Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանանք մեր ազգի առաքելությունը

Հոկտեմբեր 14,2016 15:30

ԼՂՀ նախագահի գլխավոր խորհրդական Գառնիկ Իսագուլյանը Հայաստանի նախագահին եւ վարչապետին առաջարկում է օրինակ վերցնել ԼՂՀ իրենց գործընկերներից:

– Վերջին շրջանում հակառակորդը սահմաններում դարձյալ ակտիվություն է ցուցաբերում, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Այն հիստերիկությամբ, որն այսօր տիրում է Ադրբեջանում ընդհանրապես` հատկապես սեպտեմբերի 21-ի զորահանդեսում մեր վերջին զինատեսակների ցուցադրումից հետո եւ այն ճնշումներից, որոնք առկա են Ադրբեջանի նկատմամբ: Նաեւ նրանով, որ Ադրբեջանը քառօրյա պատերազմում տեսանելի հաջողություն չգրանցեց, մինչդեռ ադրբեջանական իշխանությունները լուրջ զեկույցներ ունեին, որ կարող են հասնել դրան: Իրենք այդ օրերին հասկացան` եւս մի քանի օր, եւ կկորցնեն Քուռ-Արաքսի ողջ հովիտը:

Այս ամենը Ադրբեջանում առաջացրել է մի վիճակ, որտեղ իշխող կլանը բացի այն, որ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարեց եւ փորձում է իշխանությունը հավերժացնել, միեւնույն է՝ հասկանում է, որ այս խնդիրն իր կոկորդին կանգնած է: Բայց շատ լավ էլ հասկանում են, որ ելք էլ չունեն, ուստի գնում են նման պրովոկացիաների: Բայց ասեմ, որ եթե այս վիճակը երկար շարունակվի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը եւ վերջերս էլ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Աստված մի արասցե, բայց հնարավոր է՝ կանխարգելիչ հարվածներ լինեն: Այս առումով Ադրբեջանը պետք է լուրջ մտածի:

– Ապրիլյան իրադարձություններից հետո շատ է խոսվում լոկալ պատերազմի կրկնության մասին: Այդ սցենարի կրկնությունը մոտ ապագայում տեսանելի՞ է:

– Ես բացառում եմ: Բայց նաեւ եթե Ադրբեջանը նման նկրտումներ ունի` խնդրեմ, թող փորձի: Ի տարբերություն առաջին դեպքի, երբ ոչ թե պատրաստ չէինք կամ չգիտեինք, այլ պարզապես համընկավ այն օրերի հետ, երբ իրենք Անջեյ Կասպրչիկի միջոցով խնդրել էին խաղաղություն, քանի որ Նովրուզի օրերն էին, բայց իրենք էլ ստորաբար գնացին այդ գործողությանը, այս պարագայում մենք որեւէ նման խնդրի առաջ չենք կանգնելու, քանի որ գիտենք` իրենք ուխտադրուժ դա կարող են ամեն ժամ ու վայրկյան անել: Մենք պատրաստ ենք: Աստված մի արասցե, բայց ինձ մոտ ներքին համոզմունք կա, որ ցանկացած նման քայլի դեպքում մեր ուժերը կազատագրեն Դաշտային Ղարաբաղի մնացած հատվածները` մինչեւ Քուռ-Արաքսի հատման կետը:

– Ասացիք, որ հայկական նոր զինատեսակների ցուցադրությունն է Ադրբեջանին հունից հանել, բայց անցյալ տարվանից դեռ ոչ պաշտոնական տեղեկություններ կային, որ «Իսկանդերները» Հայաստանում են, մինչդեռ ապրիլին դա Ադրբեջանին չզսպեց: Հիմա կարծում եք՝ կվախենա՞ն:

– Գիտեք, շատ մեծ տարբերություն կա, երբ ասում են հավաստի աղբյուրները, այլ բան, երբ դա ցուցադրվում է: Հայաստանը ցուցադրեց: Բայց դա դեռ Հայաստանն է: Ի դեպ, ես չեմ կարծում, որ Ադրբեջանից Քուռ-Արաքսի ձախակողմյան կամ ներքին աջակողմյան ափը տանելու համար մենք պետք է «Իսկանդեր» օգտագործենք: Դրա անհրաժեշտությունը չեմ կարծում, որ կլինի` հաշվի առնելով 1990-94 թվականների պատերազմական գործողությունների փորձը: Ադրբեջանցին կռվելու ունակ չէ: Հայկական լավ ասացվածք կա` «Հաչացող շունը չի կծում»: Դա իրենց է վերաբերում:

– Բայց ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն էլ զուգահեռ ուժեղանում է` նոր սերնդի մարտավարական հրթիռներ են համատեղ արտադրելու եւ այլն: Մենք սրան պետք է քամահրանքո՞վ վերաբերվենք:

– Չգիտեմ` ով ոնց, ես կոնկրետ քամահրանքով եմ նայում: Ինձ համար կարեւորագույն խնդիրը մեր ներքին իրավիճակն է` տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական եւ այլն: Շատերին դուր չի գալիս, երբ ես Հայաստանն Իսրայելի հետ եմ փորձում համեմատել, բայց վերջերս մահից առաջ Շիմոն Պերեսը մի հարցազրույցում, ըստ էության, ասել էր, թե ո՞րն է իրենց ազգի առաքելությունը: Եթե մենք հասկանանք մեր ազգի առաքելությունը, հավատացեք՝ ադրբեջանցիները համատեղ ինչե՞ր կանեն, ո՞ւմ հետ կանեն՝ բացարձակ հետաքրքիր չէ: Շատ կարեւոր է, որ մենք մեր ներքին կյանքում կարողանանք ամեն ինչը բերել որոշակի հավասարակշռության, որից հետո բոլոր ուղղություններով զարգացումներն անխուսափելի են, եւ մենք ինքներս կկարողանանք արտադրություններ դնել: Իսրայելը դա այսօր անում է, աշխարհն էլ իրենցից զենք է խնդրում: Որքան էլ ինձ ասեն, փորձեն պատճառաբանություններ բերել` դրա հնարավորությունը մենք ունենք:

Ես Ղարաբաղի օրինակը բերեմ` այդ փոքր տարածքը, որն, ըստ էության, բոլոր կողմերից շրջափակված է, տարեկան տասը տոկոս տնտեսական աճ է ապահովում: Կիրակի օրն այնտեղ զուտ բերքի տոն չէր: Դա ցուցադրություն էր` ինքնաբավության ցուցադրություն, արհամարհանքի ցուցադրություն, որ ժողովուրդը վախեցած չէ, եւ քառօրյա պատերազմից չի դատարկվել Ղարաբաղը: Մի քանի օր առաջ Ղարաբաղի վարչապետը հերթական զավակն ունեցավ: Սրանք խորհրդանշական բաներ են, որոնք շատ կարեւոր են: Եթե Ղարաբաղը դա կարողանում է անել, ինչո՞ւ մենք չենք կարողանում:

– Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները ի՞նչ են հուշում, մենք եկե՞լ ենք այդ գիտակցության, փորձո՞ւմ ենք մեր առաքելությունը ամրագրել:

– Գիտեք, իշխանությունը հասկանալի է` իր բոլոր թերություններով ու բացթողումներով: Որ մենք այսօր այս վիճակին ենք, մեղավորն իրենք են, սխալ են տարել: Բայց արդյոք այդ սխալին մենք կարողացե՞լ ենք հակադրել մեր ճիշտը:

Երբ ես նայում եմ բոլոր կուսակցություններին եւ հատկապես հուլիսյան` ՊՊԾ-ի գրավման օրերին իրենց պահվածքին, մի բան եմ հասկանում` ոչ մեկը չի առաջնորդվում ազգային ու պետական շահով: Կոնկրետ այս դեպքը իրենց ի՞նչ շահ կարող է բերել` սա էր առաջին պլանում, ոչ թե պետական մտածողությունը: Կուսակցությունները նայում էին` ո՞ր կողմը բռնեն, այդ դեպքում ի՞նչ են շահելու: Սա ողբերգություն է: Այսինքն՝ մենք ում ումով ենք ուզում փոխարինել: Ես, որ մինչեւ հուլիսյան դեպքերը միանշանակ ամեն ինչ պայմանավորում էի նրանով, որ իշխանությունները շատ վատն են, հիմա… որովհետեւ այդ օրերին ինքս հավաքել եմ բոլոր ազդեցիկ կուսակցությունների ղեկավարներին. երբ ընդամենը հինգ րոպեում իրենց վարչության որոշումը կարող էր փոխվել, եթե հանկարծ դրսում 500 մարդը 1500 էր դառնում: Հույս կապել նման քաղաքական ուժերի հետ… ամբոխավարությունը, ամբոխահաճո լինելը հենց դա է:

– Ո՞ր կուսակցությունների ղեկավարների հետ եք հանդիպել:

– Անուններ չտամ, բայց բոլորի հետ անխտիր խոսել եմ այդ օրերին:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

13.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31