Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Սա դեռ սկիզբն է»

Հոկտեմբեր 14,2016 13:30

– Տեր Հայր, մի առիթով ասել եք, որ ցանկացած զարգացման ծրագրի հիմքում պետք է դրված լինի կրթությունը: Արդյո՞ք այդ բանաձեւը գործում է Հայաստանի Հանրապետությունում:

– Այսօր թե՛ պետությունը, թե՛ մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում կրթական հիմնախնդիրների վրա՝ հասկանալով, որ ապագայի որեւէ տեսլական իրագործելի չէ, եթե դրա հիմքում դրված չեն լուրջ կրթական նախադրյալներ։ Դրա մասին են փաստում Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող մի շարք փոփոխություններ։ Այդ փոփոխությունների կարեւորությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այսօր գործատուները ոչ միայն հստակ գիտեն, թե ինչ մասնագետներ են իրենց հարկավոր, այլեւ գիտեն, թե ինչպիսի բարոյական արժեքներ եւ հմտություններ են ուզում տեսնել նրանց մեջ։ Իսկ այդ ամենի ձեւավորումը կրթության խնդիրն է։

Ասում ենք, որ Հայաստանում գործազրկություն կա, բայց հատկանշական է, որ այդ գործազրկությունը վերաբերում է ցածր վճարվող աշխատանքներին, մինչդեռ բարձր վճարվող աշխատանքների ոլորտում մարդկանց պակաս կա։ Այսօր մենք 3000 ճարտարագետի կարիք ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ չգիտենք՝ ինչպես լրացնենք այդ բացը, որովհետեւ կրթությունը չի հասցնում բարձր տեխնոլոգիաների զարգացման հետեւից։ Բայց դա միայն բարձր տեխնոլոգիաներին չի վերաբերում, քանի որ որակյալ մասնագետների պակաս կա բոլոր ոլորտներում՝ թե՛ գյուղատնտեսության, թե՛ քիմիական արդյունաբերության, թե՛ բիզնես կառավարման եւ թե՛ ռազմարդյունաբերության։ Մասնագետների պակաս ունենք նաեւ «Այբ»-ում։ Այս ամենը նշանակում է, որ կրթությունը պետք է կարողանա ճիշտ կադրեր պատրաստել, հատկապես որ մենք ապրում ենք կրթատեխնոլոգիական հեղաշրջման դարաշրջանում, երբ ամեն ինչ շատ արագ փոխվում է, եւ հրատապ է դառնում կրթությունն այդ զարգացումներին համապատասխանեցնելը, քանի որ հակառակ դեպքում որպես ժողովուրդ կարող ես շատ արագ պատմության լուսանցքներում հայտնվել կամ անհայտանալ։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կրթության համակարգի վիճակը։

– Հայաստանում կրթության վիճակը ես համաշխարհային առումով գնահատում եմ միջին, այսինքն՝ ոչ ծայրահեղ վատ է, ոչ էլ՝ ծայրահեղ լավ։ Կարող եմ ասել, որ բարձր հավակնությունների պակաս կա, իսկ դա մեզ անհրաժեշտ է, քանի որ փոքր ժողովուրդներն ինչ-որ բանի մեջ պետք է փայլեն, որպեսզի կարողանան այդ փոքրությունից դուրս գալ։ Մենք դարերով հենց այդպիսին ենք եղել եւ ունեցել ենք շատ մրցունակ կրթություն եւ ամուր հոգեւոր արժեքներ, որոնց շնորհիվ էլ հաղթել ենք։ Կարծում եմ, որ այսօր հասունացել է հանրակրթությունը կամ բարձրագույն կրթությունը բարեփոխելու կամ էապես վերափոխելու գաղափարը։

– Ըստ Ձեզ՝ մեր կրթական միջավայրը կարո՞ղ է բավականաչափ գրավիչ լինել «դրսի» համար:

