Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ տրանսպորտի նախարարը հավաստիացրել է, որ ռուսական կողմն օպերատիվ կերպով անում է հնարավորը՝ վիրավորներին անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ

Հոկտեմբեր 14,2016 12:07

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:

Հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետն անդրադարձել է այսօր վաղ առավոտյան Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Խորը մտահոգություն հայտնելով դեպքի հետ կապված՝ կառավարության ղեկավարը նշել է, որ արդեն հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ տեղում իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին արագ արձագանքի, տեղում ցուցաբերվող աջակցության համար:

Մաքսիմ Սոկոլովը ՌԴ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին և մանրամասներ ներկայացրել իրավիճակի և տեղում տարվող աշխատանքների վերաբերյալ: ՌԴ տրանսպորտի նախարարը հավաստիացրել է, որ ռուսական կողմն օպերատիվ կերպով անում է հնարավորը՝ վիրավորներին անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ վթարի հանգամանքները պարզելու նպատակով այնտեղ է գործուղվել նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները:

Կառավարության ղեկավարն ընդգծել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը և կարևորել Մաքսիմ Սոկոլովի անձնական մասնակցությունն ու ներդրումն այդ գործում: Կարեն Կարապետյանն ասել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգը հագեցած բնույթ է կրում, և առկա է մեծ ներուժ մի շարք ուղղություններով դրանք խորացնելու համար: Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործակցությունը և նոր թափ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական կապերին:

Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են համագործակցության բարձր նշաձող, և առկա են անհրաժեշտ բոլոր հիմքերը՝ այն առավել զարգացնելու և սերտացնելու համար:

Կողմերը երկարաժամկետ և հեռանկարային են համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, տրանսպորտային ենթակառուցվածքների և ներդրումային դաշտի զարգացման ուղղությամբ համագործակցության ընդլայնումը և ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թ. Հայաստանում:

Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն տարանցիկ հաղորդակցության ուղիների վերականգնմանն ու զարգացմանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31