Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների մասին
Ի լրումն նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ մերձմոսկովյան “Ռամենսկի” օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի ուղևորներին և վթարի հետևանքով տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով: Նախատեսվում է, որ օդանավը Բեսլանում վայրէջք կկատարի մոսկովյան ժամանակով ժամը 14.00-ի սահմաններում:
Ներկա պահին Բեսլանի մշակույթի տանը կազմակերպված ժամանակավոր կացության վայրում գտնվում է 26 քաղաքացի:
Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:
Կարդացեք նաև
ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը հանդիսանում են ՌԴ քաղաքացի, երկուսը՝ ՀՀ քաղաքացի:
Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի
Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի
Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի
Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի
Մամչենկո Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի
Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:
Հայտնում ենք, որ ս/թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և առաջարկելով իր օժանդակությունը:
——
Ի լրումն նախորդ հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Ինը տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են ք.Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում, երկու քաղաքացի՝ Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում, չորս երեխա՝ Վլադիկավկազի հանրապետական մանկական կլինիկական բուժհաստատությունում:
Նշենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը ուղևորվել է մերձմոսկովյան “Ռամենսկի” օդակայան՝ ՌԴ ԱԻՆ օդանավով Բեսլան մեկնելու նպատակով:
———–
ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղակալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբից ստացված տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 9 տուժած, որոնցից 5-ը ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաև 9 տարեկան երեխա:
Ըստ դեսպանության տվյալների՝ մոսկովյան ժամանակով ժամը 11.00-ի սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին և տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով:
————
Ըստ ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրված նախնական տեղեկությունների համաձայն, ս/թ. հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:
Ներկայումս 27 ուղևոր գտնվում է ք.Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, որոնցից չորսը՝ երեխա: Տուժած մանկահասակ երեխաներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժին:
Այս պահի դրությամբ 13 քաղաքացի գտնվում է ք.Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում: Քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով: Ավտոբուսի 5 ուղևոր այլ տրանսպորտային միջոցով շարունակել է ճանապարհը:
ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղակալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տեղում անհրաժեշտ աշխատանքների համակարգման նպատակով: Ներկայումս քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Դեպքի վայրում է նաև Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:
Այս պահի դրությամբ տուժած և զոհված ուղևորների ցուցակներն ու քաղաքացիությունը ճշտվում են:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և դեսպանությանը կից ՀՀ իրավապահ մարմինների լիազոր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության համապատասխան մարմինների հետ՝ անհրաժեշտ աշխատանքների համակարգման և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն