Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր քննվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դատախազի կողմից տեսակցությունների արգելանքի մասին որոշման դեմ բողոքը:
Դատական նիստին մասնակցում էր նաեւ Կարո Եղնուկյանը: Դահլիճում ներկաները ծափահարություններով դիմավորեցին նրան: Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը շինծու է եւ արհեստական, Եղնուկյանը իրեն մեղսագրված գործողությունները չի կատարել: Որեւէ հիմնավորող ապացույց չի ներկայացվել, այսինքն՝ չկա անուղղակի ապացույց, որը կարող էր հիմնավորել Եղնուկյանի առնչությունը այդ հանցագործությանը:
Տիգրան Հայրապետյանը ընդգծեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել շենք, շինություններ զավթելու եւ պահելու մեջ, սակայն Եղնուկյանին մեղադրում են այդ արարքը օժանդակելու մեջ: Ըստ, փաստաբանի այս հանգամանքը եւս անհիմն է դարձնում մեղադրանքը:
Հայրապետյանը հավելեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման բոլոր անդամները ձերբակալված եւ կալանավորված են, որեւէ ձեւով Եղնուկյանը չի կարող իր հետ կապ ունենալ, հետեւաբար՝ տեսակցությունները սահմանափակելը որեւէ կերպ չի կարող իրավաչափ համարվել:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ պետության պարտքն է հարգել անձնական եւ մասնավոր կյանքի ազատությունը. «Դատախազի որոշումը պատճառաբանված չէ: Նրա ընտանիքի անդամները չեն առնչվում քրեական գործի հետ, ավելին՝ նրա մայրը եւ եղբայրը վերջերս են եկել ԱՄՆ-ից տեսակցելու նրան: Արգելելը՝ տարեց մորը եւ երեխաներին, չի կարող իրավաչափ համարվել»:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