– Կարծում եմ, որ այո՛։ Եթե Հայաստանը կարողանա իսկապես մրցունակ կրթություն առաջարկել, ապա այն գրավիչ կդառնա արտասահմանում ապրող մեր հայրենակիցների համար։ «Այբ» դպրոցի փորձը հենց դա է ցույց տալիս, քանի որ մենք ունենք բավականին թվով աշակերտներ, որոնք դրսից ընտանիքներով տեղափոխվել են Հայաստան՝ «Այբ»-ում ուսանելու համար։ Հայաստանը գրավիչ կարող են դարձնել նաեւ UWC-ի նման կրթական հաստատությունները՝ Հայաստան բերելով նաեւ օտարերկրացի աշակերտների։ Այնպես որ, մենք կարող ենք դառնալ կրթությամբ առաջատար ժողովուրդ. դարերով արել ենք, ինչո՞ւ չանենք հիմա։ Բայց, բացի կրթությունից, եւս երկու բան է հարկավոր, որպեսզի շղթան փակվի՝ առողջապահությունը եւ աշխատանքը։ Այս երեք գործոնների առկայության դեպքում Հայաստանի նման գրավիչ երկիր չի լինի։

– Կներեք անհաջող ձեւակերպմանս համար, բայց ուսյալ մարդը ե՞րբ դարձյալ «մոդայիկ» կհամարվի, այսինքն՝ ըստ արժանվույն կընկալվի հասարակության կողմից:

– Ես կարծում եմ, որ ուսյալ մարդը միշտ էլ մոդայիկ է եղել, ուղղակի լինում են շրջաններ, երբ հասարակության գիտակցությունն աղավաղվում է, մարդիկ կորցնում են մեծ պատկերի զգացողությունը եւ հեռանկար չեն տեսնում, բայց դա չի նշանակում, որ կրթության արժեւորումը իսպառ կորչում է նրանցից. ուղղակի այն մղվում է ավելի խորը՝ ենթագիտակցական շերտ։ Բայց ճշմարտությունն այն է, որ այսօր արդեն երեւում է, թե տնտեսության որ սեգեմենտներն են աճում, ինչ մասնագիտությունների պահանջ կա, եւ ինչ կրթական պահանջներ կան։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ լուրջ կրթություն ունեցող եւ լուրջ գործեր կատարելու կարողություն ունեցող մարդը շատ բարձր արժեք է ձեռք բերելու հասարակության մեջ։ Եվ դա արդեն իսկ նկատելի է, քանի որ բոլոր գործատուները փնտրում են բարձր որակավորումներ ունեցող մարդկանց։ Այնպես որ, կյանքը փոխվում է եւ այն արագորեն կսրբագրի այն իրականությունը, որում կրթությունը այնքան էլ արժեւորված չէ։

– Անդրադառնալով «Այբ»-ի ամենածավալուն ծրագրին՝ «Այբ» դպրոցին, իր գործունեության հինգ տարիների ընթացքում ինչպիսի՞ ազդեցություն է այն ունեցել Հայաստանի կրթական ոլորտի վրա։

