանանա, եթե դիմացինի մտածողությունը, ընկալման մակարդակը նորմալ վիճակում չէ: Բայց միեւնույն է, պետք է հետեւողականորեն գրել, բարձրաձայնել, գրգռել պետական պաշտոնյայի ականջը, ի վերջո փաստեր թողնել ապագա հետազոտողներին: Կարեւոր է քննադատի գրչի արդարությունն ու ազնվությունը, ճշմարտացիությունը: Քննադատությունը գովաբանության տարափ չէ, ոչ էլ թունաթափության անոթ: Տալ իրադարձությունների իրական պատկերը: Ինձ միշտ էլ հետաքրքրել է քննադատի անձը, նրա մտքերն ու մտքերի ընթացքը, եւ թե ում դեմքով է նա հանդես գալիս: Միշտ չէ, որ գոհ եմ մնացել, նկատելով անհարկի գովաբանություն, չհիմնավորված համոզվածություն, միտում: «Երբ ինձ գովում են,- ասում էր Գյոթեն,- հաճելի է, նույնիսկ շատ հաճելի: Բայց, երբ ինձ բարեկամաբար ցույց են տալիս այն ճանապարհը, որով եթե ես գնայի կհասնեի ավելի մեծ եւ ճիշտ եզրահանգումների, ավելի մեծ ճշմարտությունների, դա գնահատում եմ ավելի բարձր մի բան, քան գովասանք լսելու հաճելիությունը»:

Մեզանում լույս տեսնող հոդվածներում հաճախ նկատելի է տուրք կոմպոզիտորի կամ կատարողի անձին: Առաջինի անվանի լինելը, երկրորդի՝ կատարման իմաստով հնարավոր օգտակար լինելը, խանգարում է օբյեկտիվորեն անդրադառնալ առաջինի ստեղագործության մակարդակին եւ երկրորդի կատարողական հնարավորություններին: Քննադատը պիտի հասկանա, որ փորձառու կոմպոզիտորը վարպետորեն կարող է ստեղծել տպավորություն թողնող խաղալիքներ: Կատարողը դա չի կարող, եթե ակնառու է նրա «կատարումներում» իր հոգու փայլատակող անդունդային դատարկությունը:

Ընդհանրապես, քննադատը պետք է կարողանա արվեստագետի մեջ իրարից զատել նրա մարդկային էությունն ու ձեռք բերովին` փառքը, դիրքը, պաշտոնը: Գնահատել առաջինը եւ չխոնհարվել երկրորդի առաջ, քանզի դրանք ձեռքբերովի բաներ են: Վատը, անհաջողը, տգետին գովելիս քննադատը պիտի հասկանա, որ դրանով ինքը վատություն է անում մեզ՝ պրոֆեսիոնալներիս, ինքն իրեն եւ թյուրիմացության մեջ է գցում երաժշտասեր հասարակությանը: Այդ պատճառով էլ քննադատն ու քննադատությունը կորցնում են վստահությունը: Քննադատության վատթարագույն տեսակն այն է, երբ նա քծնողի, սպասարկուի դերում է, որը քայքայում է ճշմարիտ պատկերացումները եւ, մեկ էլ, երբ այն բանսարկուի դերում է, որը քայքայում է հասարակական առողջ հարաբերությունները: Բավարարելով իր մաղձը` այսինքն արժանավոր մեկին «ջիգրու», միտումնավոր գովել, բարձրացնել անարժանին, զգում ես, որ քննադատը հաճույք է ստանում դրանից: Գիտության մեջ չկա քննադատ, իբրեւ մասնագիտություն: Այնտեղ կա բանավեճ եւ բանավիճում են գիտնականները:

