Հոկտեմբերի 14-ին «Սինեմա Սթարում» կայացավ պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Վանայ լիճին…» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անդրե Սիմոնյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը:
Երգը գրվել է «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի շրջանակներում՝ Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության տպավորությունների ներքո:
Aravot.am-ի հետ զրույցում Սիբիլը նշեց, որ անչափ հուզված է տեսահոլովակի շնորհանդեսի առիթով. «Առաջին անգամ այսպիսի բան մը եղավ, որովհետեւ կլիպս առաջին անգամ հոս ցուցադրվեցավ, ավելի առաջ Թուրքիո մեջ պրեմիերայի այս ձեւով բան մը չէի ըրած, բայց TV-ներուն տված էի, TV-ներեն սփռված էր: Շատ լավ էր: Մեծ էկրանով դիտելը շատ հաճելի էր»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ հուզիչ երգը զրույց է Վանա լճի հետ: Սիբիլի ձեւակերպմամբ, այն բոլոր հայերի մասին է. «Աշխարհի հայերուն համար Վանա լիճը շատ մեծ կարեւորություն ունի, ասիկա աշխարհի հայերուն նվիրված երգ մըն է, Վանա լիճին կարոտը կը բաժնե»:
Սիրված երգչուհին նշեց, որ երաժշտությունը ամենամեծ դիվանագիտությունն է եւ ամենահասկանալի լեզուն:
Նա հիշեցրեց Անդրե Սիմոնյանի ու թուրք երաժիշտների հետ միասին վերջերս իրականացրած «Ներդաշնակության մեղեդի» նախագծի մասին:
«Դա պատմության անցնելիք պրոյեկտ մըն է, որ անոր ֆիլմը երկու օր առաջ ցուցադրվեցավ: Ով որ ներկա էր, իսկապես հիացան…Շատ հատուկ նախագիծ մըն էր…Իմ կարծիքով, երաժշտությունը սահման չունի, այն ամեն ինչը կհաղթե»,-համոզված է երգչուհին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱն
եթէ այս երգչուհին նպատակ ունի Հայաստանում ասպարէզ ունենալու,
թերեւս լաւ կը լինի որ մտածէ մի այլ բեմի անուն գործածելու մասին
«Սիբիլ»ը, ոնց որ լաւ չի հնչում…