Հոկտեմբերի 5-7-ը Թուրքիայում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նիստի օրակարգում 10 երկրների պատվիրակներ ներկայացրել են զեկույցներ՝ անվտանգության խնդիրների՝ ահաբեկչության եւ կրոնական հիմնահարցերի, նաեւ տնտեսական իրավիճակի առնչությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Անդրադառնալով հայկական պատվիրակության զեկույցին՝ նա նշեց, որ ՀՀ-ն լավ դիրքերում է գտնվում կրոնական եւ խոսքի ազատության մասերով. «Անվտանգության հարցերը ՀՀ-ում գտնվում են կայուն վիճակում: Փառք աստծո, ահաբեկչության դրսեւորումները ՀՀ-ում չեն կարողանում տեղ զբաղեցնել»:
Պատգամավորը տեղեկացրեց, որ նիստին մասնակցում էին նաեւ պատվիրակներ Թուրքիայից եւ Ադրբեջանից. «Նրանք փորձում են արծարծել հայկական ատոմային էլեկտրակայանի ատոմային անվտանգության խնդիրները, մինչդեռ անվտանգության այն երաշխիքները, որոնք ձեւավորված են ատոմակայանի եւ ՀՀ-ի մասով, կայուն դիրքերից են հանդես գալիս»:
Վահե Էնֆիաջյանը նաեւ հայտնեց, որ Ադրբեջանի պատվիրակը կրկին շեշտադրել է իր երկրի տարածքային ամբողջականության հարցը, սակայն չի նշել որեւէ այլ երկրի անուն: Դա արդյունք է նրա, որ նախորդ նիստերում հայկական կողմից նույն հարցի շուրջ կոշտ պատասխաններ են տրվել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