Երաժշտության աշխարհում այդպես չէ: Ուստի այդ դերը իրենց վրա են վերցրել երաժշտագետներն ու որոշ լրագրողներ, որոնք, դժբախտաբար, շատ անգամ հոդված գրողի դերում են հանդես գալիս, բայց ոչ քննադատի: Ուստի անհրաժեշտ է, որ մեր ասպարեզի քննադատությունը, ինչպես յուրաքանչյուր այլ քննադատություն, կրի իր մեջ փաստեր եւ համոզմունքներ, ոչ թե նկարագրություններ կամ ռեպորտաժ այս համերգի կամ այն ստեղծագործության կամ կատարողի վերաբերյալ՝ «պատշաճ էր», «իր համար վատ չէր», «չէի սպասում», կամ փրփրակալած, ճարճատող գովաբանություն, զուրկ իրական զգացողությունից, ֆալշ պաթետիկայով: Այն պետք է լինի ի հայտ բերող քննադատություն: Քննադատը պետք է առաջ քաշի հիմնավորված ապացույցներ կոմպոզիտորի, նրա ստեղծագործության, կատարողի նրա կատարողական արվեստի մասին, նշի ստեղծագործությունը կամ կատարումը համոզիչ դարձնող պատճառները, եթե կան, իհարկե, եթե չկան, դարձյալ նշի պատճառները: Ընդհանրապես քննադատը, ինչպես կատարողը, միջնորդ է եւ անտարբեր անձ չպետք է լինի, եւ նրա գրիչը պետք է լինի ճշմարտությամբ լի, որ կարողանա համոզել կարդացողին իր առաքինությամբ:
Նա չպետք է շփոթի նվագախմբի կամ կատարողի «լավ հնչելը» մեկնաբանության հետ եւ չշփոթի համերգային դահլիճը կոնսերվատորիայի դասարանական «փակ երեկոների» հետ: Երաժշտասեր հասարակությունը, պրոֆեսիոնալ երաժիշտները գնում են համերգների՝ լսելու ստեղծագործության մեկնաբանումը: «Լավ հնչեց», «վատ հնչեց»-ը, ըստ էության, ոչինչ չասող բառակապակցություն է, լավագույն դեպքում կատարման բաղադրիչ մասերից մեկն է, ընդամենը: Ուստի շատ կարեւոր է, որ պրոֆեսիոնալ երաժիշտ-քննադատը հիանալի իմանա կատարվող գործերի պարտիտուրը, որպեսզի հասկանա, թե ինչ կարեւոր դետալներ բաց թողնվեցին կամ հակառակը, շատ արժանվույն հնչեցին, գտնվա՞ծ է տվյալ ստեղծագործության հնչյունի տեսակը, կատարողական շտրիխը, ֆրազների ճիշտ կազմակերպումը ¥ծանր ու թեթեւ տակտերի հարաբերությունը, մետրական շեշտի եւ իմաստային շեշտի փոխհարաբերությունը¤, դինամիկայի զարգացման կանոնները եւ, ընդհանրապես, «լավ հնչեց»-ը, լաքապատ դատարկություն է, թե որոշ տեխնիկական թերություններով հանդերձ, իմաստալից գեղարվեստական բովանդակություն: Քննադատը պետք է ցույց տա ստեղծագործության կամ կատարման բուն էությունը, մաքրելով այն բոլորը, որը խանգարում է նրանց ամբողջական ընկալմանը: Քննադատությունը հույզի եւ բանականության միջոցով է վեր հանում փաստը, փաստ դարձած կարեւորագույն տարրերը: Քննադատը երբ գրիչը վերցնում է ձեռքը, պիտի հիշի, որ ինքը պետք է ասի միայն ու միայն ճշմարտությունը, ձեռքը դնի իր սրտի վրա եւ առաջնորդվի խղճի մտոք:

Քննադատը պետք է մեկնաբանի մեկնաբանությունը՝ անկախ այն բանից՝ այն կա, թե չկա, որովհետեւ մեկնաբանության չլինելը նույնպես մեկնաբանում է կատարողի անկարող լինելը: Քննադատը չպետք է հագուրդ տա իր կրքերին՝ քարկոծելու կամ գովաբանելու իմաստով, չպետք է առաջնորդվի անձնական, կանխակալ մի վերաբերմունքով: Քննադատը հասարակությանը չպետք է առաջարկի իկոնա, կամ հյուսի լեգենդ, այլ կարդացողին իր հետ տանի ստեղծագործական կյանքի հոգեւոր կեցության եռաստիճան վայրերով՝ Դժոխքով, Քավարանով, Դրախտով: Քննադատի մասին խոսելիս, ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ քննադատին, երաժշտագետ-քննադատին, որի քննադատությունը պետք է վճռականորեն եւ հաստատապես տարբերվի լրագրողի քննադատությունից: Գրել ստեղծագործության, համերգի կամ կատարողի մասին, նշանակում է ցույց տալ ներշնչման աղբյուրը, պարզաբանել ստեղծագործության բարձրագույն օրենքները, նրանց առանձնահատկությունները, ապրումներից ծնվող բազմաբնույթ տրամադրությունները, ցույց տալ, թե ինչ ճանապարհներով է ստեղծագործողը կամ կատարողը հասնում ազդեցության, որոնք էականորեն տարբերում են հեղինակին կամ ստեղծագործությունը, կամ կատարողին մյուսներից, ցույց տալ էսթետիկական ըմբռնումների հիմքը: Քննադատը նույնպես պետք է ունենա սկզբունք, ինչպես յուրաքանչյուր ճշմարիտ ստեղծագործող եւ չի կարող ունենալ կամայական մոտեցումներ: Բայց լինում են քննադատական հոդվածներ, որոնցում նկատելի է վերլուծական փաստերի փոխարեն հաջող գտնված, թեեւ ոչ ճիշտ հասցեագրված, մի քանի ձեւակերպումներ, որով, զգում ես, հեղինակը ինքնահիացման մեջ է, հրապուրված է իր ձեւակերպման «գրավիչ» տեսքով:
ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Արվեստի վաստակավոր գործիչ

 

«Առավոտ»

14.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այո, քննադատությունը մեր երաժշտարվեստում բացակայում է … Այս տարի կազմակերպվեցին բազմաթիվ խոշոր երաժշտական փառատոններ և այլ միջոցառումներ` նվիրված Հայաստանի անկախության 25- ամյակին, սակայն չհնչեց գեթ մեկ ստեղծագործություն, որն ուղղակի նվիրված լիներ մեր երկրի Անկախությանը: Թեպետ, ստեղծվել և իր կատարմանն էր սպասում մոնումենտալ ,, Հայոց աշխարհ,, վոկալ սիմֆոնիկ կանտատը, որի 9 մասերում, մեներգիչների, երգչախմբի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի միջոցով ներկայացված է մեր երկրի Անկախության 25-ամյա անցած ճանապարհը և իր տեսակով եզակի գործ է: Այս փաստը անտեսվեց … Ուրեմն, մեզանում չկա գեթ մեկը, որն իրավունք ունենա խոսելու քննադատության մասին … Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31