Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր քաղաքական ուժն է «ծախվել» ՀՀԿ-ին

Հոկտեմբեր 14,2016 16:00

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանցից պահանջում են փաստեր,
որ ծախվել են կամ ձայն են առել

ԱԺ վերջին քառօրյայում Լեւոն Զուրաբյանը, խոսելով ՏԻՄ ընտրությունների եւ ԿԸՀ կազմի ընտրության մասին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին մեղադրեց նորից իշխանական կոալիցիա կազմելու համար: Նա ասաց, որ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն կուսակցությունները, «լինելով միմյանց մարմին ի մարմնե, տարբեր ժամանակներում կազմել են իշխանության կոալիցիայի մաս, ռոտացիոն կարգով հայտնվել են ընդդիմության շարքերում եւ իշխանությունների հետ վերածել են ընտրությունները ձայների գնման աճուրդի»: Ի պատասխան՝ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ՀԱԿ-ին մեղադրեց հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց իրենց տեղերը «բիրիքով վաճառելու» համար եւ հորդորեց պարտությունն արժանապատվորեն ընդունել:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ընտրությունները լուսաբանող լրագրողներն են ասում, թե ինչպես են ՀԱԿ-ի անդամները «ատամներով» իրենց տեղերը պահում. «Հասկանալի է նման պնդումների արժեքը»:
Նա հիշեցրեց, որ Նաիրա Զոհրաբյանը քարոզարշավի ժամանակ կոչ էր անում համագործակցել հենց ՀԱԿ-ի հանձնաժողովականների եւ վստահված անձանց հետ:

Լեւոն Զուրաբյանը պահանջեց, որ նման հայտարարություն անողը ներկայացնի փաստեր. «Խոստանում եմ, որ ես անմիջապես դրանք կուղարկեմ դատախազություն, որովհետեւ մեզ էլ է հետաքրքիր, թե ով է ծախվել: Գոնե մեզ թող տան այդ անունները, ես խոստանում եմ անկողմնակալ եւ համապարփակ ներկուսակցական քննություն, բայց, իհարկե, համարում եմ դրանք դատարկություն: Ես խոսել եմ կոնկրետ փաստերից, մասնավորապես, թե ով է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս վարկաբեկված կազմի առաջադրման հայտը: Շատ կոնկրետ անուններ են դրանք, ոչ ոք չի հերքում եւ չի կարող հերքել: Ես կոնկրետ փաստեր եմ ներկայացրել, թե ինչպես է իրենց իսկ առաջադրված ԿԸՀ կազմում նախագահ Տիգրան Մուկուչյանը հոկտեմբերի 1-ին ցուցումներ տվել՝ հեշտացնելու համար այդ կուսակցությունների աշխատանքը՝ կաշառված ընտրողներին բերելու տեղամասեր: Այս փաստերից ոչ մեկը չի հերքվել: Ոչ մեկը չասաց՝ նման բան չի եղել, մենք չենք ստորագրել այդ դիմումը, մենք չենք առաջադրել ԿԸՀ-ի վարկաբեկված կազմը, Տիգրան Մուկուչյանը նման ցուցում չի տվել, մեր դիտորդները կամ վստահված անձինք նշումներ չեն արել, քաղվածքներ չեն վերցրել մատյաններից եւ չեն հաղորդել դուրս: Ոչ ոք նման բան չասաց: Հետեւեց ռուսական արտահայտությամբ՝сам дурак  ռեակցիան, որն ամեն ինչ բացատրում է»:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի վերընտրվելու օգտին քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորներից 96-ը կողմ էր քվեարկել: ՀԱԿ-ը չէր մասնակցել քվեարկությանը: Մեր հարցին՝ այն, որ ընդամենը 4 պատգամավոր էր դեմ քվեարկել, 3 քվեաթերթիկներն էլ անվավեր էին, ցույց չի՞ տալիս ընդդիմության դեմքը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պիտի կողմ չքվեարկեին: Տիգրան Մուկուչյանի վայելած ժողովրդականությունը որեւէ զարմանք չպիտի հարուցեր, որովհետեւ հենց Տիգրան Մուկուչյանի ջանքերի շնորհիվ է, որ այն պատգամավորները, որոնք քվեարկել են իր օգտին, հայտնվել են ԱԺ-ում: Այնտեղ հայտնվելու մասին իրենք կարող էին միայն երազել, եթե ԿԸՀ-ն աշխատեր օրենքի եւ Սահմանադրության համաձայն»:

Մեզ հետ զրույցում Լյովա Խաչատրյանը Լեւոն Զուրաբյանի մեղադրանքին, որ մասնակցել են ձայների գնման աճուրդին, պատասխանեց. «Թող մատնանշեն՝ էդ ումի՞ց ենք առել, էդ ո՞ր դախլի վրա էր ձայները դրած ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, թե այլ: Ես նման բան չգիտեմ, մենք ոչ մի ձայն էլ չենք առել, բայց եթե իրենք ունեն նման ինֆորմացիա, թող հայտնեն՝ ծախողներից մեկը իրե՞նք էին, թե՞ ովքեր էին, էդ ումի՞ց ենք առել»:

Լյովա Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենք այնպիսի քարոզարշավ են արել, իրենք աշխատանքի շնորհիվ էլ այդքան ձայն են ստացել. «Գյումրիում մենք 15 օր անընդմեջ օրական 5-6 հանդիպում ենք արել ժողովրդի հետ՝ ոտքով, եւ դա տվեց իր արդյունքը: Մեր ճանապարհին այլ քարոզողներ այլ կուսակցությունների այդ օրերի ընթացքում հանդիպել ենք ընդամենը մեկ անգամ՝ յուրաքանչյուրին՝ 15 օրվա ընթացքում: Իհարկե, մեր աշխատանքն իր արդյունքը պիտի տար եւ տվեց»:

Մեր հարցին՝ հիմա Ձեր կարծիքով՝ եթե կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին ընկնեն տնետուն, օրնիբուն հանդիպումներ ունենան, դրանո՞վ է որոշվելու քվեն, նա պատասխանեց. «Նաեւ դրանով: Մեկ այլ խնդիր է, երբ քաղաքական թիմը մեկ կոնկրետ քաղաքում 20 օրվա ընթացքում հասցնում է զգալի թվով բնակչության հետ հանդիպել, մեկ այլ խնդիր է ամբողջ հանրապետությունով մեկ դա իրականացնել: Դա ռեալ չի»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

13.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31