Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Աշխատանքի տոնավաճառ, որն այս անգամ Հանրապետության Հրապարակին կից պուրակում համախմբել էր 67 գործատուի, որոնք ներկայացնում էին 815 առկա և 187 սպասվելիք աշխատատեղ:
Վերջին տարիներին ՀՀ զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և պետական բյուջեի ֆինանսավորմամբ պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները մասնակիցների քանակով ապացուցում են, որ դրանք սպասված են ոչ միայն հանրապետության տարբեր մարզերում, այլև` Երևանում:
«Աշխատանքի տոնավաճառները հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ու աշխատանք փնտրողներին առանց ժամանակի ու տեխնիկական ավելորդ ռեսուրսներ վատնելու, հանդիպել պոտենցիալ գործատուներին՝ մեկ վայրում ստանալով միաժամանակ աշխատանքի մի քանի հետաքրքիր առաջարկ»,-նշել է նախարար Արտեմ Ասատրյանը՝ տոնավաճառում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նախարարն իր խոսքում ընդգծել է նման միջոցառումներում պետության դերի կարևորությունը. «Փաստորեն պետությունը միջնորդ է հանդիսանում, որպեսզի ավելի առարկայական դառնան գործատու և աշխատանք փնտրող հարաբերությունները և անուղղակիորեն երաշխավորում է, որ աշխատանք փնտրողը ունենա կայուն զբաղվածություն»:
Կարդացեք նաև
Այնուհետև նախարարը շրջելով տոնավաճառի տարածքում՝ նկատել է, որ այս անգամ գործատուներին է միացել նաև կարի արտադրության ոլորտը, ինչը ուրախացնող փաստ է համարել: Նա մեկ առ մեկ մոտեցել է գործատուներին, հետաքրքրվել է նոր առաջարկների և տոնավաճառից ակնկալվող արդյունքների մասին: Ընթացքում նախարարին են մոտեցել երիտասարդ մասնագետներ, ովքեր ողջունելով տոնավաճառի գաղափարը, իրենց հավակնություններն ու սպասումներն են ներկայացրել նախարարին, ինչին նախարարն արձագանքել է, որ արված առաջարկությունները հաշվի կառնվեն հետագա տոնավաճառների կազմակերպման ժամանակ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին