Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փնտրվում է Շիրակի նոր մարզպետացո՞ւ

Հոկտեմբեր 14,2016 17:15

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում ու Շիրակի մարզի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Շիրակի մարզում սպասողական մի իրավիճակ է ստեղծվել՝ կապված մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հնարավոր փոփոխության հետ։

Մարզի տարբեր պետական կառույցներում, այդ թվում Շիրակի մարզպետարանում Հովսեփ Սիմոնյանին մարզպետի պաշտոնում թողնել-չթողնելը դարձել է ամենօրյա քննարկման թեմա։ Բանն այն է, որ ՀՅԴ-ական թեկնածուները մեծամասամբ պարտվել են Շիրակի մարզի գյուղերում, օրինակ՝ Ազատանում, Արփիում, Կամոյում, Ջաջուռում, Փանիկում, Աշոցքում, անգամ Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ծննդավայրում՝ Սարատակում։

Այս փաստը, բնականաբար, լուրջ մտահոգության տեղիք է տվել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներին. առջևում ԱԺ ընտրություններ են ու այս ցուցանիշով կասկածի տակ է դրվում ՀՅԴ-ի՝ խորհրդարան մտնել-չմտնելը։ ՀՅԴ-ն չկարողացավ անգամ ընդգրկվել Գյումրու ավագանու կազմում՝ չհաղթահարելով անցողիկ նվազագույն 6 տոկոսի շեմը։

Ինչևէ, արդեն մեկ շաբաթ է՝ համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՅԴ-ն Հովսեփ Սիմոնյանին փոխարինելու է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանով։ ՀՅԴ-ում եղե՞լ է նման քննարկում, ստացե՞լ է նման առաջարկ, Aravot.am-ն այս հարցով դիմեց Մովսես Մանուկյանին, վերջինս ասաց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում։ «Ես ծրագրերով եմ զբաղված, ես չգիտեմ ձեզ ով է ասել, բայց ես նման տեղեկություն չունեմ, ինձ ոչ մեկը նման բան չի ասել, իհարկե, ես դաշնակցական եմ, որոշողը ՀՅԴ-ն է, ոչ ես»։

Մեր դիտարկմանը, գիտենք, որ դաշնակցական եք ու մտածում ենք՝ ՀՅԴ-ն ձեզ նման առաջարկ է արել, Մովսես Մանուկյանը մեկ անգամ ևս կրկնեց. «Ես տեղյակ չեմ, նման տեղեկատվություն չունեմ, ես իմ գործն եմ անում, ես պետական աշխատող եմ, իմ աշխատանք եմ կատարում»,- ասաց գյուղվարչության պետը։

Հովսեփ Սիմոնյանի հետ այսօր այս հարցի շուրջ զրուցել չստացվեց, նա մայրաքաղաքում էր։

Ինչպես վստահեցնում են մեր աղբյուրները, մի քանի օր առաջ Գյումրիում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել, այսպես ասած, ընկերային հավաք, որի ժամանակ քննարկվել են պարտություն կրելու պատճառները, յուրաքանչյուրը ներկայացրել է իր տեսակետը։

Այժմ էլ, ըստ նույն աղբյուրների, սպասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նիստ, որի ժամանակ էլ վերջնականապես կորոշվի Հովսեփ Սիմոնյանի՝ մարզպետի պաշտոնում մնալ-չմնալու հարցը։

Ըստ մեր աղբյուրների, եթե ՀՅԴ-ն որոշի Հովսեփ Սիմոնյանին փոխել մեկ այլ կուսակցականով, սակայն չգտնի համապատասխան թեկնածու Շիրակի մարզպետի պաշտոնի համար, չի բացառվում հրաժարվի Շիրակ մարզից։

Ի դեպ, կային ՀՅԴ-ականներ, որոնք մեզ հետ զրույցում պաշտպանում էին Հովսեփ Սիմոնյանին՝ նշելով, թե թեկնածուներից մարդիկ կան, որոնց իրենց թաղում ձայն չեն տվել։ «Ի՞նչ անի այստեղ Հովսեփ Սիմոնյանը, տեսե՞լ եք Գյումրու թեկնածուներից որն ինչքան է հավաքել իր սեփական թաղում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը՝ կուսակցության ներսում ավելորդ խնդիրներ չստեղծելու համար։

ՀՅԴ-ականները հաղթել են Շիրակի մարզի երեք համայնքներում՝ Ախուրյանում, Գուսաննայում, մարզպետարանի պաշտոնյաները նշում են, որ այս երկու գյուղերում կուսակցությունը դերակատարություն չի ունեցել. երկու գյուղապետերն էլ՝ Արծրուն Իգիթյանն ու Վասակ Ղազարյանը հարգված մարդիկ են, իսկ Հայկասարում ՀՅԴ-ական Հրաչ Բարսեղյանը մրցակից չի ունեցել ու դարձել է գյուղապետ։ Որպես ՀՅԴ-ականների պարտության պատճառ՝ մեր զրուցակիցները նշում էին ոչ ճիշտ թեկնածուներ առաջադրելը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31