Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական համալսարանում կբացվի ասպիրանտուրա       

Հոկտեմբեր 14,2016 17:25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

«Որպես ֆրանկոֆոն երկիր մենք որոշակի պարտավորություն ունենք ֆրանկոֆոն մշակույթի և ֆրանսերեն լեզվի տարածման ու զարգացման գործում: Այդ առումով ուզում եմ տեղեկացնել, որ ներկայում կրթության նախարարությունը նախաձեռնել է օտար լեզուների պահպանման հայեցակարգի մշակման գործընթացը, որտեղ առանձին հատվածով կներկայացվեն ֆրանսերեն լեզվի պահպանության և տարածման ուղիները»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը կարևորել է ֆրանսիական համալսարանի դերը մեր երկրի կրթական համակարգում, ինչպես նաև համալսարանական անկախ համակարգի առկայությունը` երկրի ինքնուրույնության և ինքնիշխանության գործում:

Իր հերթին դեսպան Շարպանտիեն շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կարևորագույն ձեռքբերումն է: Խոսելով համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի շուրջ` դեսպանը հավաստիացրել է, որ համալսարանի վարչական վերջին խորհուրդը վերահաստատել է սովորողների համար սոցիալապես մատչելիության սկզբունքը: Դեսպան Շարպանտիեն տեղեկացրել է նաև, որ համալսարանի գործունեության զարգացմանը, ուսանողների թվի ավելացմանը զուգընթաց որոշակի խնդիրներ են առաջանում, որոնք համատեղ լուծումներ են պահանջում:

Այդ առնչությամբ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ շրջանառության մեջ է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որտեղ ի թիվս այլ հարցերի` հստակ սահմանված է պետական, ոչ պետական և միջազգային պայմանագրերով հիմնադրված բուհերի կարգավիճակը, որը հնարավորություն կտա կարգավորել կազմակերպաիրավական, ֆինանսական և մի շարք այլ խնդիրներ: Լևոն Մկրտչյանը ողջունել է Ֆրանսիական համալսարանի կողմից ասպիրանտուրա հիմնադրելու քայլը և իր պատրաստակամությունը հայտնել համալսարանին սատարելու այդ գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են մեր երկրում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, ֆրանսերեն լեզվի տարածման և զարգացման, ֆրանկոֆոն մշակույթի և ֆրանսերեն լեզվի տարածման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31