«Կարեն Կարապետյանին լավ չեմ ճանաչում: Հետը զրուցելու առիթ ունեցել եմ, բայց չգիտեմ իր հնարավորությունները: Բայց ինձ համար լավ մենեջեր լինելն առաջնային չէ: Առաջնայինն ինձ համար հայրենիքը սիրելն է: Եթե որեւէ իշխանավոր սիրում է իր հայրենիքը, նույնիսկ եթե ինքն արհեստավարժ չի, ինքը որեւէ վատ բան չի անի: Եթե մարդը կարողանում է անձնականը ստորադասել պետականին ու ազգայինին, նա վատ բան չի կարող անել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` պատասխանելով Կարեն Կարապետյանի ձեռնարկած բարեփոխումներին վերաբերող հարցին:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ մեկնարկած կադրային փոփոխությունները ցույց են տալիս, որ կա հստակ պայմանավորվածություն եւ որոշում. «Այս մարդը ստանձնել է պարտավորություն, որ կատարման համար անում է ամեն ինչ, որպեսզի խոչընդոտներ չլինեն: Նախագահը տվել է «քարտ բլանշը»: Հիմա շատ կարեւոր է, որ դրան գումարվեն նաեւ հայրենասիրությունը, օրը 48 ժամ աշխատելը, անձնականը ստորադասելը, Ղարաբաղից օրինակ վերցնելը: Գիտեմ, որ Կարեն Կարապետյանը եւ Արայիկ Հարությունյանը շատ լավ հարաբերություններ ունեն. թող միմյանց հետ խորհրդակցեն տեսնեն՝ ինչպե՞ս են արել, որ Ղարաբաղում կոռուպցիան վերացել է, ստվերն ընդամենը երկու տոկոս է, որ Ղարաբաղում վարչապետն ու նախագահն առանց թիկնազորի ման են գալիս ու անգիր գիտեն ամեն մի արտադրողի` իր խնդիրներով հանդերձ»: Գառնիկ Իսագուլյանը գերադասում է առայժմ ժամանակ տալ վարչապետին, օժանդակել, աջակցել, որից հետո միայն կանցնի լուրջ քննադատությունների:
Կարդացեք
«Առավոտ»
13.10.2016