Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական հաջողություններն այն ժամանակ կսկսվեն, երբ մենք սկսենք հատուցումներ ստանալ». Արա Պապյան

Հոկտեմբեր 14,2016 17:31

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դիվանագետ Արա Պապյանը համարում է հաջողություն, բայց խորհուրդ չի տալիս այն շատ գերագնահատել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Որովհետեւ թուրքերը դեռեւս պահպանում են սա սահմանադրական խորհրդում վիճարկելու հնարավորությունը, մյուս կողմից ցեղասպանության ժխտումը Շվեյցարիայում էլ կա, բայց եթե հիշում եք՝ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի դատական գործի մեջ ասվում էր՝ երբ սահմանափակում ես արտահայտվելու նույնիսկ ժխտելու իրավունքը, սահմանափակում ես խոսքի իրավունքը, այնպես որ չգիտենք այս ամենն ինչով կվերջանա: Բացի սա, ամենակարեւորը՝ կրկնելով, որ այս օրինագծի ընդունումը հաջողություն է՝ միաժամանակ ես կարծում եմ՝ իրական հաջողություններն այն ժամանակ կսկսվեն, երբ մենք սկսենք հատուցումներ ստանալ»,- նման կարծիքի է Արա Պապյանը:

Ara_PapyanԱյս օրինագծի քննարկումների ձգձգումը տարբեր շահարկումների առիթ էր տվել, կային կարծիքներ, որ Սենատը թուրքական կողմից ճնշումների է ենթարկվում ու գուցեեւ այդպես էլ չհամարձակվի ընդունել: Օրինագծի ընդունման ձգձգումը, ըստ պարոն Պապյանի, պայմանավորված էր հարմար պահով. «Նման օրինագիծ անցկացնելու համար պետք է ընտրել ճիշտ պահը, իսկ պահը հիմա հարմար էր՝ եւ կազմակերպչական եւ քաղաքական առումով: Հիմա Թուրքիայի վարքագծի մեջ ավելի ակնհայտ հակաարեւմտյան դրսեւորումներ կան եւ քաղաքական առումով ավելի նպաստավոր դաշտ է ստեղծվել, քան մի քանի ամիս առաջ էր»:

Պարոն Պապյանը օրինագծի ընդունումը չի համարում հայ դիվանագիտության աշխատանքի արդյունք. «Սա Ֆրանսիայի ներքին իրավիճակին վերաբերող հարց է, սա մեր դիվանագիտության շնորհքը չէ: Սա հայկական ծագումով Ֆրանսիայի քաղաքացիների դերակատարությունն է: Թուրքերն էլ առանձնապես մեծ լծակներ չունեին տապալելու օրինագիծը: Կարող ենք ասել, որ օրինագծի ընդունումն իրենց համար անհաջողություն է, բայց Ֆրանսիայում, այսպես թե այնպես, ճանաչումը կար, Ֆրանսիան այն երկրներից է, որ ավանդաբար արտահայտվել ու տարբեր դրսեւորումներով վերահաստատել է ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը, հիմա լրիվ այլ խնդիրներ պետք է դրվեն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31