«Մի տարի որ մշակես, հողը պարտք չի մնում, հողը պարտք չի սիրում, միշտ տալիս է: Եթե մի տարի էլ վնաս եղավ, էդ վնասը գնալու է հող, հետո ինքը նորից քեզ ավելի լավ բերքով վերադարձնելու է: Միակ արդար բանը հողն է, ինչ տվեցիր՝ ավելին հետ է տալու»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը: Գյուղապետն ասում է՝ գյուղացուն եթե պետական աջակցություն լինի, նրանք հողից չեն կտրվի, գյուղը չեն լքի:
Պարոն Սումբուլյանի պատմելով՝ գյուղում 67 անդամով կոոպերատիվ է գործում, առաջ ավելի շատ էին՝ 93, գյուղացիներն, իհարկե, ցանկանում են կոոպերատիվի անդամ լինել, բայց միշտ չէ, որ ցանկությունները համընկնում են հնարավորություններին:
«Համայնքներ կան, որոնց հողերը 20 տարի է՝ չեն մշակվում, բոլորի մոտ նույն խնդիրն է, մշակվող հողերն էլ արդեն դեգրադացվել են, շատ են մշակվել, ծանրաբեռնված են եղել: Օրինակ՝ Շիրակի մարզի գյուղերում ամեն տարի կարտոֆիլ, ցորեն, գարի, կարտոֆիլ, ցորեն, գարի, քայքայվել են հողերը, անընդհատ նույն բանը չի կարելի մշակել: Իսկ մեր տարածաշրջանում էլ շատ քիչ է վար կատարվում, հողերի մոտ 1%-ն է մշակվում»,- ասում է գյուղապետը: Հարցնում եմ՝ ինչո՞ւ է հողերի ընդամենը 1%-ը մշակվում, արտագա՞ղթն է պատճառը, գյուղապետը պատասխանում է. «Չգիտեմ՝ արտագաղթն է, ինչն է: Մի բան գիտեմ՝ ճիշտ հաշվարկի դեպքում հողից ավելի շատ եկամուտ կստանաս, քան արտագնա աշխատանքից: Ճիշտ հաշվարկն աշխատելն է սեփական հողի վրա, որտեղ էլ գնաս՝ 8-10 ժամ աշխատես, այդ գումարը, որ դրսում պիտի ունենաս, այստեղ կստանաս, նույնիսկ ավելին»:
Իսկ թե ինչո՞ւ են գյուղացիները գերադասում արտագնա աշխատանքի գնալ, այլ ոչ թե մնալ գյուղում՝ հող մշակել, Կորյուն Սումբուլյանն ասում է. «Նրանց ոգեւորող չկա, ես հո բոլորին չե՞մ կարա ասեմ: Դա պետք է պետական քաղաքականությամբ լինի, ծրագիր լինի, բացատրեն մարդկանց, ասեն՝ երբ հողիդ վրա չես աշխատում, հողիդ որակը վատանում է: Գյուղացուն պետք է բացատրեն, որ քո հողում եթե այսինչ մշակաբույսը մշակես, այսպես անես, այնպես անես՝ բերքը լավը կլինի: Բայց այդքանից հետո էլ չպիտի ձեռքերը լվանան, մի կողմ քաշվեն, գյուղացին չպիտի հուսահատվի իր ստացած արտադրանքից: Այսինքն՝ չպիտի մտածի՝ ի՞նչ անի արտադրանքը: Մշակում է, հետո արտադրանքը դառնում է անասնակեր: Չգիտեն՝ ում վաճառեն: Վրաստան արտահանելն էլ հեշտ բան չէ գյուղացու համար, ո՞վ է թույլ տալու: Ինչո՞ւ պետք է 1-2-ը արտահանի, ասենք՝ ես իմ 20 տոննան իրացրեցի, բա մնացա՞ծը»:
Կարդացեք նաև
Բավրայի բնակիչների կոոպերատիվը, ի տարբերություն այլ համայնքների, փրկություն է: Կոոպերատիվը աջակցություն է ստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող Եվրոպական հարեւանության Գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման ծրագրով: Գյուղացիները հնդկացորեն են աճեցնում, վերամշակման խնդիր կա, ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում վերամշակող գործարան շուտով կբացվի, այն սպասարկելու է Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի հողօգտագործողներին, սկզբում նախատեսվում է միայն հնդկացորեն վերամշակել: Բավրայի գյուղապետն ասում է. «Հետո հաճար, դեղին ոլոռ, կորեկ կվերամշակենք: Մեզանից ի՞նչ է հասնում, սերմը ստացել ենք, պետք է մշակենք հնդկացորենը, հանձնենք գործարանին ու մեր գումարը ստանանք: Գործարանի հզորությունը 9 հազար տոննա է»:
Գյուղապետն ասում է՝ կոոպերտաիվը նոր է, դե ֆակտո գործում էր, բայց նոր է գրանցվել, կոոպերատիվի անդամներն ամենքն իր բաժին հողամասում մշակում են հնդկացորենը, հետո բոլորով պետք է ապահովեն գործարանի համար հնդկացորենի պահանջարկը, որպեսզի այն անընդմեջ աշխատի, հնդկացորենը վերամշակի, դարձնի հնդկաձավար ու հանրապետության պահանջարկն ապահովի:
Կորյուն Սումբուլյանի ներկայացմամբ՝ գյուղում հնդկացորենի բերքը շատ է, լավ է, որ գործարան կհիմնվի, կարեւորը դա է, բայց մի խնդիր կա՝ մինչեւ բերքը հասցնեն գործարան, դրա համար չորանոց-պահեստներ են պետք, ոչ մի գյուղում չկան նման չորանոցներ, գյուղացիները ստիպված լաթերով ծածկում են բերքը անձրեւաջրերից պաշտպանելու համար ու այդպես չորացնում են, որպեսզի բերքը նորմալ հանձնեն գործարանին. «Այ, որ կառավարությունն էլ էդ հարցը լուծի, լավ կլինի, խոսքը սառը պահեստների մասին է: Ամեն ինչը վերացվել է, սերմազտիչներ չունենք, պետք է մի ընդհանուր նման բան ունենանք»:
Գործարանի համար դեռ 150 հազար դոլարի տեխնիկա պետք է գնվի, գործարանի շենքի համար էլ գյուղապետը դիմել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, վերջինիս միջնորդությամբ էլ օտարերկրացի հայ բարերարի օգնությամբ Բավրայում գտնվող գործարանի համար հարմար շենքը պայմանագրային հիմունքներով ժամանակավոր տրվել է գյուղապետարանի տնօրինությանը: Գյուղապետն ասում է՝ կոոպերատիվը լավ կաշխատի, եթե գործարանն էլ աշխատի, ու գյուղացիները վստահ լինեն, որ իրենց բերքն անպայման իրացվելու է:
Հնդկաձավար Հայաստան ներմուծվում է, մրցակցությունից չե՞ն վախենում գյուղացիները՝ մեր այս հարցին ի պատասխան գյուղապետն ասում է. «Դրսում այնքան էժան չի արտադրվում, որքան մեզ մոտ: Այնտեղ հողերն այնքան բերրի չեն, որքան մերը, եթե այնտեղ 1000 կգ են ստանում 1 հեկտարից, մեզ մոտ մինչեւ 3 տոննա բերք ենք ստանում»:
Բավրայի համայնքապետն ասում է՝ գյուղում հնդկաձավարի արտադրությունը դնելով՝ խրախուսվեց հողերի ցանքսը, 20 տարվա խոպան հողերը կսկսեն մշակել. «Աշխարհը բաց է, այսպիսի ծրագրեր շատ կան, պետությունը պետք է աշխատի, գտնի նման ծրագրեր ու բերի Հայաստան, տարբեր մարզերում ներդնի»:
Կոոպերատիվի ու գործարանի մասին խոսքն ավարտելուց հետո պարոն Սումբուլյանը անդրադառնում է գյուղատնտեսության ապահովագրմանը եւ ասում. «Դա շատ կարեւոր է գյուղացու համար: Քաղաքացու գույքն ապահովագրված է, գյուղացունը՝ ոչ»: Մասնագետներն ասում են՝ գյուղապահովագրությունը բարձր ռիսկայնություն ունի, ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն դրան՝ մեր այս դիտարկմանը գյուղապետն այսպես է արձագանքում. «Մի «ժեշտ են» քշում՝ ապահովագրում են, թող նույն ապահովագրականները մեքենայի համար ավելի վերցնեն, գյուղատնտեսությունն էլ ապահովագրեն: Որ մտածեն, միջոց կգտնեն, թե ոնց գյուղատնտեսական ապրանքը ապահովագրեն»:
Բավրայի գյուղապետն ասում է՝ գյուղը Վրաստանի հետ սահմանակից է, որոշ ապրանքներ կարողանում են ավելի էժան ձեռք բերել, բայց սահմանակից գյուղում, ինչպես Սումբուլյանն ասաց՝ կյանքը աշխույժ չէ. «Լավ կլինի՝ ազատ շուկա կամ ազատ տնտեսական գոտի ստեղծվի մեզ մոտ, աշխուժություն կլինի, աշխատատեղ կլինի, մարդիկ գյուղից չեն հեռանա: Ի վերջո՝ բոլոր գյուղացիները չեն, որ կոոպերատիվի անդամ են կամ հնդկացորենի մշակմամբ են զբաղվում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
13.10.2016