Aravot.am-ը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ նախարարությունն ինչ նորություն կարող է հայտնել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից:
Պարոն Մարտիրոսյանը, որին հանդիպեցիքն «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի բակում` Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի հյուրերին ճանապարհելիս, ասաց, որ արդեն ստեղծված աշխատանքային խումբը գործուղվում է տեղում աշխատելու. «Ռուսաստանի տրանսպորտի նախարարը եւ նրանց համապատասխան նախարարությունները նույն խումբը ստեղծել են, այնտեղ աշխատում են: Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց»:
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ հանրապետության նախագահը եւ վարչապետը հանձնարարականներ են տվել եւ որ աշխատանքները համակարգում է անձամբ, քանի որ խմբի ղեկավարն է. «Մեր աշխատանքային խումբը գործուղվում է եւ տեղից ավելի ստույգ ինֆորմացիա կհաղորդի»:
Այսօր առավոտյան վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտնել էր, որ արդեն հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ տեղում իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երեւան ավտոբուսը: Նախնական տվյալներով` վթարի հետեւանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