Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում հոկտեմբերի 1-ից 10-ն անցկացվեց բազկամարտի աշխարհի հերթական՝ 38-րդ առաջնությունը, որին Հայաստանը մասնակցեց պատվիրակության 11 անդամով:
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը «Առավոտին» պատմեց, որ այս անգամ աշխարհի ուժեղագույն բազկամարտիկների պայքարում հանդես էին գալիս 59 երկրների մարզիկներ, որոնք մեդալներ վիճարկում էին տարիքային երեք խմբերում՝ պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների:
«Մեր թիմը մասնակցեց բոլոր տարիքային խմբերի առաջնություններին եւ բոլորում միասին վերցրած ընդհանուր առմամբ նվաճեց յոթ մեդալ. 4 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե՝ ցուցադրելով ոչ միայն պողպատե ամուր մկաններ, այլեւ՝ գերազանց տեխնիկա, կայծակնային արագություն եւ հոգեբանական գերազանց պատրաստականություն: Այս որակներից մեկի բացակայության դեպքում մեր մարզաձեւում հաղթանակի մասին մտածելն անգամ ավելորդ է», – ասաց Արսեն Գաբրիելյանը՝ նշելով, որ միանգամայն գոհ է տղաների ցուցադրած արդյունքներից:
Պատանիների՝ մինչեւ 18 տարեկաններ, պայքարում գերազանց է հանդես եկել վանաձորցի Դավիթ Դադիկյանը, որը գերծանր՝ 80 կիլոգրամից բարձր քաշային կարգում հավասարը չի ունեցել թե աջ եւ թե ձախ ձեռքով մենամարտերում:
Մինչեւ 21 տարեկանների՝ երիտասարդներ, պայքարում Արմավիրի ներկայացուցիչ Դավիթ Մադոյանը աջ ձեռքով մարտում զբաղեցրել է երրորդ տեղը:
Առանձնապես հաջող են հանդես եկել մեր մեծահասակները: Մինչեւ 70 կգ քաշային կարգում հրազդանցի Էմիլ Ամիրշադյանը ձախ ձեռքով նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ աջով արժանացել արծաթե մեդալի: Չեմպիոնական ոսկով է տուն վերադարձել նաեւ մինչեւ 75 կգ քաշային Վրեժ Սեդրակյանը (Երեւան), որը բոլոր մրցակիցներին «գետնել» է ձախ ձեռքով: Իսկ Վրեժի համաքաղաքացի, մինչեւ 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը, որը մենամարտել է աջլիկների մեջ, բարձրացել է պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
14.10.2016