«Ինչքան թանկ լինի ատամի մածուկը, այնքան՝ որակով», -շատերն այս մտքով են առաջնորդվում եւ չեն էլ պատկերացնում, որ իրականում նշանակություն չունի արժեքը, կարեւորը բաղադրությունն է: Հայտնի է, որ հաճախ թանկ վճարում ենք բրենդի ու փաթեթավորման համար:
Ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ տարբեր մարդկանց մոտ մածուկները տարբեր դրսեւորումներ են ունենում: «Այսինքն, եթե կարողանանք նշել, որ կա իդեալական ատամի մածուկ, որ բոլորի մոտ կարող է ունենալ դրական ազդեցություն, ապա ասեմ, որ այդպես չէ»:
Մասնագետը ապրանքանիշների անուններ չնշելով, ուղղակի ասաց, որ օրինակ՝ շատ աղջիկներ պնդում են, որ օրը 10 անգամ ատամները մաքրում են, բայց պարզվում է, որ հիգիենիկ ստատուսը շատ ցածր է, որը կապված է հենց ատամի մածուկի հետ: «Լավ ու վատ մածուկի ազդեցությունը զգացվում է, պետք չէ շատ թանկանոց մածուկներ, ավելի լավ է միջին որակի, բայց եվրոպական արտադրության, կամ այնպիսի երկրների արտադրանք, որ պատենտներ չլինեն:
Ապրանքանիշներ կան, որ նույն մածուկը արտերկրում այլ որակի է, իսկ Հայաստանում այլ՝ ավելի վատ»,- ասաց մասնագետը:
Բացի ատամի մածուկի ճիշտ ընտրությունը, ամենակարեւոր նախապայմանը, ըստ ստոմատոլոգի, կապված է խոզանակման տեխնիկայի հետ:
«Եթե մարդ պահպանում է ճիշտ խոզանակելու կանոնները, մանրակրկիտ մաքրում է ատամի բոլոր մակերեսները, ապա ունենում է սպասված արդյունքը: Նույնիսկ արտասահմանյան մասնագետների արված հետազոտության արդյունքների համաձայն՝ սովորական ատամի մածուկով, բայց պահպանելով խոզանակելու տեխնիկան, մարդիկ ունեցել են դրական արդյունք»:
Հաճախ ատամի մածուկ ընտրվում է մի տեսակ՝ ամբողջ ընտանիքի համար, որը մասնագետի կարծիքով սխալ է, քանի որ մածուկները լինում են տարբեր նշանակության եւ յուրաքանչյուր մարդ իր խնդիրներն ունի. «Մեկը կարող է գերզգայուն ատամներ ունենալ, մյուսը կարիես, երրորդը` պարադոնտիտ կամ այլ խնդիր, որոնցից յուրաքանչյուրի հետ անհրաժեշտ է կոնկրետ նյութերով պայքարել, իսկ հատկապես փոքրիկներին անհրաժեշտ է հատուկ ատամի մածուկ, որը նվազագույն հավելանյութեր է պարունակում»:
Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել մածուկներ ընտրելիս, քանի որ յուրաքանչյուր ապրանքանիշ տարբեր նշանակության մածուկներ ունի:
1. Եթե կա լնդային խնդիր՝ պարադոնտիտ, ապա պետք է օգտագործվեն մածուկներ, որոնք օգնում են լնդային խնդիրների կանխարգելմանը: Այսինքն՝ ունեն հակաբորբոքային ազդեցություն: Սրանք լավ ազդում են ինչպես լավ մաքրելու շնորհիվ, այնպես էլ մածուկի մեջ առկա լավ բաղադրության, որոնք կարող են լինել ինչպես քիմիական, այնպես էլ դեղաբուսային, ինչը մեր պրակտիկայում ամենաշատն ենք խորհուրդ տալիս: Լնդային խնդիրները վերացնելու համար, սակայն, շատ կարեւոր է, որ ատամները լինեն լավ մաքուր: Պետք է օգտագործել լավ փափուկ խոզանակ եւ լավ մաքրող ատամի մածուկ:
2. Եթե պացիենտը ունի կարիոզ խոռոչներ, ապա այդ դեպքում պետք է օգտագործել կալցիում եւ ֆտոր պարունակող ատամի մածուկներ:
Լինում են այնպիսի տարրեր, որոնք սնուցում են էմալը, որը 99 տոկոսով սնվում է արտաքին միջավայրից՝ դիֆուզիայի շնորհիվ: Այսինքն՝ թքից եկած միներալներից եւ ատամի մածուկից, որն ունի հակակարիոզ ազդեցություն: Ինչը շատ էֆեկտիվ է լինում մինչեւ 20-25 տարեկան երիտասարդների մոտ: Դրանից հետո մածուկները եւս կորցնում են իրենց հակակարիոզ ազդեցությունները: Այսինքն, եթե մինչեւ 25 տարեկանը կարողացաք էմալը լավ պահպանել, դրանից հետո էական խնդիր չի լինի:
3. Մեծ ուշադրություն պետք է դարձնել նաեւ ատամների զգայունությանը, որը հատկապես լինում է երիտասարդների աճման շրջանում, որ սառից, տաքից, տարբեր գրգռիչներից ատամները գրգռվում են: Այս դեպքում անհրաժեշտ է վերցնել հատուկ այդ նպատակով «Sensitive»՝ զգայուն մածուկներ, որոնք շատ հարուստ են ֆտորով եւ մի քանի օր օգտագործելուց հետո կարող եք զգալ դրական ազդեցությունը:
4. Եթե պացիենտը շատ է ծխում, կամ դժգոհ է իր ատամների գույնից, ապա պետք է օգտագործի սպիտակեցնող ատամի մածուկներ: Այս մածուկները իրենց մեջ պարունակում են խոշոր հատիկներ, որոնք խոզանակման ընթացքում ատամների հյուսվածքների վրայից լիարժեք մաքրում են ատամնանստվածքները՝ ապահովելով ատամների բնական գույնը: Սակայն դրանցից պետք է շատ զգույշ լինել, քանի որ այդ հղկանյութերը (աբրազիվներ) կարող են եւ ատամների հյուսվածքները, եւ լնդերը վնասել:
Կան ապրանքանիշներ, որոնք ունեն սպիտակեցնող հատկություն, բայց ոչ թե այդ աբրազիվության, այլ ֆերմենտների շնորհիվ, որը քայքայում է նստվածքը, այլ ոչ թե վնասելով հանում:
5. Երեխաների համար մածուկներ ընտրելիս պետք է շատ ուշադիր լինել: Նախ նշենք, որ երեխան իր առաջին ատամի մածուկը պետք է ունենա առաջին ատամը ծկլթելուց հետո: Տարբեր ապրանքանիշներ տարբեր ձեւով են դասակարգվում: Հիմնականում լինում է՝ 0-4 տարեկան, 4-8 եւ դրանից բարձր:
0-4 տարեկանների համար նախատեսված ատամի մածուկներն այնպիսին են, որ այն կուլ տալուց վնասակար չլինի, քանի որ նրանում ֆտորն ու ֆերմենտները շատ ցածր տոկոս են կազմում, ինչը մեծանում է ըստ տարիքային խմբերի: Այսինքն՝ մինչեւ ութ տարեկանների համար նախատեսված ատամի մածուկն ավելի ակտիվացվում է, որ ատամի էմալը լավ սնուցվի եւ ինչպես նաեւ լավ մաքրվի:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
14.10.2016