«Այո՛, վերահաստատում եմ, որ նոյեմբերի 26-ի համագումարը լինելու է առանցքային եւ բեկումնային, քանի որ և՛ ծրագրում, և՛ կանոնադրությունում փոփոխություններ են սպասվում, և՛ բեկումնային է լինելու նաեւ քաղաքական օրակարգի ձեւավորման գործում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին`վերջերս հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Դուք ասել եք, որ ՀՀԿ համագումարը նոյեմբերի 26-ին բեկումնային եւ առանցքային է լինելու՝ չբացառելով նաեւ կադրային փոփոխություններ ղեկավար կազմում: Ի՞նչն է լինելու բեկումնային: Արդյոք վարչապետ Կարապետյանն իր թիմով անդամակցելո՞ւ է ՀՀԿ-ին:
«Երկրորդը, համալրումների մասով, կուսակցությունը կենդանի օրգանիզմ է եւ մշտապես կուսակցությունում լինում է և՛ արտահոսք, և՛ ներհոսք: Առաջին համագումարը չէ, երբ գործադիր մարմնում եղել են փոփոխություններ: Այդպես է եղել նախորդ երեք համագումարների ժամանակ, երբ ես, Տարոն Մարգարյանը, Սամվել Նիկոյանը եւ մի շարք այլ մեր գործընկերներ դարձան գործադիր մարմնի անդամ: Այդպես էր, որ Տիգրան Սարգսյանը դարձավ Հանրապետական եւ գործադիր մարմնի անդամ, այդպես էր, որ Վահրամ Բաղդասարյանը դարձավ գործադիր մարմնի անդամ:
Ինչ վերաբերում է պարոն վարչապետին, պարոն վարչապետը, այո՛, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմի լիարժեք անդամ է, բայց ինչ վերաբերում է կուսակցությանն անդամակցելուն կամ չանդամակցելուն, ոչ անդամակցելուց զարմացեք, ոչ էլ չանդամակցելուց զարմացեք: Հանրապետական կուսակցությանը Կարեն Կարապետյանի անդամակցելու խնդիրը կորոշի Կարեն Կարապետյանը, Կարեն Կարապետյանն ինքը կորոշի անդամակցել Հանրապետականին, թե ոչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