Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքա՛ն ուժեղ տղա եմ, որ չեմ ճանաչում ԼՂՀ անկախությունը». Թեւան Պողոսյանը հեգնում է Ալիեւին

Հոկտեմբեր 14,2016 16:52

«Զինատեսակ ունենալը բավարար չէ ասելու համար, որ դու ապահով ես, թեեւ սա քաղաքական ուղերձ է թշնամուդ»,-Երեւանում ընթացող ժամանակակից սպառազինությունների ցուցահանդեսի մասին Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Ըստ նրա՝ պետք է մտածել, թե ինչպիսին պետք է լինեն անվտանգության ամենօրյա ապահովման մեխանիզմները. «Արդյոք այդ սպառազինությունները եւ հնարավորությունները, որոնք այստեղ ցուցադրվում են, ձեռք են բերվելու եւ տեսնելու ենք շատ արագ արդիականացում՝ հագուստից մինչեւ գիշերային դիտարկման սարքեր: Նաեւ պետք է կարողանանք ձեւավորել հետեւյալ իրավիճակը, երբ կասկած չենք ունենա՝ միշտ լինելու են այն հրամանատարները, որոնք ոչ թե սխալներ են թույլ տալու, այլ «դուխով» հրաման են տալու, եւ ցանկացած զինատեսակ, որը պետք է լինելու այդ օրն օգտագործել, օգտագործելու ենք»:

Խնդրեցինք մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ վերջերս հնչեցրած աղմկոտ հայտարարությունը, թե իր վրա ճնշում են գործադրում ու ստիպում ճանաչել Արցախի անկախությունը: «Հայկական կողմի համար դա զարմանք չպետք է առաջացնի. մենք միշտ գիտեինք, որ այդ հարցը քննարկվում է: Եթե զարմանում են, թող զարմանան ադրբեջանցիները, որովհետեւ Ալիեւն ինքն էր միշտ ասում, որ նման հարց չկա եւ մտածելու բան չունեն, թե այն կարող է քննարկվել: Իսկ հիմա ասում է՝ «ինձ վրա ճնշում են գործադրում, բայց ես այնքան ուժեղ տղա եմ, որ դիմադրում եմ եւ չեմ ընդունում այդ հարցը»,-հեգնեց Թեւան Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ այդպես Ալիեւը փորձում է ոգեշնչել իր հասարակությանը, իսկ միջազգային հանրությանը՝ ասել, որ պատրաստ է հարցը ռազմական ձեւով լուծելու. «Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ միջազգային հանրությունը խնդիր ունի կատարելու, երբ հավասարության նշան դնող անատամ հայտարարություններ է անում: Իսկ հայկական կողմը պետք է մտահոգվի իր տնտեսության զարգացմամբ»:

Անդրադառնալով հայկական կողմի ձեռք բերած «Իսկանդերներ»-ին, մեր զրուցակիցն ասաց. «Դրա համար վճարվել է: Կարեւոր չէ՝ վճարվել է կե՞ս գին, 1/3-ը, թե 100 տոկոսը, դրանք այլեւս հայկական են՝ մերն են»:

Պատգամավորը չի կիսում տեսակետը, թե հայկական կողմը չի կարող կիրառել այդ զենքը. «Որ մի բան չեք իմանում՝ պետք չի խոսել: Շատ մարդիկ հոլիվուդյան ֆիլմեր կարող են նայել եւ դրանց սցենարներով ոգեշնչվել: Գիտակցենք՝ ի՞նչ է՝ մեր բանակը չէ՞ր հասկանում, որ եթե չի օգտագործելու այդ զենքը, ցուցադրելն իմաստ չունի…»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31