– «Այբ» դպրոցը նոր շունչ եւ նոր մտածելակերպ բերեց հայ իրականության մեջ եւ ձեւավորեց մի նոր կրթական մշակույթ հայկական կրթական դաշտում։ Եվ սա պայմանավորված էր ոչ միայն կրթական բարձր որակներով, այլեւ առավելապես մեր դպրության լավագույն ավանդները վեր հանելու եւ դրանք ժամանակակից կյանքին ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ձգտմամբ։ «Այբ»-ը նորարարական միջավայր է, որտեղ զգում ես ապագայի հասանելիությունը, եւ որը հնարավորություն է ընձեռում ձեւավորելու սերունդ, որը կարող է դառնալ այդ ապագան կերտողը եւ որի ձեռքը մի օր կհանձնենք մեր երկրի պատմության բանալիները։ Այդպիսին պետք է լինի կրթական միջավայրը. այնտեղ պետք է տեսնես ապագան կերտելու հնարավորություն։ Այս առումով դպրոցը ավանդության եւ ֆուտուրիզմի ճիշտ խառնուրդ պետք է լինի, այլապես այն չի կարող աշխատել, որովհետեւ մենք չգիտենք՝ վաղը ինչ է լինելու կամ ինչ մասնագիտություններ են լինելու, բայց գիտենք, որ այդ մասնագիտությունները, որ վաղը ծնվելու են, շատ ավելին են լինելու, քան եղած բոլոր մասնագիտությունները։ Դա նշանակում է, որ դպրոցը պետք է ընդգրկուն, համակողմանի եւ խոր կրթություն ապահովի՝ պատրաստելու ունիվերսալ եւ բարոյապես ամուր սերունդ, որը պատրաստ կլինի ապագայի մարտահրավերներին եւ կունենա պատկանելության զգացում եւ որոշակի բարոյական արժեքներ։ Այս իմաստով իր գործունեության հինգ տարիների ընթացքում «Այբ» դպրոցը որոշակի խոսք ասաց հայկական կրթության դաշտում։

– Եթե չեմ սխալվում, արդեն «Այբ» դպրոցի չորրորդ սերունդն է հրաժեշտ տվել դպրոցին։ Ովքե՞ր են ձեր շրջանավարտները։ Հայաստանի եւ ո՞ր երկրների բուհերում են նրանք սովորում:

– Մեր երեխաներն ընդունվում են աշխարհի առաջատար բուհեր, ինչպիսին են Բերկլիի համալսարանը, Կոլումբիայի համալսարանը, Չիկագոյի համալսարանը, Դալյանի տեխնոլոգիական համալսարանը եւ այլն։ Հայաստանյան բուհերից, կարող եմ նշել, որ «Այբ»-ի շրջանավարտների ամենամեծ «կուտակումը» այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում է։ Բայց մեզ ուրախացնում են ոչ միայն նրանց ուսումնական հաջողությունները, այլ նաեւ այն, որ նրանք ձեւավորվել են խիստ որոշակի արժեքների հիմքի վրա։ Նրանց մեջ կան սեր եւ մեծ նվիրում սեփական ժողովրդի, պատմության եւ մշակույթի հանդեպ, նրանց մեջ կա ապագա կերտելու եւ բարի գործ անելու վճռականություն, եւ ամենակարեւորը՝ նրանց մեջ կան ծառայասիրության ոգի եւ համագործակցության մշակույթ։ Այսպիսի բաներն են, որ մեզ ժողովուրդ են դարձնում։

– Արդյո՞ք «Այբ»-ը մի փոքրիկ կղզյակ չէ` միայն ընտրյալների (պաշտոնյաների ու ապահովված ընտանիքների զավակների) համար:

– Ասել, որ «Այբ»-ը միայն հարուստների համար է, սխալ է։ Մենք զբաղվում ենք կրթությամբ եւ հարուստների երեխաների զբաղեցման կենտրոն չենք։ Մենք ունենք կրթաթոշակային ֆոնդ, որը գոյանում է բարերարների նվիրաբերություններից, եւ բավականաչափ անկախություն՝ մեր առաքելությունը առաջ տանելու եւ մեր դպրոց ընդունելու միայն այն երեխաներին, որոնք բավարարում են մեր չափանիշներին։ Այսպիսով՝ «Այբ» ավագ դպրոց ընդունվում են միայն քննություններով, իսկ քննություն կարող են հանձնել բոլոր երեխաները՝ անկախ ծնողների ֆինանսական վիճակից։

