Լրահոս
Օրվա լրահոսը

Թեթեւ հարցերին՝ թեթեւ պատասխաններ

Հոկտեմբեր 14,2016 10:13

Լրագրողները սիրում են պատգամավորներին եւ պաշտոնյաներին կենցաղային «սուր» հարցեր տալ՝ այս փողկապը ձեզ որտեղի՞ց, իսկ ձեր տան սպասքը ճենապակո՞ւց է: Նախ՝ այդպիսով նրանք իրենց լուման են ներդնում կոռուպցիայի դեմ պայքարի մեջ, եւ երկրորդ՝ նման հարցերի դեպքում պետք չէ ոչ մի նյութ կարդալ՝ գործի հետ կապ ունեցող հարց տալու համար:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նման հարցերին պատասխանում առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը: Չի ընդունում խորիմաստ փիլիսոփայի կամ անբիծ հրեշտակի տեսք եւ խոսում է այնպես, ինչպես կխոսեր տանը կամ սրճարանում: Իմ գործընկերներն, օրինակ, հետաքրքրվում են բժշկական ասպարեզում կոռուպցիոն երեւույթներով՝ միամտորեն կարծելով, որ դրա արտահայտությունն է ծառայությունը մատուցելուց հետո կոնյակ կամ ծաղիկ վերցնելը: Ալթունյանն անկեղծորեն պատասխանում է՝ կոնյակ վերցրել եմ, ծաղիկներ ինձ ոչ ոք չի առաջարկել:

Խորհրդային Միությունում, որտեղ բժշկությունն իբր անվճար էր, իսկապես ամեն ինչ հիմնված էր այդ մանր կոռուպցիայի վրա՝ վիրաբույժը հաճախ չէր վիրահատում, մինչեւ դու նրա խալաթի գրպանը որոշակի գումար չխցկեիր, բուժքույրը չէր սրսկի, մինչեւ դու նրան ռուբլանոց չտայիր: 25 տարում դրա «իներցիոն երեւույթները» որոշ չափով պահպանվել են, բայց համաձայնեք՝ համենայնդեպս խոշոր կլինիկաներում նման բան չկա՝ գումարը մուծում ես դրամարկղ, եւ քեզ այլեւս ոչ ոք «փողային» հարցերով չի անհանգստացնում: Իհարկե, գումարը միջին աշխատավարձ ստացողի համար մատչելի չէ, իհարկե, պետպատվերի մեխանիզմը վատ է աշխատում: Բայց դրանք այլ խնդիրներ են եւ կոնյակի ու ծաղիկների հետ կապ չունեն: Իսկ իրական կոռուպցիան առողջապահության ոլորտում բոլորովին այլ տեղերում են եւ առնչվում են այնպիսի գումարների հետ, որոնց մասին ոչ մի վիրաբույժ եւ առավել եւս ոչ մի բուժքույր չի էլ երազում:

Կկարողանա՞ Լեւոն Ալթունյանը պայքարել այդ երեւույթների դեմ: Դա կախված է նրանից, թե որքանով են նրան «քարտ-բլանշ» տալու վարչապետն ու նախագահը: Դա շատ ծանր գործ է: Բայց թեթեւ լրագրողական հարցերին նա հենց թեթեւ էլ պատասխանում է, առանց բարդույթների: Ինչպես բոլոր խելացի մարդիկ՝ իր անձին չափազանցված լրջությամբ չի վերաբերվում:

…Պարանոյայի եւ սեփական անձի նկատմամբ չափից դուրս լուրջ վերաբերմունքի արտահայտություն է հետապնդման զոհ լինելու մասին սեւեռուն գաղափարը եւ հրապարակավ, դերասանական ոճով արտահայտվող «մտավախությունը», թե ես այնքան կարեւոր եմ, այնքան մեծ վնաս կարող եմ հասցնել իմ թշնամիներին, որ նրանք ուզում են ինձ ոչնչացնել: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին Արտաշես Գեղամյանը տանը երկու զրահաբաճկոն էր պահում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Հայաստանում ծանր ժամանակներ են: Ծանր հարցերին լուրջ պատասխան տվող տղաների անհրաժեշտություն կա: Թեթև հարցերին թեթև պատասխան տվողները կարող են հանգիստ աշխատել իրենց մասնավոր ՞դուքյաններում՞: Ալթունյանը կարող է և պետք է լուծի առաջին և ամենածանր հարցը՝բժշկական ապահովագրության լիակատար ներդրումը ՀՀ առողջապահության մեջ: Հաջողության դեպքում լուծվում են շատ հարցեր՝անվճար կամ մատչելի բուժումից մինչև կաշառակերության դեմ պայքար: Ոչ մի գլխավոր բժիշկ,որոնք հիմնականում հիվանդանոցի տեր էլ են, չի կարող ՞նալոգ՞ դնել բաժնի վարիչների վրա, որովհետև պոտենցիալ կաշառակերությունը կսկսի վերանալ ապահովագրության պայմաններում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31