Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս երկիրը բանկերինը չի, այս երկիրը ժողովրդինն է»

Հոկտեմբեր 14,2016 14:00

Ըստ իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանի՝ բանկի կառավարչի մեքենայությունների եւ խարդախության արդյունքում քաղաքացին հայտնվել է դատարանում:

«Բոլորն այսօր թելադրվում են, շահով, ուժով, փողով, բանկային կանոնադրություններով: Այս երկիրը բանկերինը չի, նրանցը չի: Այս երկիրը ժողովրդինն է: Եվ բանկերը օր առաջ իրենց սանձարձակությունները պետք է զսպեն, շատ լավ իմանալով, որ իրենց բանկի կառավարչի մեքենայությունների եւ խարդախության արդյունքում է քաղաքացին հայտնվել դատարանում: Քաղաքացին մեղավոր չի: Իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- երկու օր առաջ դատական նիստի ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը:

Արայիկ Մովսիսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Եգանյանը երկու օր առաջ դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայցի ապահովման միջոցի կիրառման մասին միջնորդությամբ: Ինչո՞ւ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Մալաթիա» մասնաճյուղի նախկին կառավարչի՝ Կարեն Գյուլնազարյանի դեմ հայցադիմումի դատական քննության փուլում միջնորդություն արվեց ըստ էության «օգնության հասած» «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ:

Երեւանի Փափազյան փողոցի 22 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի կորստի հարցում գլխավոր-ղեկավար դերակատարում է ունեցել «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կարեն Գյուլնազարյանը:

Բանկը 18.08.2012թ.-ին դարձել է հայցվորի բնակարանի սեփականատեր, ինչի մասին բնակարանատերերը իմացել են 2012թ. նոյեմբերին:

Ա. Մովսիսյանի գույքը դրված էր այդ բանկում որպես գրավ, Արայիկը վարկ էր վերցրել, ապա ամբողջությամբ մարել էր, սակայն բանկի կառավարիչն այդ գույքը՝ բնակարանը վերագրավադրել էր մեկ այլ քաղաքացու վրա, վերջինս իր վարկը չէր մարել, ու բանկի սեփականությանն էր անցել իրական տիրոջ՝ Ա. Մովսիսյանի բնակարանը:
Կարեն Գյուլնազարյանի նկատմամբ այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նա 2014թ. նոյեմբերի 5-ին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Դատավճիռն ուժի մեջ էր մտել եւ տուժողը՝ Արայիկ Մովսիսյանը, անցյալ տարվա ապրիլի 16-ին դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, այդ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացող հայցադիմումով: Դատական նիստերը ընթանում են դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ:

Ինչպես երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, Ա. Մովսիսյանի երկրորդ ներկայացուցիչը՝ Խաչատուր Մարոզյանը, «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունն իրենց դիրքորոշումները լսելուց հետո, դատական գործընթացների փուլում, հանկարծ դիմել է «իր սեփականություն» հանդիսացող Մովսիսյանի բնակարանի գազիֆիկացումը դադարեցնելու համար:
Ի դեպ, փաստաբան Հ. Եգանյանի տեղեկությամբ էլ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 24.09.2016թ.-ի գրության համաձայն՝ պահանջվել է լուծել բնակարանի գազամատակարարման պայմանագիրը, իսկ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության անվտանգության ծառայության ղեկավարի 30.09.2016թ. գրությամբ էլ 50 օր ժամանակ է տրամադրվել վիճելի բնակարանը ազատելու համար:

Ուշադրության արժանի է այն, որ Ա. Մովսիսյանի բնակարանի գործընթացը բանկի կողմից սկսվել է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց ավելի քան 4 տարի անց, այն էլ հայցադիմումը վարույթ ընդունելուց եւ հայցվոր կողմի պահանջը վերջնական հստակեցնելուց հետո:

Խ. Մարոզյանն ասաց, որ բանկը գազամատակարարման դադարեցնելու պահանջը դնելով, գիտի նաեւ, որ զրկում է հայցվորի բազմանդամ ընտանիքին, ընտանիքի հորը, սույն գործով հայցվորներից Սերյոժա Մովսեսյանին, որը կույր է՝ առաջին կարգի հաշմանդամ, մանկահասակ երեք երեխաներին, թոշակառու եւ վատառողջ կնոջը:

Արդեն տասն օր է, ինչ անջատված է բնակարանի գազամատակարարումը:
«Մենք սա գնահատում ենք մեր քաղաքացիների համար ստրկացուցիչ, դիմելով գազն անջատելուն, հոսանքը կտրելուն, նրանք այս ընտանիքը դնում են ծանր հոգեբանական կացության մեջ, թելադրող պայմանների մեջ»,- ասում է իրավապաշտպանը:
Հայցվորի ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի դատարանն անհապաղ միջոցներ ձեռնարկի հայցի ապահովման ուղղությամբ, մասնավորապես, արգելի «Արդշինբանկ» ՓԲ ընկերությանը «կամ նրա պատվերով ու լիազորագրությամբ, խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց՝ պետական մարմիններին» իրականացնել ցանկացած գործողություն՝ կապված նշված անշարժ գույքի հետ, այդ թվում՝ արգելել հոսանքազրկումը, ջրի եւ գազի մատակարարման, հեռախոսակապի միջոցների դադարեցումը մինչեւ սույն վեճով դատական ակտի կայացումը: Ի դեպ, որեւէ պարտք բնակարանատերերը չեն ունեցել:

«Այս ողջ դատական գործընթացների ժամանակ բանկը փորձում է ապակողմնորոշել դատարանին, ճնշումներ գործադրել հայցվոր կողմի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի հայցադիմումի մի քանի պահանջներից»,- ասում է իրավապաշտպան Խ. Մարոզյանը:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 16-ին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

13.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31