«Գրեթե վեցերորդ տարին է՝ պատերազմ է, սփյուռքի նախարարությունը ներկայացուցիչ չունի Հալեպում, Լաթաքիայում ու Դամասկոսում, նորմա՞լ է սա, ինչպես կարելի է նման բան անել: Որտեղ ժողովուրդդ ռումբերի տակ է, գլուխ են կտրում, գեթ մեկ ներկայացուցիչ չկա: Ես խնդրում եմ, թող Հրանուշ Հակոբյանի երկու տեղակալները գնան Հալեպ, այնտեղ ապրեն մինչեւ վերջին պահը ու տեսնեն ինչ իրավիճակ է»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում նման կարծիք հայտնեց «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը:
Դիտարկմանը, թե Հայաստան եկած սիրիահայերը նախընտրում են ճոխ պայմաններ ու կենտրոնում բնակարաններ, նա չհամաձայնեց՝ ասելով պետք չէ ընդհանրացնել, ինքը ճանաչում է մարդկանց, որոնք պատրաստ են բնակվել այնտեղ, որտեղ առաջարկվի. «Հալեպահայեր կան, ասում են, որ իմանանք մեզ դիմավորող, տեղավորող կա, ոնց չենք գա, անմեղսունակ հո չենք, ռումբը նախընտրենք կյանքի՞ց: Հայրենադարձությունը, ներգաղթն ինչպես պետք է արվի, Հայաստանը դատարկվում է, արտագաղթում են, տասնհինգ թվից հետո սա երկրորդ ջարդն է, բա հայրենադարձությամբ ո՞վ պետք է զբաղվի»:
Պարոն Հացպանյանին հատկապես զարմացրել էր սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանի հայտարարությունը, թե չունեն տեղեկություններ, որ Սիրիայում կան հայեր, որոնք ուզում են Հայաստան գալ, բայց չեն կարողանում. «Տասը օր է , ամբողջ աշխարհը գոռում է, արդեն չորս ընտանիք եկել, տեղավորվել է, բա ամոթ չէ՞ որ մարդ նման բան ասի, ասում են գեթ մեկ սիրիահայի անուն չգիտենք, որ ուզում են գալ: Գնա, վերցրու այդ տվյալները:Ով պետք է անի դա: Եթե սփյուռքի նախարարությունն իր տեղում լինի, ինչի համար կոչված է, մենք ինչ գործ ունենք այստեղ, կամ քաղաքացիական ու հասարակական այլ նախաձեռնությունները»:
Նախաձեռնության անդամ՝ գրող, հրապարակախոս Նուշիկ Միքայելյանն էլ ասաց, որ սփյուռքի ու հայաստանցու միջեւ երկխոսության, իրար հասկանալու բաց կա. «Հալեպահայերի հետ երբ խոսում ես, մեծամասնությունը փնովում են հայաստանցիներին, թե կոպիտ են, հյուրընկալ չեն, սրտաբաց չեն, հայաստանցիներն էլ հակառակն են ասում՝ ահ, զզվեցրին էդ հալեպահայերը, կողմերի միջեւ երկխոսության բացը ողբերգություն է առաջացրել»:
Կարդացեք նաև
Նա նաեւ պատմեց, որ վերջերս Սիրիայից Հայաստան եկած մի ընտանիքի իրենց նախաձեռնությանը հաջողվել է ժամանակավորապես ապահովել բնակարանով, իսկ վեց ամսվա վարձավճարը հոգացել է հայաստանաբնակ մի կին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»