Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Եղնուկյան. «82 տարեկան մորս կարող եմ վերջին անգամ տեսնել: Դա ձեր խղճին է մնում»

Հոկտեմբեր 14,2016 19:25

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Կարո Եղնուկյանի դատախազի կողմից տեսակցությունների արգելման մասին որոշման դեմ բողոքը:

Դատական նիստի ընթացքում Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ քննիչներին տրված են անսահմանափակ իրավունքներ. «Դժբախտաբար, դատավորները կատարում են միայն նոտարի դեր: Ինչ-որ քննիչը կամ դատախազը գրում է, դատարանը վավերացնում է: Այս դեպքում քննիչը սահմանափակել է ընտանիքիս տեսակցությունը՝ ասելով, որ ես կարող եմ նրանց ինչ-որ տեղեկատվություն փոխանցել: Իմիջիայլոց, դա անիմաստ չհիմնավորված մոտեցում է»:

Կարո Եղնուկյանը նշեց, որ չնայած դրան պաշտպանը կարող է իրեն տեսակցել, եւ հենց այն պատճառով, որ իր ընտանիքի անդամները չէին կարող տեսակցել իրեն Տիգրան Հայրապետյանը գրեթե ամեն օր տեսակցել է, եւ ինչ-որ ցանկանում էր փոխանցել ընտանիքի անդամներին, փոխանցել է պաշտպանի միջոցով. «Երբ որ ընտանիքիդ ես հանդիպում, հսկիչը սենյակում ներկա է: Հետեւաբար՝ ես չեմ էլ կարող մի բան ասել կամ մի բան հանձնել: Մինչեւ այդ սենյակ մտնելը ինձ խուզարկում են նսեմացուցիչ ձեւով: Ես ի՞նչ կարող եմ հանձնել կնոջս, ես պետք է գրկախառնվեմ կնոջս, աղջիկներիս հետ, մի քանի համբույր պետք է տամ, սա է, մի քանի կենցաղային բան պետք է խոսենք՝ ո՞նց ես, դպրոցն ինչպե՞ս է, կյա՞նքը: Սա է մեր խոսակցությունը, հիմա երբ որ սա սահմանափակվում է, պատիժ է, պատժու են Կարո Եղնուկյանին»:

Կարո Եղնուկյանը ասաց, որ իր 3 աղջիկները սովորում են Հունաստանում, եւ նրանցից 2-ին չի կարողացել հրաժեշտ տալ՝ չնայած, որ դիմում էր ներկայացրել: Նա դատարանին խնդրեց հանդիպման հնարավորություն տալ իր մյուս աղջկա հետ, որը մեկնելու է Հունաստան երկուշաբթի եւ իր 82-ամյա մոր հետ: Նա տեսակցության արգելքը որակեց որպես հոգեբանական խոշտանգում. «Լեզուս չի պտտվում ասել, աստված թո՛ղ ինձ ների, բայց 82 տարեկան մորս ես կարող եմ վերջին անգամ տեսնել: Դա ձեր խղճին է մնում հարգելի՛ դատախազ եւ դատարան»:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31