Ավելացնեմ նաեւ, որ կարող է պատահել, որ մեր կամ բարերարների երեխաներն անգամ չկարողանան հանձնել քննությունները կամ ընդունվել, կամ էլ հեռացվեն դպրոցից՝ բավականաչափ առաջադիմություն ցույց չտալու պատճառով։ Այսօր «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 60 տոկոսը կրթաթոշակ է ստանում։ Ասեմ ավելին՝ մենք պատրաստ ենք անգամ 100 տոկոսին էլ տալ կրթաթոշակ, եթե մեր դպրոց ընդունվածների 100 տոկոսն էլ ունենա դրա կարիքը՝ անկախ ընդունելության գնահատականից։ Մեր դպրոցում իրենց երեխաների կրթության ծախսը վճարում են միայն այն ընտանիքները, որոնք վճարունակ են։ Իսկ ինչ վերաբերում է կղզի լինելուն, «Այբ»-ը ի սկզբանե ստեղծվել է իր փորձը տարածելու նպատակով։ «Այբ»-ը մեր հանրակրթության լաբորատորիան է, որտեղ փորձարկվում են համաշխարհային կրթության բոլոր առաջատար ձեռքբերումները, կատարվում են համապատասխան ճշգրտումներ, որպեսզի այդ ամենը դառնա համընդհանուր սեփականություն։ Այսօր «Այբ»-ի դպրոցներ գործում են Երեւանում եւ Դիլիջանում, բայց մոտակա տարիներին Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շնորհիվ այն ամենը, ինչ ստեղծվել է «Այբ»-ում, հասանելի կդառնա Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաներին։

– Որպես «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր` ինչպե՞ս եք գնահատում հիմնադրամի ձեռքբերումները 10-ամյակի բարձունքից:

– «Այբ» հիմնադրամի գործունեությունը բազմաբովանդակ է. այն ներառում է կրթության բոլոր կողմերը՝ դպրոց, կրթության տարածում եւ քարոզչություն, հասարակության երազանքների վրա ազդեցություն, կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն եւ այլն։ Եվ այս 10 տարիների ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամը դարձել է կրթության ոլորտում ամենակարեւոր եւ հիմնական դերակատարներից մեկը մեր երկրում։ Նախ սկսենք նրանից, որ «Այբ»-ը շարժում է, որը սկսվեց մի քանի ընկերոջից եւ հետագայում կրթության գաղափարի շուրջ միավորեց հարյուրավոր մարդկանց։ «Այբ» հիմնադրամն այդ շարժման արտահայտությունն է եւ նպատակ ունի կերտելու ուսյալ եւ գիտակից սերունդ, որը կկարողանա առաջ տանել եւ հզորացնել երկիրը։ Այդ շարժման շրջանակում այս 10 տարիներին մենք բազմաթիվ եւ բազմազան աշխատանքներ ենք իրականացրել՝ ուղղված Հայաստանի կրթական համակարգի, հատկապես՝ հանրակրթության ոլորտի բարելավմանը՝ խորացված դասընթացներ, որոնք տասնյակ հազարավոր երեխաների սրտում սովորելու կրակ վառեցին, վարպետության դասեր՝ ուսուցիչների համար, աշակերտական տարբեր մրցույթներ, լաբորատորիաներ, տարբեր կրթական ծրագրեր եւ այլն։ Այս առումով «Այբ»-ը մեծ ներդրում է ունեցել հանրակրթության ոլորտում եւ կարողացել է իրապես փոխել մարդկանց վերաբերմունքը կրթության նկատմամբ, որպեսզի նրանք ոչ թե հանդես գան որպես կրթության սպառողներ, այլ տեր կանգնեն կրթությանը եւ ծառայեն նրան։ Սա է մեր նպատակը, եւ մենք մեր օրինակով, համախմբվելով կրթության շուրջ, օրինակ ենք դարձել շատերի համար, եւ վստահ եմ, որ մենք դեռ շատ բան կփոխենք Հայաստանում, քանի որ սա դեռ սկիզբն է։

 
Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

13.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31