Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարանների ծառայողական մեքենաները

Հոկտեմբեր 14,2016 15:00

Դրանց քանակը մարզի որեւէ բնութագրիչի հետ կապ չունի

ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակավ խոսեց պետական համակարգում մանր գողությունների անթույլատրելիության մասին` ավիատոմսերի գնման օրինակով: Ցավոք, սա պետական միակ «դաշտը» չէ, որտեղ մանր գողությունը արմատավորված է արդեն քանի տարի: Ոչ պակաս «գողությունառատ» է ծառայողական մեքենաների հարթությունը:

Հայաստանը բաժանված է 10 մարզի արդեն 18 տարի: Թերեւս չի եղել մի տարի, երբ մարզի բնակիչը իր խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար չփակի դեպի մայրաքաղաք տանող ճանապարհը կամ երեխային դպրոց չուղարկի եւ այլն: Նման ակցիաներից հետո Երեւանից պաշտոնյա է գնում մարզ ու վերադառնում, իսկ հարցը կամ չի լուծվում, կամ լավագույն դեպքում լուծվում է մասամբ: Այս պատկերը անիմաստ է դարձնում մարզպետարանների գոյությունը: Բայց դրանք կան եւ ծառայողական մեքենաներ ունեն:
2009 թվականին կառավարությունը միասնական տեսքի է բերել մարզպետարանների կառուցվածքները:

Հիմա բոլոր մարզպետարաններն ունեն ութ վարչություն, ութ բաժին: Մարզպետները ունեն 2-3 տեղակալ ու տարբեր քանակի օգնական, խորհրդական: Այս ամենը որեւէ կերպ կապված չէ մարզի տարածքի, բնակավայրերի կամ բնակչության քանակի հետ: Սրանց հետ կապ չունի նաեւ ծառայողական մեքենաների քանակը: Օրինակ՝ Ադրբեջանի հետ 300 կմ սահման եւ 46 սահմանամերձ համայնք ունեցող Տավուշի մարզպետարանում հինգ ծառայողական մեքենա կա, որոնք սպասարկում են մարզպետին, նրա երեք տեղակալներից մեկին եւ երեք վարչության պետի: Իսկ ահա Ադրբեջանի հետ սահման չունեցող, տարածքով Տավուշից երկու անգամ փոքր Արմավիրի մարզպետարանում յոթ ծառայողական մեքենա կա, Շիրակի մարզպետարանում` 9: Նախիջեւանի հետ սահմանակից Վայոց ձորի մարզպետարանում ծառայողական վեց մեքենա կա՝ մարզպետի երեք տեղակալից երկուսի եւ երեք վարչության պետի համար: Արարատի մարզպետարանում ծառայողական ութ մեքենա կա եւ այսպես շարունակ:

Դատելով մեքենաների մակնիշներից՝ Հայաստանի որոշ մարզպետներ «մի անկեղծ սիրով» սիրում են Ռոբերտ Քոչարյանին, կամ վերջինս դեռ ազդեցություն ունի Հայաստանի պետական գնումների վրա. Արարատի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի մարզպետների ծառայողական մեքենաները «Տոյոտա» են, իսկ Հայաստանում «Տոյոտա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Տոյոտա Երեւան» ընկերությունը Քոչարյանների ընտանիքի բազում բիզնեսներից մեկն է: Ամենահինը Շիրակի փոխմարզպետներից մեկի ծառայողական մեքենան է. «խեղճ» փոխմարզպետը 21 տարվա «Աուդի» մեքենայով է գնում-գալիս:

Մեր պետական պաշտոնյաները, այդ թվում` մարզային, իրենց չեն կոտորել մարդկանց դուռը գնալով, այդ պաշտոնյային աշխատավարձ տվողը հարկեր վճարող քաղաքացիներն են, որ կարող են մի քանի օր այցելել նույն պաշտոնյային եւ նրա երեսը չտեսնել: Քաղաքացիների հաշվին գնված եւ շահագործվող այս մեքենաները ծառայում են պաշտոնյաների կանանց, սիրուհիներին, երեխաներին, թոռներին: Դպրոցներում դասերի ավարտի պահին` 13:00-ի մատույցներում, շրջեք դպրոցների մոտ կամ ամառային մի զով երեկո պտտվեք Երեւանի կենտրոնի ժամանցի վայրերի մոտով եւ կտեսնեք մարզային եւ մայրաքաղաքային պաշտոնյաների բազում ծառայողական մեքենաներ: Սա էլ ոչ պակաս մանր գողություն է, ավելի ճիշտ՝ իսկի էլ մանր չէ, խոշոր գողություն է: Վկան` պաշտոնյայի ընտանիքին սպասարկող այս մեքենաների վրա պետության գրպանից արված ծախսերի չափը:

Կարեն Կարապետյանը սկսել է մանր գողությունների դեմ պայքարից: Հուսանք՝ խոշորի դեմ պայքարը չի ուշանա:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

13.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31